Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆը` Թուրքիայի մասին (հատվածներ իր հուշերից-3)

Հուլիս 18,2024 21:12

«Թուրքիան մեր դարպասն է դեպի Եվրոպա և պատժամիջոցների պայմաններում Իրանի տնտեսությունում առանցքային մեծ դեր ունի։ Թուրքիան մեր հարևանների մեջ արժեքավոր է մի քանի պատճառով․ ունի ներքին արտադրանք, մեր նավթի ու գազի կարիքն ունի, դեպի Եվրոպա մեր դարպասն է և լինելով որպես արտահանման ու ներմուծման տարանցիկ ճանապարհ՝ առանցքային մեծ դեր ունի մեզ համար։ Մեր հարևան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, կամուրջ է դեպի Եվրոպա, արդյունաբերական արտադրություն ունի, մեր նավթի ու գազի հաճախորդն է և շատ կարևոր է։

Երկրորդ․ մենք պետք է Թուրքիայի իսլամամետ ուժերի մասին ճիշտ ճանաչողություն ու վերլուծություն ունենանք։ Թուրքիայի իսլամիստները թե մեր ախոյանն են և թե մեր ընկերը։ Այս խմբին պետք է լավ ճանաչենք․  եթե հավակնում ենք ղեկավարել իսլամ աշխարհը, Թուրքիան մեր առաջին ախոյանն է։ Դա էլ պետք է գիտակցել, որ այս մրցակցությունում Թուրքիան մեզանից առավել՝ պայքարում է Սաուդական Արաբիայի դեմ, քանի որ նրանց մրցակցության հիմքը սուննի աշխարհն է, իսկ մեր ազդեցությունն ավելի շատ դիմադրության աշխարհում է։ Թուրքիան Սիրիայի պատերազմից առաջ, անշուշտ ջանում էր դիմադրության աշխարհագրությունում ևս ներկայություն լինել (Լիբանան,  Սիրիա, Իրաք)․ մենք հիմա Լիբիայում ներկայություն չենք, այլապես այդտեղ էլ մրցակիցներ կլինեինք։

Թուրքիայի իսլամիստներն ավելի շատ օսմանիզմի հակումներ ունեն․ ես դա առաջին անգամ նկատեցի Էրբաքանի կառավարման տարիներին (Թուրքիայի վարչապետը 1996 թ․-ՏԴ) և D8-ի ստեղծման ժամանակ (Իսլամական ութը երկրների միություն-ՏԴ)։ Իմ կարծիքով՝ սրանց մտքի խորքում մի տեսակ Իսլամական միասնության ցանկություն կա, որը հանգում է Օսմանական կայսրության․ նրանք այս միասնության կենտրոնում Թուրքիային են տեսնում։ Կարծում եմ Թուրքիայի լայիքները (աշխարհականները) ևս բացառությամբ Սիրիայի իրենց այս վերջին ծայրահեղությունները, դեմ չեն իսլամիստներին։ Արևմուտքը 1990-ականներին անգամ դեմ չէր, որ Թուրքիայում տիրի քաղաքական իսլամը՝ գուցե Իրանի դեմ նախընտրելով այս այլընտրանքը։ Սիրիայի պատերազմից դեռ երկու-երեք տարի առաջ, երբ Թուրքիան փորձում էր Սիրիայի քաղաքացիական շարժմանը Թաքվիրի (իսլամական ծայրահեղականության-ՏԴ) բնույթ հաղորդել, Արևմուտքի ուշադրությունն էլ արթնացավ․ բայց դրանից առաջ նրանց համար անգամ Էրբաքանի իսլամականությունն ու Ֆեթուլլահ Գյուլենն (թուրք նշանավոր վտարանդի և Էրդողանի գլխավոր ընդդիմախոս-ՏԴ) ընդունելի էին։ Գյուլենն ինքն իրեն համարում է Իրանի մշակութային ախոյան և դրա մասին հայտարարում է։

Մենք պետք է այս երկու իրավիճակները ճիշտ գնահատենք․ Թուրքիան մեր ախոյանն է ու նաև մեր ախոյանի ախոյանը, բայց նաև մեր ընկերն է։ Եթե Թուրքիայի իսլամականությունը ճիշտ հունավորվի, դա Իրանի դեմ չէ․ մեզ ավելի օգտակար է Թուրքիայի իսլամականությունը քան պանթուրքիզմը, որը նաև իսլամականության մրցակիցն է։ Էրդողանը վերջին տարիներին կորցրեց հասարակության իրեն հավատարիմ մի հատվածի քվեն և դիմեց պանթուրքիստ ծայրահեղ կուսակցության օգնության՝ կորցնելով ուրույն իսլամիստների հենակը։  Պանթուրքիստական և իսլամականության առաջնահերթություններն ու կարգախոսները հակոտնյա են․  պանթուրքիստները հիմնվում են թուրքական աշխարհի վրա, իսկ պանիսլամիստները կենտրոնանում են իսլամական աշխարհի վրա։ Հենց այս պատճառով այն օրվանից, որ Էրդողանը միացել է Բաղչելիի հետ (թուրք աջ ծայրահեղական քաղաքական գործիչ-ՏԴ), աստիճանաբար կորցնում է իր բարեկամներին։ Էրդողանի խիստ մրցակցությունը Ղլիչդար օղլու հետ (Թուրքիայի նախագահական վերջին ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը-ՏԴ), ևս մեկ փաստ է, որ Էրդողանն ունի մարտահրավերներ և թեկուզ վերջին ընտրություններում նրան դժվարությամբ հաղթեց, բայց մնում է նրա քաղաքական հորիզոնի խոչընդոտը։

Եթե մեր քաղաքականությունը ճշգրիտ և մանրազնին լինի, Թուրքիայի հետ կարող ենք միշտ լավ հարաբերություն ունենալ․ Իրանում շատ են ջանում, որ Թուրքիային ներկայացնեն որպես Սիոնիզմի գործակալ, սա ճիշտ մոտեցում չէ։ Գուցե  իսրայելցիները նախընտրեն իսլամական աշխարհը հակվի դեպի Թուրքիա, քան թե Իրան, բայց եթե նրանք կարողանան, իսլամական աշխարհը կհունավորեն դեպի Սաուդական Արաբիա։ Նրանք անպայման կնախընտրեն իսլամական աշխարհը դեպի Ս․ Արաբի գնա, քան թե Էրդողանի և իր կուսակցության ղեկավարած Թուրքիա։

 

․․․

Իմ նախարարության առանցքային դեպքերից էր նաև Թուրքիայի հեղաշրջումը։ Մենք ունեինք երկու կարևոր մտահոգություն․ առաջինը, որ Իրանը չպետք է հանդուրժի, որ իր հարևանության մեջ որևէ իշխանություն հեղաշրջմամբ տապալվի և երկրորդ՝ մենք այդ երկրում մեծ շահեր ունենք։ Թուրքիայում հազարավոր իրանցիներ են բնակվում և մեր կարիքների մեծ մասն մատակարարվում է այդ երկրից․ հնարավոր չէ այրել այդ կամուրջները։ Մեզ համար կարևոր է մեր ազգային շահը, մեր հայրենակիցների և մեր սահմանների պաշտպանությունը․ այդ պատճառով էլ հեղաշրջման գիշերը դժվար գիշեր էր, պետք էր հարցերը հետևել և կառավարել վայրկյան առ վայրկյան։ Այդ գիշեր մինչև առավոտյան չեմ քնել, հինգ անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ, մեր զորակցությունն եմ հայտնել իրենց և իրավիճակից տեղեկություններ եմ ստացել։

Մեր դիրքորոշումը հեղաշրջման ժամանակ երկու մասից էր բաղկացած․ հարգել ժողովրդի կարծիքը, իսկ հետո օգնել Էրդողանին, որ հաղթահարի այդ դժվարությունը։ Մեր հորդորն էր, որ Էրդողանը պարբերաբար խոսի իր ժողովրդի հետ և նա շատ ճիշտ վարվեց ու իր հեռուստատեսային պատգամով ժողովրդին փողոց հրավիրեց․ դա եղավ նաև հեղաշրջման ձախողման սկիզբը։

․․․Հեղաշրջման ձախողումից հետո առաջին արտգործնախարարներից էի, որ Անկարա այցելեցի ու հանդիպեցի Էրդողանին և պաշտոնատար մյուս անձանց․ տեսա նաև խորհրդարանի ավերածությունները։ Այս այցելությունը ոչ միայն անհրաժեշտ էր մեր պաշտոնական դիվանագիտության համար, այլ նաև հաչս Թուրքիայի ժողովրդի՝ պետք էր մեր երկրի հանրային դիվանագիտության համար։

 

(Դոկտ Ջավադ Զարիֆ, «Ճկունության խիզախություն», Audacity of Resilience, էջ 260-266)

 

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031