«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
–Պարոն Խաչատրյան, իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, բայց Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո գործընթացը կանգ առավ, ադրբեջանական զորքերը դուրս չեն գալիս Հայաստանի բռնազավթված տարածքներից։ Սա ի՞նչ է նշանակում, Բաքուն այս փուլում ստացավ այն, ինչ ցանկանում էր, եւ իրականում սահմանազատման գործընթաց չկա՞։
-Այսպես կոչված սահմանազատումն իրականում սկսվել է դեռեւս 2021 թվականից, երբ ադրբեջանցիները GPS-ով եկան եւ պահանջեցին, որ հայկական ուժերը Շուռնուխում վերատեղակայվեն։ Այսինքն՝ ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքն այս իշխանություններն ապօրինաբար հանձնեցին Ադրբեջանին։ Նույնը տեղի ունեցավ նաեւ Կիրանցի հատվածում։ Բայց այս անգամ ադրբեջանցիները ոչ թե GPS-ը վկայակոչեցին, այլ ասացին՝ սա մեր տարածքն է։ Իսկ Հայաստանի իշխանությունները, որպեսզի կարողանային սեփական ժողովրդի առաջ արդարացնել այդ զիջումը, ասացին, որ քարտեզները, սեփականության վկայականները, որոնք մենք ունեինք, սխալ են։ Ինչպե՞ս բացահայտվեց, որ դա սխալ է, ինչքա՞ն է կազմում այդ սխալը, ինչպե՞ս այդ սխալը շտկվեց, որեւէ պատասխան չունենք։ Այսինքն՝ միակողմանիորեն գնացել են զիջման։ Եվ որպեսզի կարողանան դա կոծկել, ասում են՝ այնտեղ սահմանազատում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել սահմանի վերարտադրություն։ Իսկ «սահմանի վերարտադրություն» եզրույթը մարդկությանն ու բնությանը հայտնի չէ, դա իրենք հորինեցին, որպեսզի կոծկեն իրենց արածները։
Ադրբեջանն այս պահին ստացավ այն, ինչ ուզում էր եւ կանգնեցրեց այդ գործընթացը։ Այս ամենը կվերսկսվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը լրացուցիչ պահանջ կներկայացնի։ Կարծում եմ՝ դա կլինի, երբ Ադրբեջանը կորոշի, որ արդեն ժամանակն է պահանջել այսպես կոչված «անկլավները»։ Այո, սա սահմանազատման գործընթաց չէ, որովհետեւ հիշո՞ւմ եք, թե ինչ էին ասում՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, հիմա էլ ասում են՝ ընդհանրապես սահմանազատում չէր, սահմանի վերարտադրություն էր։ Ինչքա՞ն տարածք մենք կորցրեցինք, գաղտնի են պահում։
Կարդացեք նաև
–ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարեց՝ խաղաղություն հնարավոր է, բայց դա կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ եւ ծանր փոխզիջումներ: Ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ն՝ ասելով «ծանր փոխզիջում», էլ ի՞նչ պետք է զիջի Հայաստանը։
-Երբ ես կարդացի այս տեղեկությունը, ինձ մոտ այդ հարցն առաջացավ՝ լավ, էլ ի՞նչ զիջենք։ Այս իշխանությունները զիջեցին Արցախի Հանրապետության տարածքը, զիջեցին Հանրապետությունը, հիմա զիջել են արցախցիների վերադարձի իրավունքը, զիջել են տարածքներ, համաձայնել են զիջումների գնալ Սահմանադրության հարցում։ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան, պատմական Հայաստան» զառանցանքը մի նպատակ ունի՝ սահմանադրական հանրաքվե անցկացնել, փոխել Սահմանադրությունը եւ բավարարել Ադրբեջանի պահանջները։ Էլ ի՞նչ պետք է զիջենք։ Ադրբեջանը որեւէ բան չի զիջել։ Չի եղել մի բան, որ Ադրբեջանը պատերազմից հետո զիջած լիներ։ Այսինքն՝ այդ փոխզիջում ասվածն ուղղակի գեղեցիկ բառ է՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու համար։
Ադրբեջանի զիջումն այն կլինի, եթե դուրս գա Հայաստանի տարածքից, ապաշրջափակի Հայաստանի Հանրապետությունը, ազատ արձակի գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապահովի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, ապահովի ՀՀ եւ Արցախի միջեւ անխափան ցամաքային կապը, վերադառնա Արցախի հակամարտության քաղաքական բանակցություններին։ Բայց Ադրբեջանը որեւէ բան չի զիջում, հիմա թույլ կողմը Հայաստանն է, եւ զիջումները պարտադրում են Հայաստանին։
Այդ փոխզիջման մասին խոսքը մեջ ընկավ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ Ադրբեջանն այս չորս տարվա ընթացքում որեւէ բան չի զիջել, Հայաստանը մշտապես զիջում է։ Փաշինյանը պատահական ոչինչ չի ասում, նա ասաց՝ «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ»։ Այսինքն՝ 30 տարի Վարանդան գտնվել է հայկական վերահսկողության ներքո, հիմա 30 տարի ադրբեջանցիները Ջերմուկն են վերահսկողության տակ պահելու։ Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ Փաշինյանը կամ իր թիմակցիները հայտարարեն՝ հենց հիմա Ջերմուկից դուրս եկեք, այլապես մենք Կիրանցից ոչ մի միլիմետր չենք տա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ