Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական բանակցություններ գոյություն չունեն, հետևաբար ադրբեջանցիները լրիվ իրավունք ունեն իրենց վերագրելու պատերազմի լեգիտիմության»․ Բագրատ սրբազան

Հուլիս 18,2024 20:44

«Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ իր ցանկացածն ամեն օր ստանում է։ Ի՞նչ պատճառ ունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նա պնդեց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։

Լրագրողները հիշեցրին՝ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է այն, որ Փաշինյանը մերժել է Ալիևի հետ Մեծ Բրիտանիայում հանդիպումը և հարցրին՝ այդ լուրերն իրականությանը մո՞տ են, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ես չեմ կարող մանրամասնություններ ասել։ Պատկերը շատ պարզ է՝ ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը, եթե կարելի է մեր կողմ համարել, անընդհատ թելադրվողի դերում է։ Իրական բանակցություններ գոյություն չունեն։ Ոչ մի խաղաղության միտում էլ գոյություն չունի»։

Լրագրողների հարցին՝ Փաշինյանն ինչո՞ւ չի գնացել հանդիպման, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Որովհետև անպատասխանատու է, գտել է ինչ-որ հենման կետ և դարձյալ ինչպես նախկինում բոլոր խոստումների վրա հիմնված՝ Արցախի նշաձող իջեցնելու խնդիրը հիշում եք, զանազան այլ խոստումներ ևս, որոնց վրա հիմնվում է առանց շրջահայացության, առանց միջնորդների և աջակիցների, և ուղիղ բանակցությունները կամ ուղիղ հարաբերությունները այսպիսի հետևանքների են բերում և բերում են շարունակվող պատերազմի։ Չեմ ուզում ոչինչ ասել, բայց եթե այդպես է, ինչպես Ադրբեջանը հայտարարում է, մի տեսակ լեգիտիմ իրավունք է տվել՝ ասելու, եթե այդպես է, եթե հանդիպելու պայմանավորվածությունը մերժել են, մենք մեր ձևով հիմա ինչ ուզենք, կանենք»։

Բագրատ սրբազանը պնդեց՝ իրական բանակցություններ, խոսակցություն գոյություն չունի, հետևաբար ըստ նրա՝ ադրբեջանցիները լրիվ իրավունք ունեն իրենց վերագրելու պատերազմի լեգիտիմության, ինչի մասին իրենք խոսում էին։ Իրականությունն այն է, որ բանակցություններ՝ որպես այդպիսին գոյություն չունեն և հատկապես միջնորդավորված բանակցություններ և ոչ թե ուղիղ խոսակցություններ՝ էն էլ ինչ մակարդակով՝ ասենք՝ Մհեր Գրիգորյանի մակարդակով, կամ մեկ ուրիշի մակարդակով։ Շղթա, տրամաբանություն գոյություն չունի»։

Բագրատ սրբազանը մտահոգություն ունի՝ եթե ասացին՝ Ջերմուկում այսինչ հատվածները մեզ դուր են գալիս, ի՞նչ են ասելու ՀՀ իշխանությունները, քանի որ ոչ բանակցություն կա, ոչ կանոնակարգ կա, ոչ մի բան գոյություն չունի։

Լրագրողների՝ ցավոտ զիջումների մասին հարցերին ի պատասխան էլ Բագրատ սրբազանն ասաց՝ Բերքաբերի 900 հա հողերը զիջեցի՞ն։ Նա նշեց, որ տեղեկություններ ունի՝ բերքաբերցիները ստորագրահավաք են անում, որ դիմեն ՀՀ իշխանություններին, որ խնդիրը կարգավորվի։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ «Սրբազան պայքար» էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031