Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, որ Զարիֆը փորձում է որոշակիորեն Իրանի դիրքն ավելի ամրագրել թե՛ տարածաշրջանում, թե՛ հակամարտության կարգավորման գործում իբրեւ դերակատարի». Ձյունիկ Աղաջանյան

Հուլիս 18,2024 09:54

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Զարիֆի՝ Հայաստանի հետ կապված հուշերին, ասաց. «Մենք գիտենք, որ ռուսական կողմը ե՛ւ հոկտեմբերի 3-ի դրությամբ, ե՛ւ հոկտեմբերի 15-ի դրությամբ զինադադարի առաջարկներ է արել, ու չմոռանանք, որ այդ ժամանակ Մինսկի խումբն իր համանախագահներով, հերթով՝ շաբաթը մեկ, հանդիպում էր կազմակերպում, առաջարկներ հնչեցնում»:

Զարիֆի մեկնաբանություններն իրենց՝ իրանական տեսանկյունից է: «Կարծում եմ, որ որոշակի կողմնապահություն կա այս դիտարկումների մեջ, եւ իրականությանն ու այդ ժամանակահատվածի զարգացումներին չի համապատասխանում ակնկալիքը, որ ռուսական կողմը պիտի ներգրավվեր ռազմական գործողությունների մեջ։ Չմոռանանք, որ ռուսական կողմը դեռ միջնորդ էր, Մինսկի խումբը դեռ գործում էր, Մինսկի խմբի համանախագահությունն իր տարբեր ձեւաչափերով փորձ էր անում պարբերաբար կանգնեցնել պատերազմը, եւ անգամ որոշակի պարբերականությամբ մենք տեղեկություն ունենք, որ ե՛ւ հոկտեմբերի 3-ի դրությամբ առաջարկ ենք ունեցել, ե՛ւ հոկտեմբերի 10-ի դրությամբ ենք առաջարկ ունեցել, եւ սա՝ ես միայն ռուսական կողմի առաջարկների մասին եմ խոսում: Ես կարծում եմ, որ Զարիֆը փորձում է որոշակիորեն Իրանի դիրքն ավելի ամրագրել թե՛ տարածաշրջանում, թե՛ հակամարտության կարգավորման գործում իբրեւ դերակատարի… Մինսկի խմբի համանախագահություն ներս թողել Իրանին, բայց դա կնշանակեր լրացուցիչ բարդություններ առաջացնել՝ հաշվի առնելով, որ համանախագահության կազմում էին Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Եվ այստեղ արդեն Զարիֆը, այսօրվա իրավիճակից դիտարկելով, փորձում է ինչ-որ ակնարկներ անել, որը չի համապատասխանում այն ժամանակվա իրականությանը եւ դրվածքին։

Ենթատեքստով մեղադրանքի տոնը, որ հնչում է ռուսական կողմի հանդեպ, ինձ թվում է՝ արդարացված չէ հետպատերազմյան շրջանի տեղեկատվության արտահոսքի պատճառով նաեւ, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում օգոստոսի վերջին համապատասխան փաստաթուղթ է ուղարկվել Անվտանգության խորհրդի քարտուղարին, որը չի մերժել, որ նման փաստաթուղթ է ինքը ստացել, որտեղ հստակ նկարագրված են եղել առաջիկա սպասվող պատերազմը, իրադարձությունները, եւ առաջարկվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններ անցկացնել ի աջակցություն Հայաստանի եւ ի կանխարգելումն հնարավոր ռազմական գործողությունների, ինչին հայկական կողմը չի գնացել»,- նկատում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Այսօր փորձ է արվում հետահայաց միավորներ վերագրել իրանական կողմին՝ կարծում է դիվանագետը: Չենք կարող ժխտել, որ իրանական կողմը մի շարք պատվիրակություններ է ուղարկել, մի շարք առաջարկություններ են արվել, եւ հայկական կողմից այդ առաջարկները մերժվել եn: Ըստ որոշ տեղեկատվության, 2023 թվականին` Արցախի վրա հարձակման մասով, երբ Շոյգուն գտնվում էր Իրանում, եւ կրկին ռուս-իրանական կողմից առաջարկություն է եղել, հայկական կողմը հրաժարվել է ընդունել: «Եվ այդ առումով իրանական կողմից հնչեցվող մեղադրանքները որոշակի արդարացում ունեն, սակայն այդ ժամանակվա իրադարձություններն այսօրվա համատեքստում դիտարկելը, ինձ թվում է, որոշակիորեն սխալ է, որովհետեւ այն ժամանակ որեւէ մեկը չէր ակնկալում, որ համանախագահության մեխանիզմը կարելի է ոչնչացնել, եւ, հետեւաբար, Ռուսաստանը չէր կարող միջնորդի իր դիրքերից զատ այլ կարգավիճակով հանդես գալ»,- եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

Հայկա Ալոյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031