Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ձախորդ «շրջադարձը» դեպի Արեւմուտք

Հուլիս 19,2024 11:00

Եվ այդ քաղաքականության անպատասխանատու քաջալերումն Արեւմուտքի կողմից

Չափազանց մտահոգիչ մի բան է տեղի ունենում Հայաստանում եւ նրա շուրջ։ Երկիրն ավելի ու ավելի է մոտենում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կործանարար, վտանգավոր եւ անհարկի դիմակայության հաջորդ թատերաբեմը դառնալուն: Հայաստանի հեղափոխական իշխանությունը Ռուսաստանից «շրջվում է» դեպի Արեւմուտք՝ ըստ ամենայնի ընտրելով մի ճանապարհ, որն ավելի վաղ հարթել էին Վրաստանի եւ Ուկրաինայի գունավոր հեղափոխությունները։ Եթե հաշվի առնենք Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը, ապա Մոսկվան դժվար թե իրադարձությունների այս զարգացմանը զուսպ հանդուրժողականությամբ վերաբերվի։ Իրավիճակն ավելի է վատթարացնում Արեւմուտքի ակնհայտ խրախուսանքը՝ Հայաստանի կուրսի փոփոխությանը, թեեւ ոչ ոք լրջորեն չի հավատում, որ Արեւմուտքը կկամենա կամ կկարողանա անել ավելին Հայաստանի համար, քան արեց Վրաստանի եւ Ուկրաինայի համար, եթե Ռուսաստանը որոշի հանել ձեռնոցները:

Անջրպետ

Մինչեւ վերջերս Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ դաշինքի շարունակականությունը թվում էր կասկածից վեր: Հաշվի առնելով որոշ հարեւանների հետ երկրի խնդիրները, նրա խոցելիությունը եւ համարժեք այլընտրանքների բացակայությունը, թվում էր, թե այդ դաշինքը պինդ է պողպատի պես: Բայց մի քանի տարի առաջ այն սկսեց ճաքեր տալ, իսկ հիմա այն կոտրվելու եզրին է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս, փաստորեն, հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՌԴ-ի գերակայությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմից։ Թեեւ երկրի արտաքին գործերի նախարարը կիսատ-պռատ փորձեր արեց հերքել նման մտադրությունների առկայությունը, Հայաստանում արդեն երկար ժամանակ է՝ խիստ տարածված են կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցությունները։ Որոշ իշխանամետ քաղաքական խմբեր քարոզարշավ են սկսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով: Ընդ որում՝ երկրի վարչապետը նույնպես վերջերս անսքող խանդավառությամբ է խոսել այդ հեռանկարի մասին։ Հաշվի առնելով ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը, դա պարզապես ժեստ չէր դեպի ԵՄ: Դա դեմարշ էր Ռուսաստանի դեմ։

Որո՞նք են իրականում այն վիճելի հարցերը, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հասցրել են այդքան ցածր կետի։ Հայերը մեղադրում են Ռուսաստանին՝ անվստահելի դաշնակից, իսկ ՀԱՊԿ-ին՝ անպետք կառույց լինելու մեջ։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանին միայնակ է թողել՝ հանձնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը, եւ, ըստ էության, դավաճանել է Հայաստանին։ Հայկական կողմը վրդովված է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց միջամտել, երբ Ադրբեջանը 2022 թվականի աշնանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա համարելով պայմանագրային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Հայերը նաեւ մեղադրում են Ռուսաստանին՝ խաղաղապահ առաքելությունը ձախողելու մեջ, քանի որ Ադրբեջանը կարողացավ 2023 թվականին շրջափակել Ղարաբաղը եւ ի վերջո ամբողջ հայ բնակչությանը դուրս մղել տարածաշրջանից սեպտեմբերին՝ իննամսյա ծանր շրջափակումից հետո։

Ռուսներն արձագանքել են այս մեղադրանքներին՝ նշելով, որ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը պաշտոնական պարտավորություններ չունեին միջամտելու, երբ պատերազմը սկսվեց Ղարաբաղում 2020 թվականին: Նրանք նաեւ հիշեցնում են, որ Ռուսաստանն առաջարկել էր փոխզիջումային կարգավորման` ինչպես իրենք են կարծում ողջամիտ նախագիծ, որը սովորաբար հիշատակվում է որպես «Լավրովի պլան» եւ որը կերաշխավորեր Ղարաբաղի նկատմամբ «դե ֆակտո» հայկական վերահսկողությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, սակայն 1994 թվականից ի վեր հայկական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձի դիմաց։ 2022 թվականի աշնանը անգործության մեղադրանքներին ի պատասխան՝ ռուսները փաստարկում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէր, ինչը կասկածելի էր դարձնում միջամտության օգտին իրավական փաստարկը։

Նրանք դժգոհում են նաեւ այն բանից, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը եւ հրավիրել է ԵՄ նմանատիպ առաքելություն՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ռուսներն այնուհետեւ մեղադրում են Հայաստանին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարած հրադադարի համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը չկատարելու մեջ, որը պարտավորեցնում էր Հայաստանին՝ ապահովել Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ցամաքային ուղի եւ որը պետք է վերահսկվեր ռուսական ԱԴԾ զորքերի կողմից։ Այս մերժումը խաթարեց Ռուսաստանի դիրքը՝ որպես հրադադարի երաշխավոր եւ բանակցություններում միջնորդ։ Դա նաեւ խանգարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բաց պահելու հարցում, քանի դեռ Հայաստանը հրաժարվում էր իրականացնել վերոհիշյալ դրույթը։ Բացի այդ, ռուսները պնդում են, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ամբողջական եւ անվիճելի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ինչը, ըստ նրանց պնդումների, Հայաստանն արել է առանց իրենց հետ խորհրդակցելու կամ նույնիսկ ծանուցելու, Ռուսաստանը չէր կարող որեւէ ձեւով խանգարել Ադրբեջանին լիակատար վերահսկողություն հաստատել Ղարաբաղի վրա:

Վերջապես, ռուսները զայրացած են այնպիսի գործողություններից, ինչպիսիք էին Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից, որը ենթադրում էր Վլադիմիր Պուտինի ձերբակալություն վերջինիս՝ Հայաստան այցելելու պարագայում, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին  մեղադրանք էր ներկայացրել ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաեւ՝ հայկական պատվիրակության այցը Բուչա, Շվեյցարիայում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ վերջին համաժողովին Հայաստանի մասնակցությունը եւ այլն:

Ախտանիշներից դեպի հիվանդություն

Գայթակղիչ է կենտրոնանալ վերը թվարկված փոխադարձ մեղադրանքների վրա եւ փորձել պարզել, թե դրանցից որն է արդարացված, եւ ով է մեղավոր երկու երկրների հարաբերությունների վատթարացման համար։ Բայց դա ժամանակի եւ էներգիայի անիմաստ վատնում կլիներ, քանի որ կոնկրետ հարցերի շուրջ վեճերը հիվանդությունը չեն: Դրանք հիվանդության ախտանիշներ են, որն ունի երեք փոխազդող հարուցիչներ՝ Փաշինյանի կառավարության ֆունդամենտալ արեւմտամետ ուղղվածությունը, այն ենթադրությունը, որ Ռուսաստանի կենտրոնացվածությունը Ուկրաինայի վրա հնարավորությունների պատուհան է բացել երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար, եւ նման վարքագծի ուժգնացող քաջալերումն Արեւմուտքի կողմից:

Ինչո՞ւ եմ ես պաթոլոգիկ անվանում Փաշինյանի եւ նրա թիմի արեւմտամետ կեցվածքը: Անշուշտ, արեւմտամետ լինելու մեջ ինքնին ոչ մի վատ բան չկա՝ իհարկե կախված նրանից, թե ինչպես է սահմանվում այդ եզրույթը: Իրականում, իր անկախության օրվանից Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության այն փիլիսոփայությանը, որը հաճախ անվանում են «կոմպլեմենտարություն» եւ որը նախատեսում էր լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արեւմուտքի հետ: Այդ հարաբերությունների բովանդակությունը, իհարկե, նույնական չէր։ Հայաստանն ու Ռուսաստանն ունեին ռազմական դաշինք, որը իր երկու հարեւանների հետ չլուծված հակամարտություններ ունեցող Հայաստանի համար անվտանգության անփոխարինելի հենասյուն էր, քանի որ Արեւմուտքը չէր կարող լինել անվտանգության այլընտրանքային երաշխավորը։ Հայաստանը, համապատասխանաբար, ձգտում էր ձեւավորել եւ պահպանել Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ եւ բարեկամական հարաբերություններ, իհարկե՝ ոչ Ռուսաստանի հետ իր դաշինքի հաշվին:

Փոքր շեղումներով այս ստատուս քվոն պահպանվեց մինչեւ 2018-ի հեղափոխությունը Հայաստանում, որի արդյունքում իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։ Նրանք «կոմպլեմենտարիզմի» երկրպագուներ չէին։ Նրանք ավելի շատ հակված էին տեսնելու այդ հարաբերությունները որպես անհամատեղելի եւ միմյանց բացառող, եւ հենց այստեղ է պաթոլոգիան: Նրանք իշխանության եկան արդեն արեւմտամետի եւ հակառուսականի համբավով՝ քննադատելով նախորդ վարչակազմին՝ Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու համար։ Նրանք չէին թաքցնում, որ Ռուսաստանը համարում են Հայաստանի դեմոկրատական եւ տնտեսական զարգացման խոչընդոտ եւ այն կոռումպացված ռեժիմի պաշտպան, որը հեղափոխությունը տապալեց։

Հեղափոխությունից հետո երկու երկրների հարաբերություններում փոխադարձ կասկածի մթնոլորտ էր տիրում։ Ռուսները Հայաստանի նոր իշխանությանը դիտարկում էին որպես հերթական «գունավոր հեղափոխականների», որոնց նրանք դիտարկում են որպես քաղաքական հետխորհրդային երկրներում` պատրաստ հարելու Արեւմուտքի ռազմավարությանը եւ թշնամաբար դիրքավորվելու Ռուսաստանի հանդեպ, իհարկե այդ նպատակը քողարկելով ազատականության եւ ժողովրդավարության հռետորաբանությամբ։  Չի կարելի ասել, որ նրանք դրա համար չունեին հիմնավոր պատճառներ: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ու իր թիմը ռուսներին կասկածում էին իրենց տապալելու եւ «նախկիններին» աջակցելու մտադրությունների մեջ: Այդուհանդերձ, լարվածությունը կառավարվում էր, քանի դեռ Փաշինյանը հարմարվում էր իր նոր կարգավիճակին, իսկ ռուսները հակված էին նրան հնարավորություն տալ։ Հեղափոխական իշխանությունը նաեւ խուսափում էր ռուսների հետ առճակատումից, քանի որ Ադրբեջանի հետ լարվածությունը մոտենում էր գագաթնակետին:

Դրամատիկ շրջադարձ տեղի ունեցավ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո, իսկ այնուհետեւ՝ Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի արդյունքում։ Փաշինյանի կառավարությունը որոշեց ձգձգել հրադադարի համաձայնագրի որոշ պայմանների կատարումը, որոնք միջնորդել եւ երաշխավորել էր Ռուսաստանը, ապա մեղադրեց Ռուսաստանին՝ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, երբ Ադրբեջանը սկսեց ճնշում գործադրել՝ փորձելով ստիպել Հայաստանին տեղից շարժվել։ Կառավարության անսքող հավանությամբ՝ մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ, փորձագետների հսկայական բանակ եւ մի քանի արբանյակային քաղաքական ուժեր սկսեցին անողոք PR արշավ՝ քարոզելու այն առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն ռուս-թուրք-ադրբեջանական դավադրություն էր՝ ընդդեմ Հայաստանի: Քարոզչությանը լծվեցին անգամ իշխանության բարձրաստիճան անդամներ։

Այս PR արշավը ծառայեց միաժամանակ երկու նպատակի. նախ՝ այն օգնեց Փաշինյանին խուսափելու իր ապշեցուցիչ անխոհեմ դիվանագիտության արդյունքում անխուսափելի դարձած պատերազմի պատասխանատվությունից։ Երկրորդ՝ հանրությանը հաջողվեց համոզել, որ Ռուսաստանը ոչ միայն չապահովեց Հայաստանի անվտանգությունը՝ ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ ավելին՝ բոլոր առումներով նրանց դաշնակիցն է։ Այս պնդումը ձեւակերպվել էր՝ հերքելու համար այն փաստարկը, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից, խոցելի կդառնա թուրքական եւ ադրբեջանական ոտնձգությունների նկատմամբ։

Ակնհայտորեն, եթե մարդկանց կարողանային համոզել, որ Ռուսաստանը Հայաստանի հակառակորդների բարեկամն է, ապա բոլոր փաստարկները՝ Ռուսաստանի հետ դաշինքից դուրս գալու եւ դեպի Արեւմուտք շրջվելու վտանգների մասին, կդառնային անհեթեթ. չէ՞ որ Ռուսաստանն արդեն իսկ թշնամի էր, ուստի ցանկացած մերձեցում Արեւմուտքի հետ կարող է միայն ուժեղացնել Հայաստանի անվտանգությունը, անկախ այն բանից, թե ինչ սահմանափակություններ կարող էին ունենալ Հայաստանի հանդեպ Արեւմուտքի ստանձնելիք պարտավորությունները:

Ուկրաինական պատերազմը հզոր խթան եղավ այս փաստարկների համար: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց արյունալի եւ երկարատեւ պատերազմի մեջ, «շրջադարձ դեպի Արեւմուտք»-ը սկսեց ավելի լավ գաղափար թվալ: Առաջին հերթին, Ռուսաստանը Ուկրաինայում մինչեւ կոկորդը խրվել էր խնդիրների մեջ, ուստի չէր պատրաստվում մրցագորգ դուրս գալ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ Հայաստանին պաշտպանելու համար: Միեւնույն ժամանակ, չէր պատրաստվում նաեւ նոր ճգնաժամի առջեւ հայտնվելու ռիսկի գնալ՝ ընկնելով Հայաստանի հետեւից՝ կասեցնելու վերջինիս դրեյֆը:

Երրորդ հարուցիչը. Հայաստանին ուղարկում են «պատրանքների ճանապարհով» (Primrose Path)

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Հայաստանին ավանդաբար վերաբերվել են որպես բարեկամ երկրի՝ նրա անկախության ողջ ընթացքում, նույնիսկ եթե հետխորհրդային երկրների մեջ Հայաստանը Բալթյան հանրապետություններից, Ուկրաինայից եւ Վրաստանից տարբերվող կատեգորիայում է գտնվել։ Վաշինգտոնում եւ եվրոպական մայրաքաղաքներում միշտ առկա է եղել այն տարրական ըմբռնումը, որ Հայաստանն ուներ որոշակի սահմանափակումներ այն առումով, թե որքան սերտ կարող են լինել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ անկախ իր նախապատվություններից: Մյուս կողմից բոլորի համար պարզ է եղել, որ Արեւմուտքը սահմանափակումներ ունի՝ որպես Հայաստանի անվտանգության այլընտրանքային երաշխավոր՝ հաշվի առնելով Հայաստանի կարիքներն ու խնդիրները, ինչպես նաեւ Արեւմուտքի համար երկրի ոչ բարձր ռազմավարական արժեքը: Ըստ այդմ, Հայաստանին Ռուսաստանի ռազմավարական ուղեծրից դուրս բերելու եւ Արեւմուտքի համար ավելի բարձր կատեգորիա տեղափոխելու համար ակտիվ եւ վճռական ջանքեր չեն գործադրվել։ Իրականում, Արեւմուտքն ու Ռուսաստանը նույնիսկ կարողանում էին համագործակցել եւ հանդես գալ ընդհանուր օրակարգով եւ ընդհանուր ճակատով որպես միջնորդներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում։

Արեւմուտքը ողջունեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ գովաբանեց Փաշինյանին՝ այն խաղաղ ճանապարհով իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական զարգացման ուղու վրա դնելու համար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ակտիվ ու բացահայտ խրախուսում չկար։ Չեղավ նաեւ դիրքորոշումների փոփոխություն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության կամ ավելի վաղ հաստատված կարգավորման պայմանների վերաբերյալ։ Արեւմուտքը հավատարիմ մնաց իր զգուշավոր դիրքորոշմանը նաեւ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները սկսեցին հասնել աննախադեպ մակարդակի։ Մի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանին քննադատող հարցազրուցավարին հիշեցրեց, որ 2020թ. աշնանը Ռուսաստանը փրկեց Ղարաբաղն ու Հայաստանը: Դրանից կարճ ժամանակ անց ամերիկացի մի դիվանագետ, որը մի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչն էր ղարաբաղյան բանակցություններում, ստիպված էր նույն կերպ սառեցնել մեկ այլ հարցազրուցավարի հակառուսական եռանդը: Ընդհանուր առմամբ, ոչինչ չէր խոսում հաստատված պրակտիկայի մեջ լուրջ փոփոխության մասին, եւ, իհարկե, բացահայտորեն չէր ողջունվում Ռուսաստանի հետ Հայաստանի գնալով տեսանելի դարձող հակամարտությունը:

Վերաբերմունքը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ ուկրաինական հակամարտությունը պատերազմի վերածվեց եւ երբ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ մրցակցության գինը մեծացավ՝ միաժամանակ ընդունելով զրոյական արդյունքով խաղի տեսք: Որոշ բաներ, որոնք նախկինում շատ երկար ժամանակ համարվում էին ոչ անհրաժեշտ եւ ողջամտության սահմանները հատող, սկսեցին թվալ ողջամիտ տարբերակներ: Դրանց թվում էր անցումը զգուշավորությունից եւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անխոհեմ պահվածքը չողջունելուց՝ դեպի  այդ վարքագիծը բացահայտորեն խրախուսելուն: Այդ փոփոխության թերեւս առաջին ազդակը ԿՀՎ-ի տնօրենի աննախադեպ այցն էր Հայաստան 2022 թվականի ամռանը: Սա Պետդեպարտամենտի պաշտոնյայի կամ Կոնգրեսի որեւէ անդամի այց չէր, որը փորձում է երախտապարտ լինել իր էթնիկ հայ ընտրողներին: Թեեւ նրա այցի նպատակի եւ հայ պաշտոնյաների հետ նրա քննարկումների թեմաների մասին մամուլի հրապարակումներն այնքան էլ շատ տեղեկատվություն չէին պարունակում, կարելի է առանց վարանելու ենթադրել, որ այդ այցը նշանակում է ամերիկյան ռազմավարական առաջնահերթություններում Հայաստանի դերի վերագնահատում։

Դրան հաջորդեց Կոնգրեսի պատվիրակության այցը՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ՝ աջակցություն հայտնելու Հայաստանին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ադրբեջանական ներխուժումից եւ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնության հասնելու պայմանագրային պարտավորությունները չկատարելուց հետո։

Նույն տարում՝ ավելի ուշ, Մեծ Բրիտանիայի MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը այցելեց Հայաստան, որը նույնպես աննախադեպ էր, եւ որը նույնպես չէր կարող ունենալ այլ բացատրություն, քան Հայաստանի հետ հարաբերությունների էական վերագնահատումը։ Փաշինյանը եւս մեկ հանդիպում ունեցավ Մուրի հետ 2024 թվականի փետրվարին Մյունխենում միջազգային համաժողովի շրջանակում։

Այս տեղաշարժերին համահունչ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտառոց հայտարարությունը, որով Մակրոնը առանց այլեւայլության մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը խրախուսելու համար՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան ադրբեջանական ներխուժումից անմիջապես հետո: Այդ հայտարարությունը խիստ քննադատության արժանացավ Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Բոլորովին վերջերս ֆրանսիացիները որոշել են Հայաստանին տրամադրել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ բաղձալի «Կեսար» հրետանային համակարգերը՝ տագնապ առաջացնելով Ադրբեջանում եւ զարմանք՝ Մոսկվայում: Եթե Արեւմուտքի մտադրությունների վերաբերյալ դեռեւս անհստակություն կար, այն ցրեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, որը վերջերս այցելեց Հայաստան։ Իր այցի ընթացքում նա հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, եւ, ի թիվս այլ բաների, պնդեց, որ Ռուսաստանը պետք է մեկուսացվի Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության ուղիների բացման նախագծից: Այդ ուղիներն, ի դեպ, իրենց հերթին կապելու են նաեւ Կենտրոնական Ասիան՝ տարածաշրջանի մյուս  երկրների հետ։ Նա նաեւ պնդեց, որ Ռուսաստանը պետք է դուրս մնա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, ինչը, ըստ էության, նշանակում է Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից։ Օ’Բրայենը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը եւ Ռուսաստանին դիմակայելու երկրի վճռականությունը եւ հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվում են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Որո՞նք են վեկտորի այսպիսի փոփոխության հետեւանքները: Հայաստանի իշխանությունը եւ զանազան արեւմտամետները, որոնք երկրի կտրուկ ռազմավարական վերակողմնորոշումը դարձրել են իրենց քաղաքական օրակարգի առանցքը, դա համարում են իրենց ջանքերի արդարացում եւ իրենց կեցվածքի ճշմարտացիության ապացույց։ Դա ամրացրել է նրանց վճռականությունը՝ շարունակելու իրենց անխոհեմ ընթացքը: Հայաստանն ակնհայտորեն գտնվում է Ռուսաստանի հետ բախման ուղու վրա, հետեւաբար նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ լիովին անպաշտպան դառնալու ճանապարհին, այն դեպքում, երբ նրանք հայկական յուրաքանչյուր զիջման պատասխանում են նոր պահանջով։ Դա նաեւ ծանր տնտեսական հետեւանքներ կունենա Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից եւ Ռուսաստանից էժան էներգակիրների ներկրումից։

Հարցն այն է, թե ինչ է անելու Արեւմուտքը, երբ այդ բախումը տեղի ունենա։ Այդ հարցի պատասխանի տարբերակներից մեկը Վրաստանի եւ Ուկրաինայի ակնհայտորեն տխուր փորձառությունները վկայակոչելն է: Իսկ պատասխանը լավագույն դեպքում «բավարարից քիչ»-ն է: Բայց կարիք չունենք անգամ այդ փորձառությունից արված էքստրապոլացիային ապավինելու: Մի քանի շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց վերցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանից, որին տրվեց այդ հարցը, թեկուզ մի փոքր ավելի ընդհանուր եւ մեղմ ձեւակերպմամբ։ Նա խոսեց հայկական բանակին շտապօգնության զրահապատ մեքենաներ տրամադրելու եւ Ղարաբաղից եկած փախստականներին անգլերեն սովորեցնելու դասընթացներ կազմակերպելու ծրագրերի մասին։

Ինչ վերաբերում է ֆրանսիացիների կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինություն վաճառելուն, ապա դա իրերի վատթարագույն դրությունն է։ Դա անհանգստության աղբյուր է դառնալու Ադրբեջանի համար ստեղծելով կանխարգելիչ հարվածի շարժառիթ` առանց Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու որեւէ պատրաստակամության կամ կարողության, եթե այդ շարժառիթը գործողության վերածվի։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում մի իրադրության պայմաններում, երբ Ռուսաստանին շարժառիթներ են տրվում Ադրբեջանի նման վարքագիծը քաջալերելու համար։ Նույն տրամաբանությունն է գործում Հայաստանի կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու պարագայում։ Դա ազդանշան է երկարաժամկետ հեռանկարում Արեւմուտքին Հայաստանի վերջնական ինտեգրման մասին, որը ռուսներն անընդունելի են համարում, մինչդեռ Արեւմուտքն ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում պաշտպանել Հայաստանը Ռուսաստանի զայրույթից: Մի խոսքով, այն, ինչ անում է Արեւմուտքը, դա Հայաստանին «պատրանքների ճանապարհի» (primrose path) վրա դնելն է, եթե փոխառենք արդեն բավականին հայտնի արտահայտությունը, որը Ջոն Միրշայմերը սիրում է օգտագործել՝ նկարագրելով, թե Արեւմուտքն ինչ է արել Ուկրաինայի հետ:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս

Լիհայի համալսարան

Նրան կարող եք հետեւել X-ում՝ @Arm_Grig

Հոդվածը հրապարակվել է ամերիկյան National Interest պարբերականում։

«Առավոտ» օրաթերթ
18.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Excellent article from Mr. Grigoryan, unsurprisingly, as he is known to be a shrewd political scientist, a sort of Armenian Mearsheimer.

    I would not use the word dzakhort in the title translation though, but rather ankhohem or anherades.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031