44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը ոտքից գլուխ սադրանք է որակում բլոգեր Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները: Բլոգերը՝ գործով որպես վկա, հուլիսի 15-ին հարցաքննվել է զոհված հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստին:
«Դեռ նոր էր մտել հարցաքննության, դատարանի դահլիճում ասաց, հենց նոր Գարիկ Գալեյանը ինձ սադրել է: Հետո ասում էր, իբրեւ թե Գարիկ Գալեյանը նիստը լուսաբանելու եկած լրագրողներին բերել է, որ նրան սադրեն: Գարիկ Գալեյանը նստած է եղել փաստաբանի կողքին, ամբողջ ընթացքում ոչ ձայն է հանել, ոչ մի արձագանք չի տվել: Այդ բլոգերը ոտքից գլուխ սադրանք է, կատարում է քաղաքական պատվեր: Նա լավ պաշտպանված է, նրա թիկունքը ներկայիս իշխանություններն են, որոնք էլ հովանավորում են նրան»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Գալեյանը:
Բլոգերը դատական նիստի ժամանակ գնահատականներ է տվել զոհվածների ընտանիքներին, արցախցիներին…:
Տիկին Գալեյանը անդրադառնալով հատկապես զոհվածների ընտանիքների վերաբերյալ բլոգերի տարանջատված գնահատականներին, ասաց. «Դատարանում էլ ասաց, որ այցելել է 1450 զոհվածների ընտանիքներ, որոնք կարգին ընտանիքներ են: Ստացվում է, որ այն ընտանիքները, որոնք իշխանամետ են, կարգին են, որոնք այս իշխանություններին դեմ են ու կարծում են, թե մեր որդիների զոհվելու մեջ մեղավոր են հենց այս իշխանությունները , լավ ընտանիքներ չեն: Երեւի լավ ընտանիք է համարում այն մայրերին, որոնք սպիտակ հագած սեւ ու սպիտակ փարթիին պարել են, Ռոմանն էլ գրկել, նկարվել է, նրանք լավ մայրերն են: Այդ նիստին թվում էր, թե եկել է քաղաքական դատավարության, ամեն րոպե գովերգում էր այս իշխանություններին, անընդհատ ասում էր՝ մեր իշխանությունները, մեր իշխանությունները»:
Կարդացեք նաև
Լրագրող Անի Գեւորգյանն էլ պատմեց, թե ինչ հանգամանքներում է բլոգերն իր վրա այդ օրը հարձակվել. «Ռոման Բաղդասարյանը գործով վկա է ու պետք է հարցաքննվեր: Ես մի պահ դուրս եկա, Ռոմանին նստած տեսա: Քանի որ ուղիղ հեռարձակում էի իրականացնում, փորձեցի կադրը պահել վրան, որ հանրությունը տեսնի՝ հերոսի հոր դեմ ով է ցուցմունք տալիս: Ես կադրը դեռ չէի հասցրել նույնիսկ ուղղել, տեղից վեր կացավ ու ձեռքիս ուղղված հարվածի միջոցով փորձեց հեռախոսս խլել, արդյունքում՝ ուղիղ հեռարձակումն անջատվեց: Որեւէ հարց չէի ուղղել նրան»:
Լրագրողը բլոգերի պահվածքը համարում է քաղաքական գործիչների պահվածքի ուղիղ հետեւանք. «Որովհետեւ նրանց համակիրները, երբ տեսնում են, որ իշխանական քաղաքական գործիչը թիրախավորում է տվյալ լրագրողին, կա՛մ փորձում են արջի ծառայություն մատուցել նրանց, կա՛մ գուցե պատվերով են անում: Կոնկրետ Ռոման Բաղդասարյանի դեպքում կարծում եմ, որ նա միտումնավոր էր անում, որ ծնողներից մեկը չդիմանա սադրանքին ու միջամտի կամ պատասխանի նրան»:
Լրագրողին ամենաշատը զարմացրել է այն, որ միջադեպի ժամանակ կարգադրիչները փոխարենն իրեն պաշտպանեին, ջանասիրաբար պաշտպանում էին բլոգերին ու նրան տանում դատարանի շենքի պետքարան տանող ճանապարհով: Հիշեցնենք, որ Ռոման Բաղդասարյանը ամիսներ առաջ էլ բլոգեր Արթուր Չախոյանից փախչելու համար թաքնվել էր դպրոցի պետքարանում:
Աստղիկ Գալեյանն այս առումով նկատեց, որ միգուցե պետքարանը բլոգերի սիրած վայրն է:
Անի Գեւորգյանն էլ վերջում հավելեց, որ իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքով ինքը չի պատրաստվում հանցագործության մասին հաղորդում տալ, որովհետեւ անիմաստ է համարում: Ըստ լրագրողի՝ նմանատիպ դեպքերով նախաձեռնված մի շարք քրեական վարույթներ ընթացք չեն ունենում:
Ռոման Բաղդասարյանը չարձագանքեց մեր զանգերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ