Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։
«Նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին. բնական է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է այլ երկրի ագրեսիայի ենթարկվել», – Մակրոնի խոսքերն է մեջբերել դեսպան Դըկոտինյին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Մակրոնի՝ հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ հայտարարություններին։
Հաջիզադեն կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող, կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու փորձի ևս մեկ վառ օրինակ է։
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ Բաքվի ցանկացած քայլ, այդ թվում՝ սեփական ռազմական ներուժի հզորացումը, ուղղված է եղել և ուղղված է «արդար նպատակի»։
Ըստ Հաջիզադեի՝ Փարիզի ջանքերը չեն ծառայում խաղաղությանը և որևէ արդյունք չեն տա: