Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ հետո կհարցնեն. իսկ դուք ՍԴ դիմեցի՞ք

Հուլիս 18,2024 13:00

«Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն Էրիկ Բեգլարյանին, այլ երբեմնի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»

Հուլիսի ՍԴԴԿՈ-30 որոշմամբ դատարանը մերժել է Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:

Ըստ դիմումատուների՝ «Պետությունը պարտավոր էր Սահմանադրության 75-րդ հոդվածի կանոնակարգման համաձայն այնպիսի օրենքներ սահմանել, որ ՀՀ վարչապետի գործողությունները, որոնք կարող են խախտել ֆիզիկական անձի կյանքի եւ արժանապատվության իրավունքները, համարվեին վարչարարություն եւ ենթարկվեին դատական վերահսկողության»:

Տարիներ հետո շատ իրավաբանների կհարցնեն. իսկ դուք դիմեցի՞ք բարձրագույն դատական ատյաններ, վիճարկեցի՞ք երրորդ պետության վարչապետի գործողությունները, որոնք հանգեցրին երկրորդ հայկական պետության քաղաքացիների տեղահանությանը, իրավունքների խախտմանը, անդառնալի մարդկային կորուստներին…

Սահմանադրական դատարան դիմելով՝ Արա Զոհրաբյանը ներկայացրել էր թիվ ՎԴ/6065/05/23 վարչական գործի ընթացքը` գտնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի մեկնաբանությունն ուղղակիորեն հակասում է դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքին: Հիշեցնեմ, որ մինչ այդ դիմել էին վարչական դատարան, անցել բոլոր ատյաններով, հասել Սահմանադրական դատարան:

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի» 3-րդ հոդվածում սահմանված «յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ» եզրույթը չի կարող մեկնաբանվել միայն այն համատեքստում, երբ պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել միայն հասցեական ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները:

Դիմողները փաստել էին, որ դատարաններն ուղղակի հրաժարվել են իրականացնել արդարադատություն, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործողությունն անմիջականորեն վերաբերում է ոչ միայն Էրիկ Բեգլարյանին, այլ երբեմնի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»:

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2024 թվականի հունիսի 4-ից:

Դիմումատուները խնդրել էին. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասը, որը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 18-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է 2004 թվականի մարտի 16-ին, ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը որոշմամբ փաստել է, որ՝ «Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր իրավունքի խախտման միջեւ, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որեւէ հիմնական իրավունքի եւ կամ ազատության՝ առանց վիճարկվող օրինադրույթի եւ իր համապատասխան հիմնական իրավունքի եւ կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջեւ պատճառահետեւանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ ներկայացնելու»:

Սահմանադրական դատարանը հղում էր կատարել իր՝ 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմանը, որով արձանագրել է, որ «(…) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի եւ հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի եւ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի եւ/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետեւանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որեւէ հիմնական իրավունքի եւ/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի եւ/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վիճարկվող դրույթների բովանդակության եւ թիվ ՎԴ/6065/05/23 վարչական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ դիմողները հայցադիմում են ներկայացրել «Վարչական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողություն կատարելն արգելելու պահանջների մասին»: Ներկայացված հայցադիմումի ընդունելիության մասով վարչական եւ վերաքննիչ վարչական դատարանների կողմից (Վճռաբեկ դատարանը մերժել է դիմողների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել), ի թիվս այլնի, ստուգման է ենթարկվել ներկայացված հայցադիմումում եւ վերաքննիչ բողոքում վկայակոչված գործողության կամ անգործության դատական վերահսկողության ենթակա վարչարարության անհրաժեշտ պայմանի առկայությունը՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությամբ կամ անգործությամբ անձանց համար փաստական հետեւանքների առաջացումը, որի առնչությամբ «Դիմողների գործով» նրանք եզրակացրել են, որ վիճարկվող գործողությունը կամ անգործությունը նրանց համար չի առաջացրել նրանց իրավունքների խախտմանը հանգեցրած հետեւանքներ:

Սահմանադրական դատարանը մերժեց:

Հիշեցնեմ, որ 2023թ. օգոստոսի 2-ին վարչական դատարան դիմեցին Ա. Զոհրաբյանն ու Է. Բեգլարյանը՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի /Ադրբեջանի տարածքային ամբողջականության/ կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի /Ադրբեջանի տարածքային ամբողջականության/ կազմում ճանաչելու որեւէ գործողություն /այդ թվում՝ ստորագրելու փաստաթուղթ/ կատարելն արգելելու պահանջի մասին» հայցապահանջով: Դատավորն էր Ռոբերտ Մաքեյանը:

Նա մերժեց հայցապահանջի ընդունումը օգոստոսի 9-ին: Էրիկ Բեգլարյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դիմեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Վերաքննիչ բողոքին պատասխան չէր ներկայացվել:

Վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 10-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, բողոքաբեր փաստաբանները գտել են, որ «Դատարանը ուղղակիորեն շեղվել է դիրքորոշումից, արձանագրելով, որ հայցվորների համար փաստական հետեւանքներ չեն առաջացել, այն դեպքում, երբ հայցվորներից Արցախի քաղաքացի Էրիկ Բեգլարյանը, ով ոչ միայն անմիջական շահառուն է ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. որոշման, այլ նաեւ անմիջական զոհն է պատասխանողի գործողության: Այսօր Էրիկ Բեգլարյանն իր ընտանիքով գտնվում է շրջափակման մեջ: Հայցվորներից Արա Զոհրաբյանը նույնպես շահառուն է Հայաստանի ճակատագրի հետ կապված ցանկացած հարցով, այդ թվում’ ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. որոշման: Դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, ինչը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Նույն թվականի հոկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուստամ Մախմուդյանը մերժեց բողոքի ընդունումը: Վերաքննիչ դատարանը փաստել էր, որ տվյալ դեպքում Էրիկ Բեգլարյանը եւ Արա Զոհրաբյանը գտնում են, որ պատասխանողի վիճարկելի գործողությունը կատարվել է վերջինիս պաշտոնեական դիրքով պայմանավորված, որպես՝ ՀՀ վարչապետ, հետեւաբար, այդ գործողությունը հայցվորների կողմից ամբողջությամբ դիտվել է վարչարարություն: Սակայն, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ «նման մոտեցումը արդարացված չէ, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի (Ադրբեջանի տարածքային ամբողջականության) կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունն ըստ էության չի պարունակում վարչարարությանը բնորոշ հատկանիշներ, բացի այդ, այն չի հանդիսանում արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, եւ չի եզրափակվել այնպիսի վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նաեւ գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացրել է փաստական հետեւանքներ»: Վերաքննիչ դատարանը եզրակացրել էր, որ Փաշինյանին արգելելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 7-ին մերժեց վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031