Հուլիսի 18-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ալբանականը՝ ԱԳՆ Քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք առաջնային հարցեր՝ միտված երկու երկրների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ընդլայնմանը և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտմանը: Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների, խորհրդարանական դիվանագիտության, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցերին։ Սամվել Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ներկայիս օրակարգը:
ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ընդգծել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և կանխատեսելի միջավայրի հաստատման համար։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ