Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ ավելի քան 15 մլն դրամ գումարի չափով վերաբաշխում կկատարվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում։ Ինչպես կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գումարը կուղղվի թանգարանային գործունեության համար կարեւոր ցուցադրության հանրահռչակմանը։
«Խոսքը մասնավորապես այն մասին է, որ այս աշնանը մենք պլանավորում ենք Հայաստանի Պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարեւոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի եւ թանգարանների միջազգայնացման ուղղությամբ»,- նշեց Անդրեասյանը։
Նախարարն ասաց, որ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000-1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:
«Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող եւ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշների հետ համադրությամբ կցուցադրվի Հայաստանում։ Սա շատ կարեւոր իրադարձություն է, որին վստահաբար սպասում է մեր հանրությունը»,- հավելեց Ժաննա Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ