Բեմական զգեստի ձեւավորում, մոդելավորում, էսքիզ, դիզայն, պատրաստում, թե՞ էլի ինչ-որ բան
Բեմում երեւացող ամենապարզ զգեստն անգամ անցնում է ստեղծման բարդ ճանապարհ: Եթե սիրողական ներկայացումներում, որոնք քիչ չեն աշխարհում, մի կերպ թույլատրելի է «մի կերպ» հարմարեցնել ձեռքի տակ եղած եւ իրար հետ մի կերպ «խոսող» զգեստներ, ապա պրոֆեսիոնալ բեմում` դրամատիկական թատրոնում, օպերայում, բալետում կամ հավաքական համերգում անընդունելի է, իսկ գործնականում անթույլատրելի է առանց նկարչի էսքիզի, առանց, ասենք, գեղարվեստական խորհրդի հաստատման, առանց ռեժիսորի կողմից ընդունելու, բեմում կիրառել նույնիսկ զգեստի այնպիսի պարզ մաս, ինչպիսին, օրինակ, գլխաշորն է կամ նույնիսկ ձեռքի թաշկինակը, որը կամ որոնք պետք է ունենան նախ նկարչի կողմից առաջարկվող էսքիզը` իր գույնով, չափով, ձեւով, գործվածքի տեսակով, բեմադրվող թեմայի ժամանակային համապատասխանությամբ կամ ճիշտ հակառակը` հատկապես անհամապատասխանությամբ: Իրարից, բնականաբար, տարբերվում են բեմարվեստի տարբեր ժանրերի ներկայացումների հագուստները, դրանց իրականացման նկարչական ձեւավորման պահանջները եւ կոնկրետ տվյալ ներկայացման բեմադրական հայեցակարգից բխող ընդունելի կամ անընդունելի մոտեցումները, որոնք ի վերջո ներկայացվում են «հանդիսատեսի դատին»: Պարզ է, որ մնջախաղը իր հագուստն ունի, Դրամատիկական թատրոնը` իր, օպերան` իր, «բալետը»` իր հագուստը եւ այնքան շատ են տարբերությունները, որ ավելի դժվար է գտնել, թե որոնք են ընդհանրությունները: Բացարձակապես այլ մոտեցում է պահանջում կինոարվեստը, որտեղ նույն «թաշկինակը» գրեթե «արքայական ինչ-որ ժամանակի» թանգարանային նմուշի իրական օրինակ պետք է լինի, քանի որ ինչ-որ կադրում պետք է երեւա «մետաքսի գործվածքի վրա ձեռագործված ոսկեզօծ նուրբ ժանյակը»:
Թատրոնի եւ կինոյի կամ, ավելի լայն ասված, բեմարվեստի եւ կինոարվեստի զգեստների ձեւավորումը, մոտեցման հայեցակարգի մշակումը, զուտ նկարչական էսքիզների ստեղծումը մի առանձին ու բարդագույն աշխատանք է, որն իրականացնում է զգեստների նկարիչ ձեւավորողը, այդ նույն էսքիզներով հագուստի կարում-պատրաստումը բացարձակապես այլ ոլորտ է, որը գործնականում չի կարող իրականացնել նույն զգեստի ձեւավորողը, մոդելավորողը կամ դիզայները, այլ դրա համար պետք են այլ որակների տիրապետող դերձակներ, մեր ժամանակներում արդեն հատուկ սարքերի ծրագրավորողներ:
Պրոֆեսիոնալ կամ մեծ թատրոններն այդ բարդագույն եւ բազմաստիճան աշխատանքներն իրականացնելու համար պարտադիր պահանջով ունեն կարի արհեստանոցներ՝ իրենց առանձին արտադրամասերով, օրինակ, առանձին` հագուստի, գլխարկի, կոշիկի, պատմական «արքայական» կոշիկներ կամ բալետային պուանտներ ինքնուրույն կարելու համար: Եվ աշխարհում հազվագյուտ են այն նկարիչ-դիզարներ-մոդելավորող-ձեւավորողները, ովքեր ունեն այնպիսի բարձր պատրաստվածություն, որ կարղ են աշխատել եւ ամենաբազմաբնույթ բեմում եւ միգուցեեւ շատ ավելի բազմաբնույթ կինոյում: Պոդիում արտի, գործվածքների ստեղծման եւ այլ ժանրերի մասին խոսքը դա այլ ոլորտի բարդագույն զրույցի բարդ թեմա է:
Այսօր կզրուցենք բեմական զգեստների ձեւավորման ոլորտում աշխարհում հազվագյուտ հանդիպող արվեստագետի` բեմարվեստի եւ կինոարվեստի բազմաժանր եւ բարձրակարգ մասնագետներից մեկի հետ:
Լուիջի Սալվատորե Բենետիի «Օթելլոն»
Երեւանի օպերային թատրոնում օրերս սկսվել են Վերդիի «Օթելլո» օպերայի բեմադրության նախապատրաստական աշխատանքները: Հիշյալ օպերան երկու բեմադրություն է ունեցել մեր թատրոնում: Առաջինը` 1942 թվականին (ռեժիսոր` Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան), երկրորդը` 1995-ին (ռեժիսոր` Տիգրան Լեւոնյան, դիրիժոր՝ Յուրի Դավթյան):
Թատրոնից մեզ տեղեկացրին, որ նոր ներկայացման համար հրավիրված են իտալացի արվեստագետներ՝ ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլին, դիրիժոր Ալեսանդրո Ռենատոն: Զգեստների նկարիչը դարձյալ իտալացի է` Լուիջի Սալվատորե Բենետին, ով հայտնի է ե՛ւ որպես ֆիլմերի, ե՛ւ դրամատիկական թատրոնի, ե՛ւ օպերային ու բալետային ներկայացումների զգեստների նկարիչ: Պարզեցինք, որ «Օթելլոն» բեմադրվելու է դասական ռեժիսուրայով:
Առաջինը Հայաստան է ժամանել զգեստների նկարիչը: Շտապեցինք նրա հետ հանդիպել; Ինչո՞ւ. մտաբերեցինք Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում բեմադրված, ավելի ճիշտ՝ վերաբեմադրված «Օթելլոն», որը մեծ աղմուկ էր հանել, գրաքննադատության ենթարկվել հենց զգեստների պատճառով, թեեւ բեմադրությունը իրականացված էր դասական ռեժիսուրայով (1996 թ. ռեժիսոր` Ջանկառլո Դել Մոնակո, 2023 թ. ռեժիսոր` Միխայիլ Սմիրնով), բեմադրության զգեստների նկարիչն է, նաեւ դեկորների` Վոլֆ Մյունցները: Վերջինիս աշխատանքից ընդամենը մեկ օրինակ ներկայացնենք. «Յագոյի կոստյումը կարծես օձի մաշկից է` վիշապի նման, որը լրացվում է գլխին` կատարով»:
Լուիջի Սալվատորե Բենետիին խնդրեցինք ներկայացնել մեր թատերասեր ընթերցողին, եթե կարելի է` առաջին քայլերից. «Դա շատ վաղուց էր: 25 տարեկան էի, հիմա` 70 եմ: Սկսեցի Լա-Սկալայում որպես դերձակի աշակերտ, միառժամանակ անց արդեն արտադրամասի ղեկավարն էի, դե երեւի շատ շնորհքով էի, ինչու ոչ` գուցեեւ տաղանդավոր (ժպտում է. Ս. Դ.), հետո ամեն դեպքում ուսում էր անհրաժեշտ. 1980-ականների սկզբներին սկսեցի ուսում առնել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, ավարտելուց հետո վերադարձա նորից Լա-Սկալա: Կհետաքրքրի ձեզ, թե ո՞ւմ մոտ եմ ուսանել: Նախ` մինչեւ օրս եմ ուսանում: Իսկ կոնկրետ այսպես ասեմ. կարելի է պատկերացնել, թե ինչ տաղանդավոր ռեժիսորների, նկարիչների, կինոռեժիսորների, երգիչների, դիրիժորների… Ընդհանրապես թատրոնի, կինոյի հետ կապված մասնագետների հետ եմ շփվել, աշխատել: Առանց չափազանցության նրանցից սովորել ու մինչեւ օրս շարունակում եմ սովորել: Գուցե Երեւանի թատրոնում էլ մի նոր բան բացահայտեմ ինձ համար: Բայց մի արվեստագետի անուն կբարձրաձայնեմ` Օդետ Նիկոլետի: Նա համարվում է Իտալիայում բոլոր ժամանակների հագուստի նկարիչ-մաեստրո:
Հիմա ձեր` երեւանյան «Օթելլոյի» մասին: Սա կլինի պատմականորեն տարբերվող բեմադրություն` դասական ռեժիսուրայով: Ձեզ կտրամադրեմ հագուստի էսքիզներ, որ ստեղծել եմ Նիկոլետիի հետ: Ներկայացրեք ձեր ընթերցողին, հետո կարծիքները կփոխանցեք ինձ: Մի բան էլ. հաճելի է, որ Երեւանում աշխատելու եմ մաեստրո Սպարվոլիի հետ, ում հետ բազմաթիվ ներկայացումներ ենք իրականացրել, այդ թվում` «Օթելլո»:
Զրույցի ընթացքում կատակով, կամ ինչու կատակով, ասաց, թե հնարավոր է, որ աշխարհի թատրոններում, որեւէ ներկայացումներում հայ երգիչներն էլ հանդես եկած լինեն իր էսքիզներով պատրաստված զգեստով: Հիշեց Գեղամ Գրիգորյանին, որի հետ, ոչ միայն թատրոնում, հիշարժան պահեր է ունեցել: Հետաքրքրությանը` եղե՞լ է դեպք, երբ ասենք՝ ֆիլմի դերասանը կամ օպերայի երգիչը, մեղմ ասած, չի հարմարվել իր ստեղծած զգեստին, դժգոհել է, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Պետք չէ հարմարավետությունը շփոթել կապրիզի հետ»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2024