«Հետք».Գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու հանգամանքները պարզելու հարցով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ քրեական վարույթը կարճելու որոշումից։
Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։
Վարույթով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Փայլակ Հայրապետյանին պատկանող և Ամերիաբանկում գրավադրված գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում չարաշահումներ տեղի ունենալու, այդ գույքը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելու իրական արժեքը պարզելու, ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Նալբանդյանի, տվյալ գործով սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի, ինպես նաև Ամերիաբանկի աշխատակիցների միջև հնարավոր հանցավոր համաձայնության առկայությունը պարզելու նպատակով քննիչը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին, սակայն հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ քննիչը որոշել է կարճել քրեական վարույթը։
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ամենակարևոր հարցը՝ բանկի, կառավարչի, գործարարի հնարավոր հանցակցության դրվագն առանձնապես չի կարևորել, բավարարվել է միայն հետաքննության մարմնին հանձնարարություն տալով և պատասխան ստանալով, որ տեղեկություններ չկան։
Գործարար Փայլակ Հայրապետյանը կարճման որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետին։
Տիրայր Մուրադյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: