Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերի սկանդալային հայտարարությունը պաշտոնական Երեւանի կողմից արդեն երրորդ օրն է՝ անարձագանք է մնում։
Իսկ պաշտոնական Վաշինգտոնը Միլլերի շուրթերով օրերս հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է «ծանր փոխզիջումներ»։
Ինչո՞ւ է Վաշինգտոնը հավասարության նշան դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե մինչ օրս միակ զիջողը եղել է Հայաստանը, վերջերս էլ Տավուշի բնակավայրերը հանձնեցին՝ խոստանալով, որ դրանով հիմք են դնելու Հայաստանի ողջ սահմանը գծելու, հետեւաբար` խաղաղ ապրելու գործընթացին, եւ եթե այս փուլում հանձնում ենք, ապա հաջորդ փուլում մեզ են վերադարձնելու մեզնից խլված հողերը։ Ընդ որում, ոչ միայն 90-ականներին խլված, այլ նաեւ՝ 2020-ից հետո:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ, Վաշինգտոնը ոչ թե հավասարության նշան է դնում, այլ եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք խոսակցականի, Հայաստանից պահանջում է` կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես` Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի տեսքով, որի վերաբերյալ ԱՄՆ-ն քանիցս հստակ դիրքորոշում է հայտնել, իսկ Միլլերի հայտարարությունից առաջ էլ Էրդողանը խոսեց այդ մասին։
Զոլյանը հատուկ հիշեցնում է Տավուշում սահմանազատման անվան տակ հանձնման գործընթացից խանդավառվածներին, որոնք հավատացին իշխանական պրոպագանդային, թե այդպիսով պետական սահման ունենալու հիմքն է դրվում, իբրեւ թե մինչեւ հիմա չենք ունեցել գծված սահման, շուտով Ադրբեջանի հետ` Ալմա-Աթայի հռչակագրով, ամբողջ սահմանը կգծենք, եւ մեր երկու պետությունների միջեւ վերջնական խաղաղություն կհաստատվի։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը խաբել է ու շարունակելու է խաբել՝ գնալով բացառապես զիջումների․ «Նա անգամ Ալմա-Աթայի հռչակագրի տեքստը մեջբերելիս խաբեց՝ ասելով, թե Հռչակագրով ճանաչվել են Խորհրդային Միության դե ֆակտո գոյություն ունեցող սահմանները, իսկ իրականում Հռչակագրում գրված է՝ «существующий»: Այսինքն, ոչ թե Խորհրդային Միության սահմանները, այլ այդ պահին գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում: Ոչ մի տեղ գրված չէ՝ Խորհրդային Միության` դե ֆակտո գոյություն ունեցող սահման, այդ ձեւակերպումը Փաշինյանն է ավելացրել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: