Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ արցախցիների վերադարձի մասին. «Վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն». «Հետք»

Հուլիս 18,2024 09:08

Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։

-Կարո՞ղ եք հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

-Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել  մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։

– Տիկին Զեյա, Դուք համակարգել եք ԱՄՆ ջանքերը՝ աջակցելու Տիբեթի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ նրանց մշակութային, կրոնական ու լեզվական ինքնության պահպանմանը։ Նկատի ունենալով Ձեր այս փորձառությունը, ուզում եմ անդրադառնալ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում 100.000-ից ավելի հայերի էթնիկ զտմանը, որոնք զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից։ Ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում։

-Շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Այստեղ թույլ տվեք մի քայլ հետ գնամ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը պարփակված է եղել անկայունության և բռնությունների շղթայում, եղել են հսկայական կորուստներ, ցավ և ողբերգություն։ Մենք՝ Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձևավորվեն տևական և արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։

Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական և մարդու իրավունքների ճգնաժամը և ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ․ զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները․ օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։

Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի և հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ և հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում և այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։

-Եթե տեղահանվածները վերադառնան, կարծում եք իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։

-Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։

-Նկատի ունեմ, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների։

-Դա հասկանալի է, բայց վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ․․․

-Միջազգային դիտորդների կամ խաղաղապահների։

-Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ։ Դրա համար էի փորձում հարցն ավելի լավ  հասկանալ։ Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները և շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի։

-Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ գերեզմաններ, եկեղեցիներ։ ԱՄՆ-ի կամ միջազգային հանրության կողմից ինչ-որ բան արվու՞մ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ այլ կառույցների միջոցով կանխելու Ադրբեջանի այդ քաղաքականությունը։

-Շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար, Լիանա։ Հստակ կլինեմ՝ մենք աջակցում ենք հայկական մշակութային ժառանգության պահպանությանը ողջ Հարավային Կովկասում։ Մշակութային ժառանգության պահպանությունը ԱՄՆ գլոբալ քաղաքականության մասն է։ Մշակութային կոթողների, հուշարձանների, ավանդույթների պահպանությունը հոգածություն և զգոնություն է պահանջում։ Միացյալ Նահանգները աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում պահպանել մշակութային ժառանգությունը իրենց միջազգային պարտավորությունների և հանձնառությունների համաձայն։

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային իրավունքների ներքո ստանձնած իր պարտավորությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված՝ կարծում ենք, որ միջազգային հանրությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունները կարող են և պետք է կարևոր դեր ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր համայնքներում մշակութային ժառանգության պահպանության գործում։

Լիանա ՍԱՅԱԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031