Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության վերադարձն Արցախ ըստ ԱՄՆ-ի. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 18,2024 14:50

ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ըզրա Զեյան 2024թ. հուլիսի 17-ին հարցազրույց է տվել hetq.am ինտերնետային օրաթերթին:

Պատասխանելով Արցախ վերադարձի պարագայում արցախահայությանը միջազգային երաշխիքների տրամադրման և Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին՝ ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ըզրա Զեյան, մասնավորաբար, ասել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ …Իմ իմացությամբ, նման հարց (Արցախ վերադարձի պարագայում արցախահայությանը միջազգային երաշխիքների տրամադրման Ս. Հ.-Ջ.) չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար:                                                        

Մենք (ԱՄՆ Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։»:

Նկատի ունենալով մեջբերումը՝ կարող ենք արձանագրել հետևյալը.

  • Արցախ վերադարձի պարագայում արցախահայությանը միջազգային երաշխիքների տրամադրման հարց այս պահին ընդգրկված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունների օրակարգում:

Փոխարենը «Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։»:

  • Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը նույնպես այս պահին ընդգրկված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունների օրակարգում:

Փոխարենը «Մենք (ԱՄՆ Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։»:

Ադրբեջանին, որ ավելի քան իննամսյա ցեղասպանական շրջափակման է ենթարկել արցախահայությանը՝ սովահարության մատնելով նրանց, որ անտեսել ու ոտնահարել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 22-ին, 2023 թվականի հուլիսի 6-ին և 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանված ժամանակավոր միջոցները, ԱՄՆ-ն հորդորում է (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար և կոչ է անում (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Հետևությունը մեկն է և աներկբա. մենք մեր հույսը պետք է դնենք միայն և բացառապես միայն մեր վրա: Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից ու այդ խնդիրները լուծենք մենք և բացառապես միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով:

Իսկ այդ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք առաջին քայլն այս պահին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնելն է:

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ Արցախի և Հայաստանի հանրապետությունների ազգային, պետական շահերի:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031