«Վրձնահարվածներ»՝ Արտակ Կոստանդյանի եւ նրա ստեղծագործության մասին
Նկարիչ Արտակ Կոստանդյանը միաձուլում է սյուրռեալիստական ձեւերը վերամշակված նյութերի հետ՝ արտադրելու անսովոր եւ ինքնատիպ արվեստի գործեր: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ ինչ է իրականացրել «Կատապուլտի» շրջանակում ստացված դրամաշնորհով, ինչ նոր գաղափարներ է կյանքի կոչել: Արտակը նշեց, որ իր ստացած դրամաշնորհով կյանքի է կոչել իր ինքնատիպ մտահղացումները՝ կապված տերարիումների (տերարիումները հիմնականում սողունների եւ երկկենցաղների պահպանության համար պատրաստված արկղեր են, որոնց հատակին փռում են ավազ, հող, մանր քարեր, մամուռ, բույսեր աճեցնում- Գ.Հ.) եւ վերամշակված պլաստիկից պատրաստված զարդերի հետ: Հավելեց, որ դեռ աշխատում է զարդերի հավաքածուի վրա, ինչն իրենից շատ ժամանակ է տանում:
Ինչ վերաբերում է տերարիումներին, նշեց, որ վերջերս մասնակցել է Ket Market-ին եւ վաճառել բոլորը: Տեղեկացրեց, որ այդ նախագծի համար մամուռ էր հավաքել հատկապես Վանաձորից եւ Դիլիջանից, նաեւ բազմացրել տանը:
Կարդացեք նաև
Արտակը տեղեկացրեց, որ դրամաշնորհի մի մասն էլ ծախսել է՝ իր dreamy0psis լոգոն ստեղծելու, կպչուկների փաթեթի եւ https://readymag.website նոր կայքի ստեղծման վրա, որտեղ ներկայացված են իր պորտֆոլիոն եւ վաճառվող առարկաները: Կայքի վրա դեռ աշխատանքներ են ընթանում:
Նշենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը:
Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել, թե իր ներկայացրած ուղղությունը ինչով է յուրահատուկ: «Իմ արտիստական պրակտիկան կենտրոնացած է տարբեր նյութերի, հյուսվածքների եւ միջավայրերի ուսումնասիրության վրա, ինչի նպատակն է ստեղծել օբյեկտների վրա հիմնված միջավայրեր եւ ուտոպիստական սցենարներ՝ ոգեշնչված բնությունից, դիցաբանությունից, անիմեից, ապագա սցենարներից եւ իմ մանկությունից: Իմ գեղարվեստական ոճը կարելի է բնորոշել որպես ֆեյք 3D, բիոֆուտուրիստական, օրգանական, հրեշտակային եւ երազանքի կոր:
Ես սիրում եմ օգտագործել վերամշակված նյութեր իմ նախագծում, քանի որ նախ՝ սիրում եմ բնությունը, զգում եմ, որ մարդկությունն արդեն արտադրել է չափազանց շատ իրեր (պլաստիկ, մետաղ եւ այլն), որոնք այժմ մնացել են չօգտագործված եւ ցրված են ամենուր, հատկապես Հայաստանում պլաստիկի ճգնաժամ է։ Ուրեմն ինչո՞ւ չտալ դրանց նոր կյանք ու նոր բովանդակություն»,-ասաց Արտակ Կոստանդյանը:
«Առավոտի» հարցին՝ իր կարծիքով այսօր ինչ առավելություններ եւ ինչ խնդիրներ ունեն երիտասարդ արվեստագետները, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց, որ Հայաստանում արվեստի շուկան բավականին փոքր է, եւ լսարանի կողմից չկա բավարար հետաքրքրություն, ուստի խնդիրը արվեստով հետաքրքրված մարդկանց թիվը մեծացնելն է: Ի թիվս այլնի, Արտակը նաեւ տեղեկացրեց իր հիմնադրած Gortsaran FM-ի մասին, որը կազմակերպում եւ հեռարձակում է երաժշտական միջոցառումներ ամբողջ Հայաստանում՝ ներկայացնելով նորահայտ տաղանդներին եւ կենտրոնանալով իրադարձությունների նոր՝ տեսողական ու գեղարվեստական կողմերի վրա: Gortsaran FM-էջեր ունի ինստագրամում եւ յութուբում:
Հետաքրքրվեցինք՝ ինչու է ներկայանում dreamy0psis կեղծանունով: Արտակ Կոստանդյանը պարզաբանեց, որ 3 տարի առաջ գնել էր dreamyopsis անունով բույս, որն իրեն շատ էր դուր եկել, այն ուներ գեղեցիկ տեսք ու հաճելի բույր. «Ինձ շատ դուր եկավ այդ անունը, քանի որ նախ սիրում էի բույսը, բացի դրանից, բույսի անվան մեջ «երազ» բառը կար: Եվ հետո իմ բոլոր նախագծերը ինչ-որ կերպ իմ երազանքներն են՝ ապագայի ու ֆանտաստիկ աշխարհների մասին, որոնք ես ուզում եմ պատկերացնել եւ ապրել: Այսպիսով՝ կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել՝ ընտրելով այդ կեղծանունը, որն այժմ օգտագործում եմ ամենուր…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարները տրամադրել է Արտակ Կոստանդյանը
«Առավոտ» օրաթերթ
19.07.2024