Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն է պետք հիմա դիմադրել

Հուլիս 18,2024 10:00

Գրող Դմիտրի Բիկովը պատմում է, որ խորհրդային կարգերի ժամանակ հարցրել է իր այլախոհ գործընկերներից մեկին՝ «Ինչո՞ւ ես գրում, միեւնույն է՝ չես կարողանա հրապարակել ու վաղ թե ուշ հայտնվելու ես բանտում»: Պատասխանը հետեւյալն էր. «Գրում եմ, որպեսզի ամեն առավոտ սափրվելիս ու հայելու մեջ նայելիս չամաչեմ»:

Հրաշալի պատասխան է. բարեբախտաբար, միշտ եղել են մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք դիմադրել են բոլոր տեսակի ճնշող հանգամանքներին, նաեւ հեղձուկ մթնոլորտին, որը նրանց շրջապատում էր: (Ի դեպ, կարծում եմ, որ երբեք չի եղել կատարելապես «բարենպաստ» մթնոլորտ՝ դիմակայող անհատների համար, քանի որ մշտապես ու ամենուր կա կոնֆորմիստական մեծամասնություն, որի համար այդ անհատները խորթ են):

Մեկ այլ օրինակ ոչ վաղ անցյալից: Երբ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը (մոտավորապես 1960-ականների կեսերից) սկսեց առաջ քաշել Խորհրդային Միությունը բարեփոխելու գաղափարները, պետությունը դրան կոշտ արձագանքեց եւ, ի վերջո, զրկեց նրան Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսի, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների դափնեկրի կոչումներից ու աքսորեց Գորկի քաղաք:

Բայց նա շարունակում էր ակադեմիկոս մնալ: Ինչո՞ւ: Որովհետեւ նրան այդ կոչումից կարող էր զրկել միայն Ակադեմիան, իսկ այնտեղ կային ակադեմիկոսներ, որոնք, թեեւ այլախոհ չէին, բայց նման որոշմանը հաստատ դեմ կքվեարկեին: Դարձյալ դիմադրության շատ լավ օրինակ:

Այժմ մենք ապրում ենք շատ ավելի «հումանիստական» ժամանակներում: Բանտը, մասնավորապես, սպառնում է շատ քչերին, սեփական մտքերն արտահայտելու հարթակները բոլոր դեպքերում գոյություն ունեն:

Այժմ ճնշման հիմնական գործիքը (նաեւ Հայաստանում) ոչ այնքան պետությունն է, որքան հասարակական կարծիքը, որին դիմադրելը ինչ-որ իմաստով ավելի բարդ է: Դեռեւս անցած դարի վերջերում գերմանացի փիլիսոփա Գյունտեր Ռորմոզերը նշում էր. «Մարդը կարիք ունի պաշտպանված լինելու ոչ միայն պետությունից, որը կարող է խախտել նրա իրավունքները, այլեւ հասարակությունից ու կազմակերպված հասարակական ուժերից… Եթե մարդիկ հանձնվեն հասարակության կամքին՝ նրանք կորած են»:

Երբ պետությունը քո դեմ քաղաքական հետապնդում է սկսում, դու, գոնե տեսականորեն կարող ես բողոքել միջազգային կառույցներին: Թե ինչ արդյունավետությամբ՝ այլ հարց է: Եթե դու դառնում ես «հեյթերների» ոհմակի թիրախ (իսկ այդ ոհմակը հաճախ դարձյալ ուղղորդվում է իշխանության կողմից), ապա բողոքելու որեւէ ատյան գոյություն չունի:

Մնում է դիմադրել, եւ դա հաճախ նույնպիսի տոկունություն է պահանջում, որը դրսեւորում էին խորհրդային շրջանի այլախոհները: Եվ նորից, ինչպես եւ այն ժամանակ, պետք է մտածող մարդկանց համերաշխությունը՝ անկախ քաղաքական հայացքներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հասարակական կարծիքին հակադրուիլը, ինծի համար՝ հաճոյք է, սփոփանքի եւ գոհունակութեան պատճառ է, երբ որ համոզուած եմ որ ճիշդ բանն եմ ասում կամ անում:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031