Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները, ըստ Դանիել Իոաննիսյանի, Վաղարշ Աղաբեկյանին չեն ընտրել ԿԿՀ անդամ, քանի որ չեն հասկացել նրա հումորը՝ Նիկոլ Փաշինյանին «հող հանձնող» անվանելու մասով

Հուլիս 17,2024 23:33

Հուլիսի 11-ի նիստին խորհրդարանը քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհուրդը, որը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում հավանության էր արժանացրել երկու թեկնածություն՝ Նարինե Ավետիսյանի և Վաղարշ Աղաբեկյանի:

Քվեարկության ավարտից հետո, ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել: Այսինքն, թեկնածուները չեն ընտրվել:

Այս քվեարկությունից հետո, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել հեգնելով, որ Հայաստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ «Պետք է ՔՊ-ին լոյալություն և խոստում, որ ՔՊ-ականներին չես տուգանելու։Առաջարկում եմ, որ ՔՊ-ն մի երկու գրպանի խամաճիկ-իրավաբան գտնի ու ընտրի ԿԿՀ անդամ»։

Իսկ ավելի ուշ, ՔՊ-ականներին կոռումպացվածության մեջ էր մեղադրել. «Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը, արդեն, ՔՊ-ն է: Այո, համակարգի իներցիոն դիմադրությունը, կոնֆլիկտը ու խնդրահարույց ավանդույթները կան, բայց երկրորդային են:

Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք ԿԿՀ-ի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խփել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)… Ժողովրդի լեզվով ասած, պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում:

Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել… Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում:

Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք առ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել և ուրախ են այդ դրվածքից:

Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետևից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստերի շրջանառել ՊԵԿ նախագահի մասին:

Հ.Գ. Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի նման մեկին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ դա ապուշություն էր: Բայց երբ 5 տարվա կառավարման փորձով մարդիկ պաշտպանում են կոռուպցիոների նշանակումը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում՝ դա արդեն զտարյուն կոռուպցիա է:

Հ.Հ.Գ. Մոռացա ասեմ, որ ԱԺ-ի կողմից չընտրված Վաղարշ Աղաբեկյանը այն մարդն է, ով կարևոր դեր խաղաց Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ դառնալը կանխելու ճանապարհին: Բա Հրայր Թովմասյանի հոգեզավակ որոշ ՔՊ-ականները հո դա չէին ներելու»:

Դանիել Իոաննիսյանը նաեւ գրել էր, թե իր կարծիքով ինչո՞ւ իշխող ուժի պատգամավորները չեն ընտրել Վաղարշ Աղաբեկյանին. վերջինս իր էջում տեղադրել է նկար, որոնցից մեկում Նիկոլ Փաշինյանն է՝ հեծանիվով, մյուսում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երրորդում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հետեւյալ գրառմամբ. «Ինչպե՞ս տարբերակել հող հանձնողին»:

 

Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունն այս ամենին, այսպիսինն է. «Որոշ ՔՊ-ականներ տեսել են Աղաբեկյան Վաղարշի (ակնհայտորեն «Հայելիին» ծաղրող) այս գրառումը ու որոշել, որ ուրեմն պետք է Վաղարշին չընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Հիմա հարց. այդ ՔՊ-ականները՝

ա. ապուշ են և չեն տարբերակում ակնհայտ հումորը,

բ. կոռուպցիոներ են և չեն ուզում, որ ԿԿՀ անդամը անկախ լինի (իսկ սքրինշոթը պատրվակ է),

գ. երկուսը միասին»։

Հիշեցնենք, Նարինե Ավետիսյանը 2005-2016 թթ. աշխատել է Մարտունու քաղաքապետարանում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Տարբեր կազմակերպություններում աշխատել է, որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, իրավաբան, 2021 թվականին ՀՀ ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ: 2021-2024-ին աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նախ, որպես մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան, ապա՝ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ: Նրա թեկնածությունն այս պաշտոնի համար երկրորդ անգամն էր առաջադրվում:

Վաղարշ Աղաբեկյանը 2013-2016 թթ. ծառայել է ԼՂ ոստիկանությունում, որպես քննչական վարչության քննիչ: 2017-2018 թթ. ծառայել է ԼՂ դատախազությունում՝  Շահումյանի շրջանի դատախազ: 2018-2019 թթ. ծառայել է ՀՀ ՊԵԿ-ում՝ քննչական վարչության թիվ 2 բաժնի քննիչ: 2019-2021 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում: 2019-2021 թթ. աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ում, որպես իրավախորհրդատու, 2021-2024 թթ. աշխատել է նույն կազմակերպությունում, որպես իրավախորհրդատու-փորձագետ: Եղել է նաև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ և ՀՀ ԲԴԽ հակակոռուպցիոն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների բարեվարքության ստուգման ազգային փորձագետ: 2024-ից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ ՔԿ իրավաբանական վարչության հատուկ կարևորության գործերով քննիչի պաշտոնը:

Իր ելույթի ժամանակ Վաղարշ Աղաբեկյանը հայտարարել է՝ առաջադրվելու պատճառներից մեկն այն է, որ Արցախից է եկել. «Այն, ինչ տեղի է ունեցել իմ հայրենիքի հետ, պատճառներից մեկը նաև կոռուպցիոն երևույթներն են»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031