Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ավելի մեծ զիջումների ակնկալիք ունի, առավել եւս, որ ԱՄՆ-ից հստակ կարծիք հնչեց, որ կողմերից պահանջվում են ցավոտ փոխզիջումներ»

Հուլիս 19,2024 13:30

«Կոնկրետ ինչ է տեղի ունեցել Լոնդոնում, դժվար է ասել, բայց հասկանալի է, որ բանակցային գործընթացը տեղապտույտ է տալիս, զարգացում չկա»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում ունենալ ՄԹ-ում, բայց ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։

Արմեն Բաղդասարյան

Ըստ Բաղդասարյանի՝ այն, որ բանակցային գործընթացում նոր զարգացումներ չկան, պարզ դարձավ նաեւ այն բանից հետո, երբ սահմանազատման հարցով մինչեւ հուլիսի մեկը նախատեսվող փաստաթուղթը չստորագրվեց։

«Հասկանալի է, որ ինչ-որ բան այն չէ, ըստ երեւույթին՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում։ Եվ հիմա փորձում է որպես ապակառուցողական կողմ ներկայացնել հայկական կողմին։ Ամեն դեպքում Ադրբեջանը փորձելու է քարոզչական դաշտում նույնպես շարունակել ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ դեռ ավելի մեծ զիջումներ ակնկալելով։ Առավել եւս, որ Միացյալ նահանգներից շատ հստակ կարծիք հնչեց, որ կողմերից պահանջվում են ցավոտ փոխզիջումներ։ Բայց հասկանալի է, որ առավելապես հայկական կողմի զիջումների մասին է խոսքը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Այսքան զիջումներից հետո ի՞նչ նոր զիջումների կարող է գնալ հայկական կողմը, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հայաստանից հիմնական պահանջը Միջին միջանցքի բացումն է, Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղիների բացումն առանց ռուսական վերահսկողության։ Մեծ հաշվով Հայաստանը դեմ չէ դրան, բայց քանի որ Ադրբեջանը պնդում է, որ դա պիտի լինի արտատարածքային միջանցք, այսինքն՝ նաեւ հայկական կողմի վերահսկողության տակ չպետք է լինի, ես կարծում եմ՝ հիմնական խնդիրն այդտեղ է, որ համաձայնության չեն գալիս։ Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ դա պետք է լինի բացառապես Հայաստանի սուվերենության ներքո, բայց հնարավոր է, որ բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները վերահսկի ինչ-որ միջազգային կազմակերպություն։ Ադրբեջանը, իմ տպավորությամբ, դա քիչ է համարում եւ գտնում է, որ դա պետք է լինի ոչ թե անխոչընդոտ հաղորդակցություն, այլեւս Հայաստանն ընդհանրապես չպետք է կապ ունենա դրա հետ, այսինքն՝ պետք է լինի արտատարածքային միջանցք»։

Ըստ Բաղդասարյանի՝ Արեւմուտքի, մասնավորապես, ԱՄՆ համար մեծ տարբերություն չկա, թե ում վերահսկողության տակ կլինեն հաղորդակցության ուղիները։ Իրենց նպատակն այն է, որ միայն թե Ռուսաստանի վերահսկողության տակ չլինի։ «Դրա համար էլ իրենք ճնշումներ են գործադրում առավելապես հայկական կողմի վրա, գուցե որոշ չափով նաեւ ադրբեջանական կողմի վրա, որ համաձայնության գան, եւ այդ միջանցքը շուտափույթ բացվի։ Դրա արդյունքում էլ Ռուսաստանը մեծ հավանականությամբ վերջնականապես դուրս կմղվի մեր տարածաշրջանից գոնե կոմունիկացիոն հաղորդակցությունների վերահսկման առումով»,- հավելեց նա։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն չկա, կարող է խոսք լինել ինչ-որ շրջանակային համաձայնագրի կամ նախաստորագրման մասին, ինչի մասին խոսում են Ադրբեջանում։

«Բայց վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին այս պահին խոսք չկա եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ադրբեջանին դա ընդհանրապես պետք չէ։ Նրանք շատ լուրջ նախապայմաններ են առաջ քաշում, եւ չեմ կասկածում, որ կշարունակեն նոր պայմաններ առաջ քաշել։ Դա նշանակում է, որ իրենց այդ համաձայնագիրը մեծ հաշվով պետք չէ, որովհետեւ նրանք բանակցային գործընթացն օգտագործում են ոչ թե խաղաղության հասնելու համար, այլ այդ ընթացքում Հայաստանից նորանոր զիջումներ պոկելու համար։ Դրանից հետո հարց է՝ եթե անգամ համաձայնագիրը ստորագրեն, արդյոք դա կբերի խաղաղության, թե՞ նոր պատերազմի»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031