Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն հանձնաժողովը, որ նախապատվությունը տվել է մեր դասագրքին, լուծարել են. Սերոբ Խաչատրյան

Հուլիս 19,2024 12:43

«Հուլիսի 2-ից սկսած, շուրջ 18 օր անընդհատ բողոքարկումների մեջ ենք, ու քանի որ հանդիպեցինք պատի, որոշեցինք ավելի հանրային խոսել»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի «Տիգրան Մեծ» հրատարակչությունից առաջարկ էին ստացել խումբ ստեղծելու եւ մասնակցելու 8-րդ դասարանի Հասարակագիտության դասագրքի մրցույթին: «Այդ խմբում, բացի ինձանից՝ ընդգրկված են նաեւ ԵՊՀ իրավագիտության դասախոս, փաստաբան Արսեն Թավադյանը, որը շատ ճկուն մտածող, առաջադեմ մասնագետ է, մեր դասագրքի մասնագիտական խմբագիրը Հայաստան Գրիգորյանն է, որն իմ կարծիքով՝ դպրոցական հասարակագիտության լավագույն մասնագետներից է, ունի տեքստերի հետ աշխատելու բացառիկ կարողություն: Մեզ մեթոդական հարցերով աջակցել է մեկ այլ փորձառու մասնագետ, հասարակագետ, «Տիգրան Մեծ» հրատարակչության հետ աշխատող Հասմիկ Մարգարյանը: Մենք ունեինք բավական լավ թիմ եւ լրջորեն պատրաստվել էինք այս մրցույթին…

Գիտեք, որ անցյալ տարվա մրցույթը բավական խնդրահարույց էր, որովհետեւ հիմնականում ընդգրկվում էին ուսուցիչներ, որոնք ընտրության դահլիճից սելֆիներ էին անում, ինչն անլուրջ էր: Այս տարի որոշվեց, որ պրոցեսը պետք է տալ բուհերին, ԳԱԱ-ին եւ մնացած այլ գիտական հաստատություններին»,-տեղեկացրեց փորձագետը:

Նա նաեւ ներկայացրեց մրցույթի անցկացման պայմանները, չափանիշները, խոսեց իրենց մասնագիտական խմբի դասագրքի մերժման պատճառներից: Սերոբ Խաչատրյանի խոսքով, յուրաքանչյուր առարկայից առավելագույնը կարող է հաղթել երկու դասագիրք, իսկ եթե երրորդ, չորրորդ դասագրքերն անցողիկ շեմը հաղթահարում են, կարող են հրատարակիչների ֆինանսական միջոցներով տպագրվել որպես ուսումնաօժանդակ գրականություն եւ մտնել դպրոց, սակայն պետությունը, որպես դասագիրք առավելագույնը ֆինանսավորում է երկու գիրք:

«Մեր պարագայում կա երեք դիմորդ, այսինքն՝ պարզ էր, որ մեզանից առնվազն մեկը չպետք է անցներ, ունեինք մրցակցային իրավիճակ: Նշեմ, որ մեզ գիրք գրելու համար տրամադրվեց ընդամենը վեց ամիս ժամանակ: Ապրիլի 5-ից մինչեւ հուլիսի 1-ը տեւել է գնահատումը, երեք ամիս դասագիրքը գնահատման մեջ էր: Մենք տեղեկացանք, որ խնդիրներ են առաջացել, եւ ստեղծվել է կրկնակի փորձաքննություն իրականացնող հանձնաժողով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մասնագիտական առաջին հանձնաժողովը նախապատվությունը տվել է մեր դասագրքին, որից հետո այդ հանձնաժողովը լուծարվել է հետեւյալ պատճառաբանությամբ, որ հանձնաժողովի անդամները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը, հետեւաբար նրանց գնահատումը համարվել է սխալ ու անվավեր: Մենք նայում ենք՝ որտե՞ղ է այն հիմքը, որ կարելի է սխալ սանդղակ օգտագործելու դեպքում լուծարել հանձնաժողովը…Չկա այդպիսի հիմք:

Իսկ կրկնակի փորձաքննություն կարող է նշանակվել այն դեպքում, երբ կա բողոք, բայց, քանի որ դասագրքի արդյունքները չեն հրապարակվել, մենք տեղյակ չենք եղել՝ ով պետք է բողոքեր: Ինչպես արդեն նշել էի, մեզ տեղեկություններ են հասել, որ մասնագիտական առաջին հանձնաժողովը երեք դասագրքերից նախապատվությունը մերին է տվել: Խնդրում ենք ԿԳՄՍ նախարարությանը հրապարակել առաջին հանձնաժողովի եզրակացությունը: Իսկ եթե մեզ հասած տեղեկությունը սխալ լինի, պատրաստ ենք ներողություն խնդրել»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031