Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը պետք է լինի համապարփակ՝ եւ ՀՀ, եւ ԼՂ տարածքներում ձեռք բերած աշխատանքային ստաժների համար»

Հուլիս 18,2024 13:30

Արցախցիների աշխատանքային ստաժին եւ կենսաթոշակների տրամադրմանն առնչվող խնդիրների մասին

Բռնի տեղահանումից հետո Հայաստանում հայտնված արցախցիների համար այսօր օրախնդիր է աշխատանքային ստաժի հարցը: Մարդիկ կենսաթոշակ ստանալու խնդիրներ են ունենում, քանի որ բացակայում են որոշ բազաներ, որտեղ ֆիքսված լինի նրանց աշխատանքային ստաժն ամբողջությամբ:

Այս պրոբլեմներին առնչվող մեր հարցերին պատասխանեց  Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարումների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

– Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում, որ 1992-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը չի հաշվառվում: Պատճառը՝ համապատասխան բազաների բացակայությունն է: Այդ ժամանակահատվածի բազաներն ո՞ւր են անհետացել կամ ինչո՞ւ չկան:

– Աշխատանքային գործունեությանն առնչվող տեղեկատվական բազաների խնդիրը առկա է ոչ միայն ԼՂ-ում, այլ նաեւ ՀՀ տարածքում: Անհատական հաշվառման բազաները ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում սկսել են վարվել 2004 թվականից: Այսինքն, այն խնդիրը, որը բարձրացնում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, առկա է նաեւ ՀՀ տարածքում աշխատանքային գործունեություն իրականացրած անձանց համար: Ընդ որում, եկեք չբացառենք դեպքեր, երբ նա, ով բռնի տեղահանվել է ԼՂ-ից 2023 թվականին, ունենա գործունեության ժամանակահատվածներ նաեւ ՀՀ տարածքում եւ հակառակը: Այսինքն, տեղեկատվական բացը՝ 1992-2004 թվականը, առկա է եւ ՀՀ տարածքում գործունեություն իրականացրածների համար, եւ ԼՂ-ի տարածքում:

ԼՂ-ից մենք ստացել ենք իրենց անհատական հաշվառման բազան: Ես տեղյակ եմ նաեւ, որ որոշակի արխիվային փաստաթղթեր հանձնվել են ազգային արխիվին: Այսինքն, ասել, որ դաշտն ամբողջությամբ բաց է, այնքան էլ ճիշտ չէ: Որոշակի տեղեկատվություն ունենք:

Ինչո՞ւ ենք կանգ առնում 2013-2014 թվականի վրա, որովհետեւ 2013-2014 թվականից հետո, ՀՀ-ում եւ ԼՂ-ում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը վարել են համապատասխան հարկային մարմինները: Մենք տիրապետում ենք նաեւ ԼՂ-ի հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվությանը եւ այն եւս կիրառվում է՝ աշխատանքային ստաժները հաշվարկելու համար: Կա՞ն խնդիրներ, այո,՛ կան, բայց դրանք ընդհանուր են:

– Ինչպե՞ս պիտի լուծվեն այդ խնդիրները:

– Լուծումներն արդեն իսկ կան՝ օրենսդրությամբ սահմանված, դրանք նաեւ ընդլայնվում են ժամանակի ընթացքում: Օրինակ, մինչեւ 1992 թվականը, աշխատանքային ստաժը հաստատվում է բացառապես աշխատանքային գրքույկով կամ արխիվային փաստաթղթերով, որտեղ կլինի ֆիքսված ընդունման եւ ազատման տարեթվեր: Նման պատշաճ տեղեկատվությունը բավարար է, որ մինչեւ 1992 թվականը ստաժը համարվի հաստատված: 1992-2013 թվականները ՀՀ տարածքում եւ 1992-2014 թվականը՝ ԼՂ տարածքում, հարկային մարմնի կողմից բազաները հիմնելու շրջանում, աշխատանքային ստաժը հաստատվում է՝ աշխատանքային գրքույկ՝ գումարած՝ սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ: 2014-ից հետո, աշխատանքային գրքույկին կցում ենք հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվությունը: 2014-ից հետո, խնդիրներ, կարելի է ասել՝ չկան, շատ հազվադեպ են ծագում:

– Հիմնական խոցելի ժամանակաշրջանի համար՝ 1992-2013 թվականը՝ Հայաստանի համար եւ 1992-2014 թվականները՝ Արցախի համար, ի՞նչ լուծումներ կան:

– Օրենքով կառավարությանը վերապահված է իրավասություն՝ սահմանել այն դեպքերը, երբ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ պետք չի ներկայացնել: Այսինքն, բավարար է աշխատանքային գրքույկի գրառումը կամ արխիվային փաստաթուղթը՝ ընդունման եւ ազատման մասին: Այդ իրավասության շրջանակներում արդեն իսկ սահմանված դեպքեր ունեինք՝ գործադիր կոմիտեներում, դրանց ենթակայությամբ գործած կազմակերպություններում աշխատանքը: Հետագա փոփոխություններով ավելացրեցինք նաեւ ավիացիայի կազմակերպությունները, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող կազմակերպությունները, այն է՝ պետական դպրոցներ, մանկապարտեզներ, թանգարաններ, արխիվներ եւ այլն: Ընդ որում, 2023 թվականից հետո, մենք հստակեցրեցինք, որ այս իրավակարգավորումները տարածվում են նաեւ ԼՂ տարածքի վրա: Ենթադրենք, այսօր որեւէ մեկը դիմում է կենսաթոշակի համար, եւ նա աշխատել է ԼՂ-ում՝ դպրոցում, նրա աշխատանքային գրքույկի գրառումները բավարար են, առանց որեւէ լրացուցիչ փաստաթղթերի, այդ ժամանակահատվածը նրա աշխատանքային ստաժում հաշվառվում է:

– Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հենց օրերս էր խնդրի մասին խոսել եւ հիշեցրել, որ Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել էր հանձնաժողով, որը լիազորված էր համապարփակ քննության վերցնել այս հարցը եւ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում, հաստատել բռնի տեղահանվածների աշխատանքային ստաժը: «Նմանատիպ հանձնաժողով ստեղծելու մասին իրավակարգավորում առկա է նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի 32-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների եւ այլ արտակարգ իրավիճակների հետեւանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում ՀՀ կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ»,- գրել էր Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ նման հանձնաժողով ՀՀ կառավարության կողմից չի ստեղծվել։ Ինչո՞ւ:

– Այո, ինչպես նշել է Գեղամ Ստեփանյանը, նկարագրված իրավիճակներում կառավարությունը ստեղծում է հանձնաժողովներ եւ հանձնաժողովի կազմում պետք է լինեն գործադիր մարմնի աշխատակիցներ, արհմիությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներ: Այս դրույթը պետք է կիրառության մեջ նայել. ՀՀ օրենքները՝ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն, տարածվում են ՀՀ տարածքում. այս դեպքում, գործողությունները ՀՀ տարածքից դուրս են: Այսինքն, ֆորմալ, իրավական առումով, ԼՂ տարածքում ստաժ հաստատելու համար, ՀՀ օրենքով գործող իրավակարգավորումներով, հանձնաժողով ստեղծվել չի կարող: Այդ հանձնաժողովը մենք կարող ենք ստեղծել՝ ՀՀ տարածքում ստաժը հաստատելու համար: Որքանո՞վ է իրատեսական նման հաձնաժողով ստեղծելը, ՀՀ գործադիր մարմնի ո՞ր ներկայացուցիչը կարող է ընդգրկվել, որովհետեւ այստեղ այդ ստաժը հաստատելու հավաստիության խնդիր կա: Ինքներդ դրեք ձեզ՝ այդ հանձնաժողովի անդամի տեղում՝ ոչ տեսել եք աշխատելը, ոչ տեղյակ եք դրանից…իրատեսական պիտի լինի:

– Իրավիճակը արտառոց է՝ որեւէ օրենքով հնարավոր չէր կանխատեսել, ուստի, պարզ լուծում կա՝ այդ հանձնաժողովում ընդգրկել Արցախի համապատասխան կառույցներից ներկայացուցիչների, ինչը հնարավորություն կտար ավելի արագ կարգավորել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, քանի որ այլընտրանքը դատական գործընթացն է, որը երկարատեւ է եւ քաշքշուկ առաջացնող:

– Լավ, ենթադրենք օրենքում համապատասխան փոփոխություններն արվեցին եւ իրավական հիմքերը ստեղծվեցին. ես իմ ամբողջ պատասխանի ընթացքում փորձում էի ներկայացնել այն իրավիճակը, որ տեղեկատվության բացն առկա է ոչ միայն ԼՂ տարածքում աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, այլեւ ՀՀ տարածքում եւ ես, որպես ոլորտի մասնագետ, կարծում եմ, որ խնդրի լուծումը պետք է գնա այդ ընդհանուր սկզբունքային տեսանկյունից: Հանձնաժողովը լավագույն տարբերակը չի. գուցե օպերատիվ է, բայց աշխատանքային ստաժը հաստատելու փաստն ունի եւս մեկ կոմպոնենտ՝ հավաստիություն: Ինչո՞ւ ենք նշում դատական կարգը: 1990-ականների սկզբում այդ հանձնաժողովները եղել են նաեւ կենսաթոշակ նշանակող մարմնում՝ օրենքի ուժով, իրավական կարգով եւ պրակտիկան ցույց է տվել, որ այդ հանձնաժողովների գործունեության արդյունքում հավաստի տեղեկատվության խնդիր կա: Ուստի սահմանվել է դատական կարգը՝ ավելի անաչառ որոշումների համար:

Ինքս, իհարկե, տեսնում եմ խնդիրը եւ խնդրի լուծումը տեսնում եմ նրանում, որ բոլոր դեպքերը, երբ որ անձն օբյեկտիվորեն չի կարողանում իր ստաժը հաստատել, պիտի ունենան նույն լուծումները՝ նույն սկզբունքով: Որտե՞ղ եմ տեսնում այդ լուծումները. ես թվարկեցի կազմակերպությունների շրջանակ, որտեղ աշխատելու դեպքում լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում, մենք, կարծում եմ, պետք է ընդլայնենք այդ կազմակերպությունների շրջանակը՝ թե ԼՂ, թե ՀՀ տարածքում ձեռք բերած ստաժները հաստատելու համար:

Այստեղ նաեւ սոցիալական արդարության խնդիր կա: Կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է բացառապես աշխատանքային գործունեության համար եւ այս փաստաթղթաշրջանառության ամբողջ պահանջները մեկ խնդիր ունեն՝ հնարավորինս ճիշտ կարողանալ հաստատել քաղաքացու աշխատելու փաստը, այն պարագայում, երբ տեղեկատվական բազաներում այն ամրագրված չէ:

– Քանի որ իրադարձությունների բերումով առավել խոցելի իրավիճակում են հայտնվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, հնարավորություններ տեսնո՞ւմ եք նրանց համար միջանկյալ լուծումներ գտնելու, որպեսզի այդ մարդկանց առանց այդ էլ բարդ կյանքը մի փոքր թեթեւացնենք:

– Իհարկե, լուծումները միշտ պետք է գտնել, եւ մենք դրանց պարբերաբար կանդրադառնանք: Բայց, որպես մասնագետ, ուզում եմ մասնավոր կարծիքս հայտնել. պիտի կարողանանք մեր ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական բազաները կիրառել, ըստ այդմ, հասկանալ՝ ի՞նչ խոշոր խնդիրներ են մնում եւ քայլ-քայլ գնալ դրանց լուծմանը: Իսկ որ խնդիրները պետք է լուծվեն՝ դա քննարկման հարց չէ: Երբ գրություն ես ստանում, որ երկրաշարժի պատճառով մարդը փաստաթղթերը կորցրել է եւ այս դեպքում էլ է փաստաթղթերը կորցրել, գուցե հիմքով դրանք տարբեր են եւ համեմատելի չեն իրենց քաղաքական, սոցիալ-տնտեսական նշանակությամբ, բայց երբ գալիս ես կենսաթոշակի իրավունքի իրացման դաշտ, վերջին հաշվով, հանգում ենք խնդրին՝ անձն, օբյեկտիվորեն, զրկվել է իր աշխատած լինելու փաստը հաստատելու հնարավորությունից: Հետեւաբար, լուծումները պետք է լինեն այս խնդրի շրջանակներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031