Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական արդյունավետությունից է խոսում մի մարդ, որը համատարած շռայլություններով է ապրում»․ Էդգար Ղազարյան

Հուլիս 18,2024 22:07

«Այս մարդիկ մտածում են ոչ թե երկրի տարածքները զարգացնելու, այլ տարածքները թշնամուն հանձնելու մասին և դա անում են հենց այդ տարածքային և տեղական իշխանության ներգրավվածությամբ։ Այն, որ այս պատերազմը պլանավորված գործողությունների մի շղթա էր, դա արդեն ցույց է տալիս փաստերի արձանագրումը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում  հայտարարեց  ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:

Նա քննադատեց իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ մարզպետներ նշանակել մերձավորներին, քավոր-սանիկներին, մարզպետի որդիներին։ Այնուհետև ՀՀ տարածքները՝ ադրբեջանական համարելու՝ իշխանության որդեգրած քաղաքականության մասին ասաց․ «Կարող են գնալ Տավուշի մարզ ու ասել՝ այս տարածքները մերը չեն, հանձնում ենք թշնամուն։ Դա Հայաստանից չէ, բա՞ որտեղից է։ Եթե դա մեր վերահսկողության տարածքն է, բայց դուք ո՞ւմ տարածքն եք հանձնում։ Ասում է՝ Ադրբեջանի տարածքներն ենք հանձնում, իսկ հարց՝ ե՞րբ իմացաք, որ Ադրբեջանի տարածքն է։ Այդ գյուղում ծնվել է մարդը, մեծացել, տուն է առել, կադաստրում գրանցել, հող է առել, իր հողը մշակում է, ինքն ապրում է ՀՀ-ում, սրանք էլ գալիս են իշխանության, էլի դա ՀՀ է, հետո լինում է պատերազմ, էլի դա ՀՀ է, պատերազմից հետո անցնում է չորս տարի, Ալիևն ասում է՝ դրանք պիտի տաս ինձ, ասում է, Ադրբեջան է։ Բա ո՞նց դարձավ Ադրբեջան։ Ոչ մի միջազգային, նոր պայմանագիր չի ստորագրվել, մեր օրենսդրության մեջ ամեն ինչ նույնն է՝ նույնիսկ իշխանությունն է նույնը մնացել»։

Էդգար Ղազարյանն ահազանգեց՝ Տաթևը, Ծաղկաձորը, Ջերմուկը, որ բոլորը պետական ծրագրերով զարգանում էին, այսօր ամեն տեղ բիզնեսը կատարյալ տապալված է բոլոր տուրիստական կենտրոններում։ Նաև մտահոգություն հայտնեց՝ համատարած դպրոցներ են փակվում ու միևնույն ժամանակ շեշտեց՝ ՀՀ-ում ցանկացած դպրոց համայնքի կյանքում համայնք կազմավորող նշանակություն ունի։ Դպրոց փակելու այն պատճառաբանություններին, թե գումար են խնայում, Էդգար Ղազարյանն այսպես արձագանքեց․ «Փող են խնայում՝ ո՞ւմ համար՝ Սնուփ Դոգի՞, որ փող հավաքեն կոպեկ-կոպեկ տան Սնուպ Դոգին, որ համերգ չլինի։ Տնտեսական արդյունավետությունից է խոսում մի մարդ, որը համատարած շռայլություններով է ապրում»։

Էդգար Ղազարյանը ցավով նշեց, որ այսօր Ջերմուկ տանում են միջազգային պատվիրակություններին ցույց տալու, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները ու ասաց․ «Իրենք այսպես վարվելու են ՀՀ-ի ցանկացած կետի հետ։ Սա իրենց երկիրը չէ, մեր երկիրն է, և ինչ է պետք անել հետագայում, երբ մեր սիրելի սրբազանը կլինի վարչապետ։ Երկրի զարգացման հիմնական կողակը պետք է լինեն մարզերը։ Շինհրապարակները պետք է տեղափոխվեն մարզեր, հիմնական պետական աջակցությունը միտված պիտի լինի սահմանամերձ բնակավայրերին, ամենալավ դպրոցներն ու մանկապարտեզները պետք է լինեն ամենահեռու բնակավայրերում։ Ներդրումները հենց այդ հատվածներում պետք է կատարվեն։ Եվ դա պետք է արվի ՏԻՄ զարգացման շնորհիվ։ Ամբողջ լրահոսում սուբվենցիոն ծրագրերն են։ Ոչ մի սուբվենցիոն ծրագիր պետք չէ իրականացնել, քանի որ ծրագրի նպատակայնությունը որոշում է կառավարությունը, որոշում է տրամադրել այն համայնքներին, որտեղ ունեն իշխանություն և փող ուտելու հնարավորություն։ Այդ գումարը պետք է տալ համայնքներին՝ իրենց բյուջեով, որ համայնքի ավագանին համայնքի բնակիչների հետ որոշի՝ այդ գումարն ինչպես ծախսել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031