Լրահոս
Օրվա լրահոսը

««Հանրապետություն» կուսակցությունը կողմ է, որ ընդունվի նոր Սահմանադրություն, բայց ոչ հիմա, երբ կա թշնամական երկրի պահանջը». Գրիգոր Առաքելյան

Հուլիս 19,2024 16:39

«Հանրապետություն» կուսակցությունը կողմ է, որ ընդունվի նոր Սահմանադրություն, բայց գտնում է, որ այս փուլում նոր Սահմանադրության ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով քաղաքական իրողությունները։

Այս մասին հուլիսի 17-ին Արդարադատության նախարարությունում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում ասել էր «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված խորհրդի նոր անդամ Գրիգոր Առաքելյանը:

«Բոլորիս մոտ ձեւավորվել է կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե մասնակի սահմանադրական փոփոխություններ։ Սակայն կցանկանայի մի ընդգծում անել, ե՞րբ է այդ Սահմանադրությունը մեզ հարկավոր։ Ոչ միայն ես, այլ նաեւ այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, գտնում ենք, որ ամբողջական սահմանադրական փոփոխություններն այս պահի դրությամբ նպատակահարմար չեն, քանի որ հանրային լայն զանգվածները դա կարող են դա ճիշտ չընկալել՝ հաշվի առնելով մեր թշնամական երկրի կողմից ձեւավորված օրակարգը։

Կցանկանայի, որ նոր Սահմանադրության ընդունման ժամկետի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ լինի, որովհետեւ մենք եւս համակարծիք ենք, որ մեր երկրին պետք է նոր Սահմանադրություն, որը կարտահայտի մեր ժողովրդի լեգիտիմ կամարտահայտությունը, սակայն այս քաղաքական իրողությունների ներքո նոր Սահմանադրության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար»,- խորհրդի նիստում ասել էր նա։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել էր, որ վարչապետի որոշմամբ նոր Սահմանադրության ընդունման ժամկետը 2026 թվականի դեկտեմբերն է։ Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյան էլ ասել էր, որ նոր Սահմանադրության ընդունման համար 2.5-3 տարի ժամկետի մասին է խոսքը։ «Եվ դա ամենասեղմ ժամկետն է։ Եթե մենք 2027-2028 թվականին կարողանանք նոր Սահմանադրություն ընդունենք, դա ժամկետային առումով կլինի հաջողություն»,-հավելել էր Իոաննիսյանը։

«Առավոտի» հարցին ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության անդամ Գրիգոր Առաքելյանն ասաց, որ առայժմ ձեռնպահ են մնում խոսել սահմանադրական փոփոխությունների բովանդակային հարցերի մասին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031