Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստորեն, ցույց է տալիս, որ իրենց հետ, իրենց ծրագրի հետ ոչ համաձայն քաղաքացիներին հայտարարվել է ուղղակի պատերազմ»

Հուլիս 18,2024 16:55

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում, գնահատելով Փաշինյան ընտանիքի շրջագայությունները Գերմանիայում եւ Միացյալ Թագավորությունում, ասաց, որ այսպիսի ծայրահեղ, լարված եւ իրավիճակին ոչ համապատասխան դրսեւորումները միշտ ունենում են ապագան նախանշելու միտում: «Ես երեկ եմ վերադարձել  Գորիսից: Ամեն տեղ դեպի Ստեփանակերտ տանող ուղեցույցներն են: Գորիսում ապրող արցախցիներն են, որոնք ապրում են այս իրավիճակում՝ ձեռքդ մեկնես՝ հայրենիքդ է, բայց դու չես կարող այնտեղ գտնվել:

Հիմա ես մտածում եմ. ցանկացած մահկանացու, այդ թվում՝ վարչապետը, իրավունք ունեն օրենքով նախատեսված արձակուրդ գնալ, ընտանիքով վայելել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան, որի պետության մեջ ծանրագույն իրավիճակ է, պետք է ցույց տա, թե որքան երջանիկ է  եւ որքան անհոգ:

Մենք համոզվել ենք, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների, այդ թվում՝ պետական, քաղաքական, ռազմական գործունեությամբ հայտնի մարդկանց ճակատագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ նրա խմբին բացարձակ չի հուզում: Իրենք բոլորովին չեն անհանգստանում, որ մարդիկ Բաքվի բանտերում սպասում են կամ արդեն ստացել են իրենց անարդար դատավճիռները, խստագույն պայմաններում խոշտանգումների են ենթարկվում: Նրանց բացարձակ չի մտահոգում Կիրանցի բնակչությունը, որն ամեն օր սղանում է եւ ուղղակի ապրում է ահաբեկման մեջ: Հիմա էլ կիրանցիներին հերթով կանչում են ինչ-որ հարցաքննության: Այսինքն, իրապես տեղի է ունենում պետական ահաբեկչություն՝ սեփական քաղաքացիների հանդեպ:

Եվ այս իրավիճակում գտնվող պետության ղեկավարն ու նրա կինը ցույց են տալիս իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ: Իսկ վարչապետի կին լինելը որոշակի պարտավորվածություն եւ պատասխանատվություն է քաղաքացիների հանդեպ: Հիշեցնեմ նաեւ, որ նրանց կուսակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է, եւ այդ կուսակցությունը, փաստորեն, ցույց է տալիս, որ իրենց հետ, իրենց ծրագրի հետ ոչ համաձայն քաղաքացիներին հայտարարվել է ուղղակի պատերազմ:

Բավական է, որ մարդիկ արտահայտեն իրենց սահմանադրական ազատ կամքը, կարծիքը, իրենց անհամաձայնությունը՝ չապրելու ուղղակի թշնամու թիրախի տակ, նրանց կանչում են քննչական, սպառնում են, իբրեւ իրենք պետական իշխանությունը վարկաբեկում են: Այսինքն, առերեւույթ պետական հանցագործություններ կատարողները մեղադրում են քաղաքացիներին, որոնք իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանելու անհամարձակ փորձ են անում, եւ ծանրագույն մեղադրանք են ներկայացնում պետության դեմ, սահմանադրական կարգի դեմ: Այս իրավիճակում պետք էր ոչ թե հեծանիվ, այլ համապատասխան դիվանագիտություն վարել միջազգային բոլոր ատյաններում»,-ասաց տիկին Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031