Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման համաչափության կասկած եմ տեսել եւ ուսումնասիրություն սկսել»․ ՄԻՊ

Հուլիս 18,2024 12:50

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հավաքների ժամանակ ոստիկանների գործողություններին եւ պատասխանեց հարցին, թե արդյոք իրավաչա՞փ է գնահատում ոստիկանների գործողություններն ու հատուկ միջոցների կիրառումը։

«Մենք նույնիսկ չենք սպասել, որ մեզ դիմեն: Եթե զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում, մենք պարտադիր ինքներս մեր նախաձեռնությամբ ենք ներգրավվում գործընթացների մեջ։ Ես ինքս, այո, արձանագրել եմ ուժի գործադրման դեպքեր, որոնք, իմ կարծիքով, համաչափ չեն եղել։ Անձանց կողմից ներկայացված տեղեկացտվությունը եւ իրենց այդ պահի վիճակը ինձ մոտ ձեւավորել է այնպիսի եզրահանգում, որ անձանց նկատմամբ գործադրված ուժը համաչափ չի եղել։

Ինչ վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, ես ի սկզբանե ասել եմ, որ սա առանձին քննարկման հարց պետք է լինի։ Այսինքն՝ շատ մանրամասն վերլուծության պետք է արժանանա այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի պահպանմամբ, թե՞ ոչ։ Մենք այս պահին էլ այդ ուսումնասիրությունն իրականացնում ենք։

Ինչ վերաբերում է քաղաքացիների եւ ոստիկանների կողմից քրեական վարույթների կամ իրավական պատասխանատվության ենթարկելու տարբեր հանգամանքներին, ապա ես այն պաշտոնատար անձանցից եմ, որը նույնիսկ հրապարակային է խոսել այն մասին, որ ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկան, որը ենթադրելի է, որ կարող  է կատարած լինել որեւէ տեսակի իրավախախտում, բնականաբար պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության։ Բայց այստեղ նաեւ կարեւոր է քաղաքացիների կողմից իրավաչափ վարքագիծ դրսեւորելը»,- ասաց նա։

Հարցին, թե ուղիղ դատապարտո՞ւմ է, որ ՀՀ քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակ են կիրառել, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Հատուկ միջոցների հետ կապված կասկած եմ ունեցել համաչափության հետ կապված եւ դրա համար սկսել եմ ուսումնասիրություն»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031