Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտություն կա վերստին անդրադառնալու եկեղեցի-պետություն հարաբերություններին

Հուլիս 19,2024 09:30

Սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ, կարծում եմ, անհրաժեշտություն կա վերստին անդրադառնալու եկեղեցի-պետություն հարաբերություններին։ Ինստիտուցիոնալ առումով որևէ պատճառ չկա իրար հակադրվելու համար, հակառակը, համագործակցելու շատ ասպեկտներ կան։

Իմ դիտարկմամբ, ներկա հարաբերությունների ցածրագույն մակարդակը վկայում է ՀՀ վարչապետ-Ամենայն Հայոց կաթողիկոս անձնական հարաբերությունների բացակայության մասին։ Անհնար էր, որ պարոն Փաշինյանն ու Վեհափառ հայրապետը որպես անհատներ մեկը մյուսի նկատմամբ համակրանք ունենային որպես մարդ, և եկեղեցի-պետություն հարաբերությունները լինեին այսքան լարված։ Հզոր է պետությունը, ուրեմն հզոր է Եկեղեցին ու ազգը, տկար ու պարտված է պետությունը, ուրեմն Եկեղեցին մտահոգվելու պատճառ ունի։ Սա է ընդամենը այն, ինչ տեղի է ունեցել։

Գենադի Մնացականյան

Քանի որ խոսքը վերաբերում է երկրի վարչապետի ու Ամենայն Հայոց հայրապետի անձնական հարաբերություններին, ապա ես ինձ թույլ չեմ տա ավելին ասելու, քան այն ինչ ասացի։ Շատ ուրախալի կլիներ, եթե եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվեին գոնե իշխանությունների՝ այդ վերոնշյալ եկեղեցական հոգեզմայլ արարողություններին մասնակցություն ունենալու մակարդակով։

Հույս ունենանք, որ, այնուամենայնիվ, պարոն Փաշինյանը կանդրադառնա այս հարցին։ Սա շատ կարևոր ազդակ կլինի հաշտության օրակարգը սեղանին դնելու համար։ Մեզ ներքին հաշտություն է պետք։ Իսկ եթե պետք է պայքարենք արտահերթ կամ հերթական ընտրություններում, ուրեմն պետք է պայքարենք առանց անձնական վիրավորանքների, առանց կարմիր գծեր հատելու և հակառակորդին հարգելով, ինչպես վայել է քրիստոնյաներին։

Ցավալի է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դեռ մինչև այսօր էլ իր քննադատություններում օգտագործում է հոգևորականին ոչ վայել բառապաշար։ Առանց այն էլ ասողներ շատ կան, շատ ավելի կոպիտ բառերով ու հայհոյանքներով են քննադատում վարչապետին ու հաճախ նաև իր ընտանիքին, բայց ես նրանց ոչինչ չեմ ասում, իրենց գործն է, իրենք ինչպես կարողանում են այնպես էլ քննադատում են։ Բագրատ սրբազանը պետք է անդրադառնա այս հանգամանքին ու ավելի կառուցողական լինի իր քննադատությունների մեջ, մանավանդ եթե ձեռքի հետ էլ օգտագործում է «ես որպես հոգևորական եմ ասում» արտահայտությունը։ Ամենայն հարգանքով, սրբազան հայր, բայց Դուք այլևս որպես հոգևորական չպետք է խոսեք և Ձեզ չպետք է նույնացնեք Եկեղեցու հետ։

Հոգևորականը կարող է հայտարարություններ անել, իր բողոքի ձայնը բարձրացնել նաև քաղաքական հարցերում ու մնալ հոգևորական, ինչպես որ շատերը արեցին, Մայր Աթոռն էլ պաշտոնական հայտարարություններ արեց, որոնք իշխանությունների սրտով չէին, բայց հոգևորականները մնացին հոգևորական, Եկեղեցին՝ Եկեղեցի ու կյանքը շարունակվում է, մի օր էլ կարող են հաշտվել և ես հիմա հենց այդ փափագը ունեմ, բայց Բագրատ սրբազան, հասկացեք վերջապես, Դուք քաղաքականությամբ զբաղվում եք այնպիսի դիրքերից, որը բացառում է Ձեր հոգևորական լինելու հանգամանքը։ Փողոցում այլևս գործ չկա անելու։

Երանի Վեհափառ հայրապետը կարդար այս տողերը ու որոշում կայացներ Բագրատ սրբազանին Տավուշի թեմ իր ծառայությանը ուղարկեր։ Թեև ես չեմ բացառում, որ Վեհափառ հայրապետը սրբազանին հորդորած լինի վերադառնալ հոգևոր ծառայության, բայց Բագրատ սրբազանը մերժած լինի։ Ես դա ենթադրում եմ, որովհետև մենք տեսնում ենք, որ Մայր Աթոռը որևէ կերպ չի արձագանքում կամ խառնվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին, ինչը կարծում եմ շատ տրամաբանական է Մայր Աթոռի պարագայում։

Մենք՝ որպես քաղաքացիներ, իրավունք ունենք քննադատել իշխանություններին, եթե նրանք առիթ տալիս են, իսկ առիթ նրանք տալիս են ամեն օր, նույնիսկ հանգստյան օրերին ու արձակուրդներին։ Բայց այլևս ի՞նչ կարող ենք անել, երբ ժողովուրդը ինքը ծնեց այս իշխանություններին։ Սիրելի հայրենակիցներ, ովքեր քառասունչորսօրյա Արցախյան պատերազմից հետո քվեարկել եք այս իշխանությունների օգտին՝ ներքուստ զղջացեք, ասեք այս խոսքերը․ «Նահատակ քաջեր, ներեցեք ինձ, որ ես ընտրություններին իմ քվեարկությամբ նպաստեցի այս իշխանությունների վերարտադրմանը»։ Ահա ընդամենը այս նախադասությունը ձեր մտքի մեջ ասելով, դուք, վստահ եմ, ձեզ ավելի հանգիստ կզգաք։

Իսկ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ մենք բոլորս ճիշտ քվեարկության հնարավորություն կունենանք։ Հուսով եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքական այրերն արդեն համոզվել են, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել արտահերթ ընտրություններով այս իշխանություններին հաղթելու համար։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ ինչքանո՞վ եք համոզված, որ մեր ժողովրդին հենց ձեր լպրծուն մտածողությունն է հարկավոր, ինչի հետևում քողարկված է նույն «ժողովրդի կողմից սխալ ընտրության» երեսպաշտական թեզը․․․ ընդհանրապես ոչ ոք երբևէ չհամարձակվի այլևս ժողովրդին մեղադրել սխալ ընտրության մեջ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031