JAMnews. Հուլիսի 15-ին Հայաստանում մեկնարկեցին «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։
Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Ռուսաստանը, սակայն, պնդում է, թե ինչ խաղաղապահ նպատակների մասին էլ հայտարարի Արևմուտքը, «ակնհայտ է, որ գլխավոր խնդիրն աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ռուսական կողմից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք ներկայիս իրողությունների հետ որևէ կապ չունեն. «Հայ-ամերիկյան զորավարժությունները պետք է դիտարկել Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման տրամաբանության մեջ: Դրանք նպաստում են աշխարհում Հայաստանի քաղաքական վարկանիշի բարձրացմանը, սուբյեկտայնության ավելացմանը, ինչպես նաև հնարավորություն են տալիս մեր բանակի բարեփոխումների համատեքստում որոշակի զարգացում ապահովել:
Կարդացեք նաև
Արդեն երևում է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ հավաքական Արևմուտքը այս պահին Կովկասում իրենց ներկայությունը առավելապես ՀՀ միջոցով են տեսնում։
Բայց պետք է նշել նաև, որ իրավիճակը կարող է փոխվել: ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում։ Եվ կա մեծ հավանականություն, որ վարչակազմը կփոխվի, Թրամփը կընտրվի նախագահ։ Ինչը նշանակում է, որ կվերանայվի տարբեր տարածաշրջաններում Նահանգների քաղաքականությունը:
Սա նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ է առաջիկա 4-5 ամիսների ընթացքում հնարավոր առավելագույնը քաղել ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններից:
Անելիքներից գլխավորը կլինի Հայաստանի և ԱՄՆ միջև փաստաթղթերի ստորագրումը, եթե դա հնարավոր լինի: Այստեղ բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Դրանցից շատերը գուցե հաղթահարելի չլինեն հայկական կողմի համար: Բայց կան ոլորտներ, որտեղ կան հնարավորություններ՝ տքնաջան աշխատելու դեպքում ստանալու նման փաստաթղթեր։ Օրինակ՝ նոր ատոմակայաններ ձևավորելու իմաստով հայ-ամերիկյան միջուկային ծրագրերը:
Եթե հնարավոր լինի այդ ոլորտում փաստաթղթեր ստորագրել, անկախ նրանից՝ ով կընտրվի նախագահ, դրանք շարունակություն կունենան: Նման իրավիճակներ կան նաև ռազմական համագործակցության ոլորտում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: