Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք, կառավարությունն ասում է՝ թույլ ենք, պիտի թելադրանքն ընդունենք, մենք չենք ընդունում». «Ազգ»

Հուլիս 19,2024 12:12

Գերմանական «Դոյչլանֆունկը» (Deutschlandfunk Kultur) հուլիսի 17-ի երեկոյան «Հայաստան եւ Ադրբեջան. ո՞ւմ են պատկանում գյուղերը» վերնագրյալ 23 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդում եթերասփռեց՝ հետեւյալ նախաբանով՝ «Հազարավոր մարդիկ պահանջում են Հայաստանի վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Բողոքավորները դեմ են Ադրբեջանին 4 գյուղերը հանձնելուն: Հայերը վախենում են, որ դրանով իրենց անվտանգությանն են հարվածում»: Մարգարետտե Վոհլանի (Margarete Wohlan) հաղորդումը կարելի է բաժանել երեք մասի՝ առաջինը հայացք է Հայաստանին՝ Հայաստանից եւ Գերմանիայից, երկրորդը 2023-ին Ադրբեջան եւ ԼՂ այցելած լրագրող Թոբիաս Դամմերսի (Tobias Dammers) տպավորություններն են, իսկ երրորդը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությունն է: «Այս հակամարտության շահառուները երեքն են՝ ՌԴ-ն, Թուրքիան եւ Արեւմուտքը՝ ԵՄ եւ ԱՄՆ-ն» , ծանուցում է հաղորդման հեղինակը եւ դրա մասին զրուցում Մոսկվայի թղթակից Ֆլորիան Քելլերմաննի (Florian Kellermann) հետ: Մի մեջբերում Քելլերմանի խոսքից՝ «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, անցյալ տարի ԼՂ-ում տեղի ունեցած հստակ երեւույթը՝ էթնիկ զտումը չեն տեսնում, Բաքվին որեւէ բան չեն ասել, ճնշում չեն գործադրել»…

Լրագրող Լուիզե Գլումի (Luise Glum) ռադիոռեպորտաժն անդրադարձավ Հայաստանում Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած ընդդիմադիր պայքարին: Հանրահավաքի մասնակից Սուսաննայի կարծիքով, նման իրավիճակում Փաշինյանը խելամիտ բանակցություն չի կարող վարել: «Ասում է խաղաղության շուրջ բանակցություններ… անմտություն է: Ինչպե՞ս կարող է խաղաղության շուրջ մեկի հետ պայման կնքել, որն ուզում է քո վրա հարձակվել, քեզ, քո երեխաներին ու կանանց ոչնչացնել, քո մշակութային ժառանգությունը»: Սուսաննան քաղաքական այլ խմբի՝ Ազգային ժողովրդավարական ալիանսին է հարում, որը միացել է Գալստանյանին: Շատերն են Հայաստանում քաղաքականության հանդեպ վստահությունը կորցրել, եւ հոգեւորականը կարող է միավորել բոլորին, կարծիք է հայտնում Սուսաննան, եւ նշում, որ Գալստանյանին վարչապետի պաշտոնում չի պատկերացնում: Հուսամ՝ նա դա չի անի, չենք կարող կրոնական երկիր դառնալ», ասում է Սուսաննան:

Սրճարանում նստած տղամարդկանցից Բորիսի կարծիքով, «ամեն բան կանխորոշված է, Ռուսաստանն էլ սատարում է շարժմանը, այն, ինչ կատարվում է, թատրոն է, դրանով շեղում են իրականությունից»: Երեւանի «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» կենտրոնի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, վերջին պնդումը դավադրապաշտական է: Ռուսաստանը Հայաստանում իր առաջնահերթություններն ունի: Վերջին 2 տարիներին նկատվում է ՌԴ-ի ռեսուրսների, ուշադրության նվազում: Գրիգորյանի կարծիքով, Գալստանյան արքեպիսկոպոսը բնակիչների լեգիտիմ մտահոգություններն է արտահայտում: Հարցումները վկայում են, որ ՀՀ բնակիչները կառավարության գլխավոր թերացումն են համարում անվտանգության ապահովման խնդիրը: Գալստանյանին ուղղված քննադատելին հետեւյալն է՝ նա իրատեսական այլընտրանք չի առաջարկում: Եւ Գրիգորյանի կարծիքով, նա Փաշինյանից ավելի պոպուլիստ է:

Հանրահավաքի մասնակիցներից մեկի կարծիքով, ժողովուրդը կարող է փոփոխության դերակատար լինել նույնիսկ այս՝ անելանելի թվացող վիճակում: «Մենք թույլ չենք, կառավարությունն ասում է՝ թույլ ենք, պիտի թելադրանքն ընդունենք, մենք չենք ընդունում եւ պայքարելու ենք: Նա, ով այստեղ է, պատրաստ է պայքարելու»: Ռադիոհաղորդավարը փոխանցում է, որ հավաքվածներն աղոթում են, սրբազան պայքարի, հայի ոգու, լույսի հաղթանակի մասին հաղորդում՝ հիշատակելով Սուսաննայի բառերը՝ չենք կարող կրոնապետություն դառնալ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031