Aravot.am-ը գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանից կարծիք հարցրեց Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ցանկության ու հավանականության մասին։
«Ոչ մի եվրոչինովնիկ մեզ չի սպասում Եվրամիությունում, Եվրոպայում։ Եվրոպան կամ հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներով, այս տարածքը օգտագործել են։ Մենք այնքանով ենք հետաքրքիր եղել Արևմուտքին, ինչքանով կարող ենք վնաս տալ Ռուսաստանին։ Մեր աչքի առաջ է Ուկրաինայի դառը փորձը: 2014 թվականին, երբ Ուկրաինայում տեղի ունեցավ հեղաշրջում, մարդկանց Մայդան էին հրավիրում։ Այդ ամենի նպատակներից մեկն այն էր, որ Ուկրաինան կարճ ժամանակ անց մտնի Եվրամիություն, մտա՞վ Ուկրաինան Եվրամիություն։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձա՞վ, իհարկե, չդարձավ։
Մեկ այլ օրինակ՝ Վրաստանը, այս երկրում մարդիկ տարիներով ձգտում էին դեպի Եվրոպա, ինչ-որ բարեփոխումներ էին անում, դարձա՞վ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ։ Իմիջիայլոց պիտի ասեմ, որ Սահակաշվիլու ժամանակ լրջագույն բարեփոխումներ էին տեղի ունենում Վրաստանում, և դրանք ընդունեց նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեևը, ինչքան էլ հարաբերությունները սրված լինեին։ Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանին համեմատում էին Սահակաշվիլու հետ, այդ համեմատությունը բացարձակ տեղին չէ, ճիշտ կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատել Գամսախուրդիայի հետ»,- ասում է Արթուր Համբարձումյանը։
Ըստ նրա, այս ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել, և հիմա Հայաստանի Հանրապետությունում որոշ «արկածախնդիրներ» ցանկանում են հանրաքվե անցկացնել Եվրամիություն մտնելու համար, իսկ դա առնվազն ծիծաղելի է։
Կարդացեք նաև
«Հայաստանը Եվրամիության անդամ չի եղել և չի էլ դառնա: Թուրքիան երկար ժամանակ ձգտում էր Եվրամիություն, հիշում եմ Ֆրանսիայի նախագահներից մեկի խոսքը, թե ինչո՞ւ Թուրքիան չի դառնում Եվրամիության անդամ։ Չի դառնում, որովհետև Եվրոպայում չի գտնվում, թեև Թուրքիայի արևմտյան մի հատված գտնվում է Եվրոպայում։ Առավել ևս՝ Հայաստանը: Բայց քանի որ խնդիր կա Ռուսաստանի դեմ այս տարածքում ինչ-որ գործողություններ իրականացնելու, իրենք կարող են անընդմեջ օգտագործել Եվրամիության անդամակցության հարցը»,- համոզված է Արթուր Համբարձումյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ