Երգիչ Արթուր Հարությունյանի հերթական ելույթը կկայանա հոկտեմբերին՝ համերգով հանդես է գալու Գյումրիի ժողգործիքների պետական անսամբլի հետ: «Առավոտի» հետ զրույցում երգիչն ասաց, որ ծրագրում լինելու են ժողովրդական, գուսանական, աշուղական երգեր, որոնցից շատերը վաղուց սիրված են:
Արթուրն ասում է, որ երգ-երաժշտությունը, բացի իր մասնագիտությունը եւ աշխատանքը լինելուց, նաեւ տարերքն է, հիշում է, թե ինչպես է 2016թ. մասնակցել Հ1-ով անցկացվող «Ամենակարող երգիչ» նախագծին ու դարձել ֆինալիստներից մեկը: Մեկ այլ՝ Արտ Մյուզիք փառատոնում էլ ինքն է որպես ժյուրիի անդամ այլ երգիչների գնահատել:
Երգ-երաժշտության հանդեպ սերն էլ նրան տարել էր Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ, այնուհետեւ ընդունվել է Երեւանի մշակույթի համալսարան: Քոլեջում սովորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի դասարանում, իսկ համալսարանում՝ աշակերտել վաստակաշատ մանկավարժ, երգիչ-երգահան Էդուարդ Բեգլարյանին:
Կարդացեք նաև
Իր այցեքարտային երգերի թվում Շերամի «Բոյ ու բուսիդ մատաղ» երգն է, որը, նրա ձեւակերպմամբ, սիրվեց Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի ժամանակ: Շատ սիրված է նաեւ իմ «Աշխարհս մեկ փանջարա է» երգը: Արթուրն ունի 7 տեսահոլովակ, դրանք բազմաոճ երգեր են, որովհետեւ իրեն բազմաոճ երգիչ է համարում:
Մեր զրուցակիցն ասում է, որ հրավերներ ունի մի քանի երկրից, որոնք դեռ բանակցությունների փուլում են, հստակեցվում են ամսաթվերն ու ծրագիրը, հետեւաբար դրանց մասին ավելի ուշ կբարձրաձայնի:
Արթուր Հարությունյանն ասաց, որ նոր տեսահոլովակի վրա է աշխատում՝ «Հայի տունը Հայաստանն» է, որը շուտով հասանելի կլինի երաժշտասերներին: Մեր զրուցակիցն իրեն հաջողակ մարդ է համարում, քանի որ ունի սիրված աշխատանք, շրջապատված է լավ ընկերներով, պրոֆեսիոնալ թիմի հետ է աշխատում, Կարեն-Սեւակ բենդի մեներգիչն է:
Արթուր Հարությունյանը, բացի երգելը, նաեւ դուդուկ է նվագում, առաջիկայում պատրաստվում է տեսահոլովակ նկարել, որտեղ հանդես կգա դուդուկով: «Ուզում եմ էլ ավելի քարոզել մեր դուդուկը, որն աշխարհին ճանաչելի դարձրեց, միջազգայնացրեց մեծագույն վարպետ Ջիվան Գասպարյանը: Թերեւս մեծ էր նրա դերակատարությունը, որ հայկական դուդուկի երաժշտությունը դեռեւս 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, իսկ 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,-ասում է նա։
Արթուր Հարությունյանն ունի իր ձայնագրման ստուդիան, որտեղ անցկացնում է իր օրվա զգալի մասը, որտեղ նաեւ տարբեր երգիչներ են ձայնագրվում:
Մեր զրուցակիցը նշում է, որ քանիցս մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» ծրագրին, տարբեր հեռուստաընկերությունների առավոտյան ծրագրերում հյուրընկալվել, իսկ ռադիոալիքներով հաճախակի ներկայացնում է պրեմիերաները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2024