Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները. «Փաստ»

Հուլիս 18,2024 08:46

Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031