Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարավոր բարեկամություն»՝ թույնով ու ատելությա՞մբ

Հուլիս 19,2024 12:00

Ռուսաստանում Հայաստանն արդեն անվանում են` «տարօրինակ արհեստական կազմավորում»

Հայ-ռուսական դարավոր բարեկամության ու հարաբերությունների մեջ սեպ խրելու մեջ Արեւմուտքին մեղադրանքներ հնչեցնող ռուս պաշտոնյաները, ռուս փորձագետները, եւ ինչու չէ` ռուս հասարակությունն այդպես էլ չեն պատասխանում հարցին, իսկ ինչպե՞ս են իրենց երկրում վերաբերվում Հայաստան պետությանը, իրենց ռազմավարական դաշնակից երկրին:

Դեռեւս 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, երբ դեռ պատերազմի արդյունքներն անգամ պարզ չէին, ռուսական պետական հեռուստաեթերների թոք-շոուների ընթացքում Հայաստանի ուղղությամբ տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում, որպես պետություն նսեմացնում, իսկ ահա МГИМО-ում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կրթություն ստացած, «բարձր մակարդակի դիվանագետ» կրտսեր Ալիեւի մասին` բացառապես հիացական գնահատականներ էին հնչեցնում, գովաբանում նրա` «ճշգրիտ քայլերն ու հաշվարկները», դրանով` արդարացնելով իրենց դաշնակցի նկատմամբ պատերազմի սանձազերծումը Ադրբեջանի կողմից:

Չորս տարի է անցել, սակայն այս ընթացքում էլ ռուսական պետական-քաղաքական վերնախավը որեւէ առիթ բաց չի թողնում Հայաստանին քննադատելու համար: Առիթը, իբրեւ թե` Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն է, բայց ակնհայտ է, որ դա ընդամենը պատրվակ է, որպեսզի քողարկեն Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համակարգված, փոխշահավետ, ընդլայնվող ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, որը նրանց համար ավելի կարեւոր է, քան` երբեմնի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները ու պայմանագրային պարտավորությունները:

Մենք շրջապատված ենք երկու հարեւաններով, որոնք չեն էլ թաքցնում, որ Հայաստան պետության գոյությունն իրենց համար խնդիր է: Այստեղ, ինչպես ասում են, զարմանալու բան չկա: Սակայն պարզվում է, որ Հայաստան պետության առկայությունն արդեն խնդիր է ռուսաստանյան իշխանական քարոզիչների համար: «Սոլովյով լայվի» եթերում հաճախ հանդես եկող Սերգեյ Մարդանը վերջերս Հայաստանն անվանել է` «տարօրինակ արհեստական կազմավորում»։

Նա մատչելի լեզվով «բացատրել» է, որ Ռուսաստանը չի կարող դաշնակցային հարաբերություններ ունենալ Հայաստանի նման «տարօրինակ արհեստական կազմավորման» հետ։

Նրա խոսքով` դաշնակիցները պետք է համեմատելի լինեն, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին է «պայմանական Հայաստանը»` պետք է լինեն Ռուսաստանի արբանյակը: Նա Հայաստանը համարել է` «քաղաքական փակուղի», նշել է, որ Հայաստանը շրջապատված է «թշնամական ազգերով», եւ ընդհանրապես «այնտեղ ոչինչ չկա՝ ոչ օգտակար հանածոներ», եւ Հայաստանը «որեւէ տարանցիկ արժեք» չի ներկայացնում։ Եզրափակելով՝ Մարդանը բխեցրել է, որ որեւէ պետություն, առհասարակ, արժանի չէ Ռուսաստանին` որպես դաշնակցի։

Ինչո՞ւ են ռուսաստանցիները զարմանում ու զայրանում, երբ ԱՊՀ ու ՀԱՊԿ երկրներում համարձակվում են խոսել ռուսական լրատվամիջոցներն արգելելու անհրաժեշտության մասին: Օրինակ, «Սոլովյով լայվի» եթերում Սերգեյ Մարդանի մի քանի ելույթները Հայաստանի վերաբերյալ արդեն իսկ բավարար հիմք են, որպեսզի Հայաստանն առհասարակ արգելի ռուսական պետական քարոզչամեքենայի հետ կապ ունեցող ԶԼՄ-ների հեռարձակումը ՀՀ տարածքում:

Եվ ընդհանրապես, Սերգեյ Մարդանի, կամ Ռուսաստանում Ադրբեջանի շահերը պաշտպանող ռուս «փորձագետների» ելույթները տեղավորվո՞ւմ են հայ-ռուսական «դարավոր բարեկամության» շրջանակներում, նպաստո՞ւմ են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդմանը, թե՞ նորանոր խնդիրներ են առաջացնում այդ հարաբերություններում։

Այս թեմայով դիսկուրս, առհասարակ, գոյություն չունի Ռուսաստանում:

Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ ռուսաստանյան այդ աղբյուրներն այսօրվա պուտինյան Ռուսաստանի պետական-քաղաքական գծի աջակից են: Ավելին, այն, ինչ չեն կարող ասել ՌԴ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները` ասում են հենց այդ քարոզիչները: Այդ մեկնաբաններն ու փորձագետները բավական «գրագետ» ու անկաշկանդ ներկայացնում են այսօրվա Ռուսաստանի պետական շահը, Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթությունները, հասարակական կարծիք են ձեւավորում եւ ամրապնդում այդ կարծիքը։

Հետեւաբար, մենք ինքներս էլ պետք է հաշվի նստենք այդ փաստի հետ, համապատասխան եզրակացություններ անենք եւ դիմենք պատասխան քայլերի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031