Իրանի ազերիախոս ու քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված ու կրթություն ստացած, ազերիների ու քրդերի հետ արյունակցական կապ ունեցող ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի քաղաքական ասպարեզում հայտնվելու պատճառով ուղղորդված վերլուծություններ են քաղաքական դաշտ նետվում, թե իբր Իրանի գործադիր իշխանության նոր ղեկավարի հաղթանակի հարցում մեծ դերակատարություն են ունեցել Իրանի քրդաբնակ ու ազերիախոս շրջաններում բնակվող իրանցի քվեարկողները:
«Թյուրքական աշխարհը» ներկայացնող երկրներում այս քարոզչական հնարքն առաջին հերթին օգտագործվում է ներքին սպառման համար: Այն ունի նաեւ արտաքին կիրառության ոլորտ:
Տարածաշրջանի հակաիրանական ուժերի կողմից Փեզեշքիանի էթնիկ ծագումը նաև կարող է թյուրքական աշխարհում հակաիրանական ուժերի կողմից օգտագործվել որպես համաթյուրքականության միավորման եւ Իրանի տրոհմանը նպաստող պանթյուրքիստական տրամադրությունների բորբոքման համար, ինչպես նաեւ ներկայացվել որպես Իրանում տիրող ազգամիջյան խնդիրների պատճառով նախագահական ընտրություններում հակառակ ճամբարից հանդես եկող պահպանողականների պարտությանը նպաստած գլխավոր գործոն:
Այս իրավիճակին առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում հատկապես Անկարան եւ Բաքուն, փորձելով թուրքախոս Փեզեշքիանի՝ Իրանի քաղաքական ասպարեզում հայտնվելու փաստն օգտագործել սեփական նպատակների համար, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «թուրանական միջանցքի» գործարկման միտումը:
Փեզեշքիանի հաղթանակով ոգեւորված՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապեց իր հրճվանքն արտահայտել հետեւյալ դիտարկումով. «Մասուդ Փեզեշքիանը թուրք է եւ Թավրիզում թուրքերենով է խոսում: Նա նաեւ Իրանի քրդաբնակ շրջաններում կարողանում է քրդերենով հաղորդակցվել: Բացի այդ, նա տիրապետում է պարսկերենին»- ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Էրդողանը նաեւ փորձել էր Փեզեշքիանին ուղղված իր շնորհավորական խոսքն ասել թուրքերենով, որի համար էլ իր պաշտոնակցին հարցրել էր, թե կարո՞ղ է նրա հետ այսուհետեւ թուրքերեն խոսել: Իսկ Փեզեշքիանն ասել էր, որ իր իմացած ադրբեջաներենը կարող է փոխադարձաբար թյուրընկալման խնդիրներ առաջացնել, ուստի գերադասում է թարգմանչի օգնությամբ պարսկերեն խոսել:
Ուշագրավն այն է, որ Էրդողան-Փեզեշքիան մեկ ժամ տեւած հեռախոսազրույցից մի քանի ժամ անց, իսլամական հանդերձանքի կանոնները չպահպանելու պատճառով, Թեհրանում Turkish Airlines-ի գրասենյակի աշխատանքները դադարեցվել են:
Նպատակաուղղված քարոզչության շնորհիվ Փեզեշքիանի հաղթանակի համար խանդավառությունն ու չհիմնավորված պաթոսը Թուրքիայում այնքան մեծ է, որ թուրք հասարակության ներկայացուցիչներն էլ շնորհավորում եմ Փեզեշքիանի հաղթանակի առիթով եւ իրենց համակրանքն արտահայտում վերջինիս թուրք լինելու համար:
Հանրաճանաչ թուրք երգիչ Մահսում Քրմզըգյուլն իր ուրախությունն է հայտնել Իրանում «ազգությամբ թուրք» նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ խոստացել Իրանի ամենամեծ մարզադաշտերից մեկում անվճար համերգ կազմակերպել, պայմանով որ նորընտիր նախագահն, իր խոստմանը համաձայն, կանանց ազատությունների համար քայլեր կձեռնարկի:
Ներքին սպառման ու վերը թվարկված մյուս նպատակներին ծառայող Փեզեշքիանի հաղթանակի կապակցությամբ Բաքվի հրճվանքի պատճառները չեն տարբերվում Անկարային ոգեւորող դրդապատճառներից:
Փեզեշքիանին շնորհավորելու նպատակով Ալիեւի հեռախոսազրույցի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ Բաքուն համաթուրանական նախագծերի իրագործման հարցում մեծ հույսեր է կապում ազերիախոս Փեզեշքիանի հետ:
Ալիեւը նույնպես փորձել է իր շնորհավորանքն արտահայտելիս խոսել մայրենի լեզվով, որին նույնպես խիստ հակադարձել է Փեզեշքիանը: Իրանական «mashreghnews» կայքի փոխանցմամբ՝ ԻԻՀ նորընտիր նախագահ Փեզեշքիանը, չարձագանքելով Իլհամ Ալիեւի թուրքերեն շնորհավորանքին, պարսկախոս թարգմանչի օգնությամբ է երկխոսության մեջ մտել, ու նման հակադարձումով, ինչպես իրանական կայքն է բնորոշում, Ալիեւի «բերանին եկել»:
Շարունակելով հեռախոսազրույցի թեման, «mashreghnews»-ը հավելում է՝ «Իրանի նորընտիր նախագահի արժանապատիվ կեցվածքին զուգընթաց՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մասին Իրանի սկզբունքային դիրքորոշումների շուրջ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները մեծ նշանակություն են ձեռք բերում»:
Պատահական չէ, որ Ալիեւը, որպես դիվանագիտական ժեստ, հրահանգել է վերաբացել զինված հարձակման հետեւանքով մեկուկես տարի առաջ փակված Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը, եւ խանդավառությամբ ընդունել Թեհրան այցելելու Փեզեշքիանի հրավերն ու փոխադարձաբար իր պաշտոնակցին հրավիրել այցելել Բաքու:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում