ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 18-ին ընդունել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնող օրակարգին` հանձնաժողովի նախագահն արժեւորել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ալբանիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել առանց մուտքի արտոնագրի: Նշվել է, որ այդ հանգամանքով պայմանավորված էլ վերջին շրջանում ավելացել է Ալբանիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը:
Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն ալբանացի դիվանագետներին ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալբանիայի ԱԳՆ քաղաքական եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրենն իր իրավասությունների շրջանակում տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել: Գազմենդ Բարբուլուշին համաձայնել է, որ անհրաժեշտ է սերտացնել երկու երկրների միջխորհրդարանական կապերը:
ՀՀ Ազգային ժողով