Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ ունի զիջելու Հայաստանը

Հուլիս 18,2024 12:00

Վաշինգտոնի վերջին արձագանքը տալիս է հարցի պատասխանը, թե ի վերջո, ինչի՞ հանգեցրեց պաշտոնական Երեւանի հարմարվողական, զիջողական կեցվածքը

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերն օրերս ճեպազրույցում պատասխանելով լրագրողի` հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել եւ երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ապա հավելել է. «Երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ եւ գնալ ծանր փոխզիջումների»: Նրա պնդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում եւ տարաձայնությունների հարթեցում: Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն խուսափել է մանրամասնել: «Մենք դեռ համաձայնություն չունենք եւ չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչեւ չհասնենք դրան»,- եզրափակել է Միլերը:

Հայաստանի իշխանությունները պարտավոր են պարզաբանում տալ, թե ի՞նչ «ծանր զիջումներ» են ակնկալում պաշտոնական Երեւանից: Ցավոտ զիջումներ, տրամաբանական կլիներ, եթե միջազգային դերակատարներն ակնկալեին Բաքվից, որտեղից պատերազմից հետո էլ շարունակաբար Հայաստանին նորանոր պահանջներ են ներկայացնում:

Ի՞նչ ունի զիջելու Հայաստանն Ադրբեջանին, երբ դեռ ադրբեջանական ստորաբաժանումները չեն հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից: Երբ դեռ նույնիսկ այս պայմաններում Հայաստանը համաձայնել է Բաքվի` առանց միջնորդների բանակցություններին ու առանձին բանակցությունների մեջ են մտել, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեություն են ծավալում ու սահմաններ են որոշում:

Վաշինգտոնի վերջին արձագանքը տալիս է հարցի պատասխանը, թե ի վերջո, ինչի հանգեցրեց պաշտոնական Երեւանի հարմարվողական, զիջողական կեցվածքը: Մինչդեռ Հայաստանն, ի դեմս Արեւմուտքի, պարտավոր էր Ադրբեջանի չարդարացված ակնկալիքներին, Ալիեւի անհագուրդ սպասումներին վերջ տալ` ստանալով Արեւմուտքի լիակատար աջակցությունն այս համատեքստում:

Բայց, ո՛չ: Պաշտոնական Երեւանի պահվածքը ձեւավորեց մթնոլորտ, երբ միջազգային հանրությունն այսօր ոչ միայն Ադրբեջանից, այլեւ` Հայաստանից է ակնկալում «ծանր զիջումներ»:

Այդ իսկ պատճառով, մենք գրեթե ամենօրյա ռեժիմով Բաքվից պահանջներն ենք լսում…

Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում անցյալ շաբաթ քննարկել էին տարածաշրջանային հարցեր, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը, Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսությանն՝ ուղղված խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը, Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար:

Իսկ ահա Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ շփվելիս, չի բացառել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ «լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը»: Ուշադրություն դարձնենք` «կարող է բացել» ձեւակերպմանը…

Թուրքիայի նախագահը նշել է. «Իսկ ինչու չքննարկել այդ հարցը (սահմանի բացումը)։ Ավելի վաղ սրա վերաբերյալ մենք արդեն ամեն ինչ ասել էինք Փաշինյանին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հույս ունենք, որ շուտով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք կբերվի ամուր խաղաղություն, որին Թուրքիան ողջ սրտով աջակցում է»: Էրդողանը, սակայն, չի մոռացել հիշատակել նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ դրա բացումը համարելով լիարժեք խաղաղության եզրափակիչ փուլ. «Զանգեզուրի միջանցքի բացումը այս համաձայնագրի վերջնական քայլն է։ Մենք ցանկանում ենք, որ այդ ճանապարհին առանց հապաղելու դրական որոշումներ կայացվեն։ Տարածաշրջանից հիմա դրական ազդակներ են գալիս, եւ մենք հույս ունենք, որ դրանք, ի վերջո, լավ նորություններ կբերեն»։

Էրդողանը նաեւ հարկ է համարել նշել, որ Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Ես միայն շնորհավորել եմ նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական երթուղի է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին եւ Իրանին: Իրանն ու Ադրբեջանը կզգան, որ իրենց համար ավելի հեշտ կլինի, երբ միջանցքը գործի, եւ շահագործման կհանձնվի երկաթգիծը», – եզրափակել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի հայտարարությունները հիմք ընդունելով` հստակ երեւում է, թե թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ «ցավոտ զիջումներ» է ակնկալում պաշտոնական Երեւանից: Մնում է հասկանալ, թե Ալիեւն, առհասարակ, ի՞նչ է զիջելու: Ո՞րն է Ալիեւի «ծանր զիջումը»:

Հայաստանին ուղղված Բաքվի մյուս պահանջը, ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրության «խնդրահարույց դրույթներն» են:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջերս Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը կրկին պնդել էր, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը խնդրահարույց է համարում: «Իրական խաղաղության պայմանագրի բանալին Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումն է», – նշել էր նա եւ ընդգծել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու մասին սահմանադրական հղումներից։ Թուրք պաշտոնակցի հետ կայացած երկկողմ հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին ՀՀ Սահմանադրության մասին էր հիշատակել՝ հայտարարելով, թե Հայաստանի մայր օրենքը խաղաղության գործընթացի առջեւ ծառացած խնդիրներից է։ Բայրամովը խնդրահարույց էր համարել նաեւ զենք գնելու Հայաստանի փորձերը։

Անցյալ շաբաթ Բայրամովը դարձյալ անդրադարձել էր նույն թեմային: «Հայաստանի Սահմանադրությունը դեռեւս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, եւ որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի», լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր նա։

Ինչո՞ւ չպետք է պաշտոնական Բաքուն իրեն նման սանձարձակ ձեւով պահի: Այս տարվա հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին, պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Փաշինյանի նշյալ հայտարարությունից օրեր անց, սակայն, Բաքուն հստակեցրեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում եւ որոշումներում»: Բաքուն, մասնավորապես, նշեց, որ «խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը», որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Հետագայում արդեն պաշտոնական Երեւանը սկսեց պարբերաբար հակադարձել, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է եւ Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։

Այդ դեպքում, ի՞նչ ցավոտ զիջումներ է սպասում միջազգային հանրությունն այսօր Հայաստանից եւ, որ ամենակարեւորն է` ինչո՞ւ են սպասում Հայաստանից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031