Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը պահանջում է հայագիտության գործառույթների հզորացում. մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Հուլիս 19,2024 11:39

«Հայագիտական միջազգային կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության միջազգային խթանման հարթակ, որտեղ բարձրաձայնած հարցերը եւ ձեակերպած օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում գիտության եւ կրթության ոլորտներում՝ պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմինների համար»,- Մատենադարանում Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման ժամանակ նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:

«Չափազանց կարեւոր է գիտակցել յուրաքանչյուր մասնակցի հավասարազորության եւ ակադեմիական ազատության սկզբունքը: Կոնգրեսը նպատակ ունի ապահովել փոխադարձ իրազեկվածությունն ինչպես պետություն-գիտական հանրություն հարաբերություններում, այնպես էլ բուն գիտական հանրության ներսում, փոխադարձ իրազեկվածության բարձրացմամբ նպաստել դրամաշնորհային ծրագրերի մասնակցայնության աստիճանին եւ իրականացման արդյունավետությանը, հայ եւ օտարազգի շրջանակների ընդգրկմամբ դիտարկել նոր դրամաշնորհային ծրագրերի ստեղծման հնարավորությունները, ձեւավորել նոր միջավայր՝ հայագիտական, միջնադարագիտական համատեղ ուսումնասիրությունների եւ հրապարակումների համար, նպաստել հայագիտական նոր կադրերի պատրաստմանը, մեծացնել գիտության եւ բարձրագույն կրթության ծրագրերում միջազգային գիտական հանրության ներգրավվածությունը»,-ի թիվս այլնի՝ նշեց Արա Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 3 վաստակաշատ հայագետներ՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր Մայքլ Սթոունը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ, Ժնևի համալսարանի գրականության ֆակուլտետի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալցոնարին եւ ԱՄՆ Թավթս համալսարանի պրոֆեսոր Քրիստիննա Մարանջին կպարգեւատրվեն ՀՀ բարձրագույն պարգեւներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման խնդիրները հատկապես հոգեւոր-մշակութային իմաստով դառնում են անվտանգության, այդ թվում նաեւ՝ տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Նախարարի ձեւակերպմամբ՝ իրավիճակը պահանջում է հայագիտության գործառույթների հզորացում, որի արդյունքում հայագիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների ձեռքբերումները կարող են կիրառվել ամենատարբեր, այդ թվում՝ միջազգային տեղեկատվական հարթակներում:

Հիշեցնենք, որ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որ մեկնարկել է հուլիսի 19-ից, կտեւի մինչեւ հուլիսի 22-ը: Այն կանցկացվի ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, այլեւ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Կոնգրեսին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031