ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցում պետական բյուջեի միջոցներով ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:
Առաջին այցը Ստեփանավանի թիվ 3 հիմնական նորակառույց դպրոց էր, որտեղ փոխնախարարը ծանոթացել է ուսհաստատության պայմաններին, գնահատել առկա վիճակը։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այցի ընթացքում քննարկվել են դպրոցն անհրաժեշտ գույքով համալրելու և ընթացիկ խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք հարցեր։ Նորակառույց դպրոց են հաճախելու շուրջ 400 աշակերտներ։
Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ պետական աջակցությամբ դպրոցին կից կառուցվել է մարզադահլիճ։ Դպրոցի տնօրենի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է մարզադահլիճի՝ գույքով համալրման և պատշաճ որակի ապահովման խնդիրը։ Դպրոցն ունի 140 աշակերտ։
Կարդացեք նաև
Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ սովորում են 670 աշակերտներ, նույնպես կառուցվում է նոր մարզադահլիճ։ Արաքսիա Սվաջյանը շրջել է դպրոցում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել դպրոցում առկա խնդիրներով։ Ծանոթանալով պայմաններին՝ փոխնախարարը քննարկել է հաստատությունը վերանորոգվող դպրոցների առաջիկա ցանկում ընդգրկելու հնարավորությունը։
Այցի շրջանակում դպրոցի մանկավարժները փոխնախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի տրամադրմանը, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և նոր դասագրքերին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ