Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. «Ռոսսելխոզնադզորի»-ի այս արգելքը գյուղացիական տնտեսության համար մեծ գլխացավանք է դառնալու. «Հրապարակ»

Հուլիս 19,2024 11:28

Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին, որտեղ տեղեկացրել է, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն: Պաշտոնական բացատրությունն այն է, որ, ապրիլից սկսած, հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել: Բայց պարզ է, որ սա բացառապես քաղաքական որոշում է՝ պայմանավորված Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ: Նամակն ուղարկվել է հուլիսի 4-ին` «Ռոսսելխոզնադզորի» նախագահի տեղակալ Կարմազինի ստորագրությամբ: 18 էջանոց նամակին կից ներկայացված է այն մատակարար ընկերությունների ցանկը, որոնց ապրանքն արգելվում է մատակարարել Ռուսաստան:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով թեմային, նշեց. «Առհասարակ, այս պահին չկա հստակ տեղեկություն, թե կոնկրետ որ պտուղ-բանջարեղեններին է վերաբերում այս արգելքը: Սա շատ կարեւոր հանգամանք է՝ հաշվի առնելով ռիսկերի չափի գնահատումը: Հայաստանի համար առհասարակ Ռուսաստանը հիմնական արտահանման երկիրն է` պտուղ-բանջարեղենների մասով: Եվրոպա, ԱՄՆ, դրանց շուկաները մեզ համար փակ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չենք կարողանում համապատասխան ստանդարտների պտուղ-բանջարեղեն արտահանել, սկսած ջրի որակից, վերջացրած ապրանքների ու պարարտանյութերի ստանդարտներով, որոնք չեն համապատասխանում արեւմտյան չափորոշիչներին: Հայաստանից ներկրվող ապրանքների շուկան մնում են միայն Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները: Օրինակ` 2022 թվականին մեծ արտահանում է արձանագրվել դեպի Ռուսաստանի Դաշնություն․ 35 հազար տոննա ծիրան, 49 հազար տոննա կարտոֆիլ, 15 հազար տոննա դեղձ, 25 հազար՝ բալ, կեռաս եւ այլ մրգեր, բայց 2023 թվականն էլ արտահանման տեսանկյունից վատ տարի էր, քանի որ մայիս-հունիս ամիսներին փակվեց Վերին Լարսի անցակետը, եւ մեր արտահանողների ապրանքները մնացին ճանապարհին, փչացան, արդյունքում չարտահանվեցին: Նախորդ տարի այդ պատճառով ծիրանի գինը կտրուկ նվազել էր, սակայն այս տարի հակառակ պատկերն ունեցանք․ նախորդ տարվա համեմատ միրգ-բանջարեղենի արտահանման կրկնակի աճ ենք ունեցել։ Եթե այս տեմպը պահպանվեր, գյուղացիական տնտեսությունը կարող էր անգամ փակել նախորդ տարվա վնասները, բայց, ցավոք, եթե շուկան փակվի, որը հայ գյուղացու համար թիվ մեկ շուկան է: Շուտով դեղձի, խաղողի արտահանման ժամանակն է, այնպես որ՝ այս արգելքը գյուղացիական տնտեսության համար մեծ գլխացավանք է դառնալու: Եթե գյուղացու գործերը վատանան, ստացվում է, որ մեր բնակչության մեկ երրորդի մոտ սոցիալական խնդիրներ կարող են առաջանալ, ինչը խիստ մտահոգիչ է, որովհետեւ աղքատության ամենամեծ ցուցանիշը գյուղական համայնքներում է: Այս ամենի կարգավորումը կախված է հայ-ռուսական քաղաքական, դիվանագիտական հարաբերություններից: Ռուսական կողմը մի քանի անգամ զգուշացրել է Հայաստանին, որ մի շարք ապրանքների մասով կան խնդիրներ, օրինակ` լոլիկի պարագայում խնդիրներ շատ են լինում: Օրինակ` իրանական լոլիկի մածուկը Հայաստան է գալիս, արտահանվում է Ռուսաստան, իսկ ռուսական կողմն այս հարցը բազմիցս բարձրացրել է: Կաթնամթերքի պարագայում էլ կար նույն խնդիրը: Իրանից կաթի սերուցք էր Հայաստան գալիս, այն դարձնում էին կարագ եւ արտահանում ՌԴ: Ռուսական կողմը խոսել է այն մասին, որ իրանական ընկերությունները ԵԱՏՄ արտահանման թույլտվություն չունեն եւ այլն, սակայն Հայաստանն աչք է փակում այդ ամենի վրա: Միրգ-բանջարեղենների խնդրի մասով նույնպես ռուսական կողմը մի քանի անգամ զգուշացրել է, սակայն հայկական կողմը պատշաճ կերպով չի արձագանքել դրան, ինչին հետեւել են այս գործողությունները: Ռուսաստանը տարիներ շարունակ աչք է փակել այդ ամենի վրա, սակայն հիմա որոշել է չլռել` գործելով ըստ կարգի»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031