Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան․ «Թյուր ակնկալիքներ առաջացնելը, թե հանրաքվե կլինի ու մեզ Եվրոպայում գրկաբաց կընդունեն, ընդամենը նշանակում է հիմարացնել մեր քաղաքացիներին»

Հուլիս 17,2024 20:03

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ զորավարժություններին, որը մեր հարեւան դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի եւ Իրանի համար մտորելու առիթ է, եւ նրանց գնահատմամբ, դրանք ուղղված են հենց իրենց դեմ, ասաց․ «Երբ օրեր առաջ հրապարակվեցին GALLUP International Association անցկացրած հարցման տվյալները, անհանգստացնող մի բան եմ նկատել։ Ի թիվս բազմաթիվ այլ տվյալների, այնտեղ նշվում էր, որ կա հարցվածների մոտ 28 %, որը գտնում է, որ ամեն գնով, անգամ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, պետք է գնալ դեպի եվրաինտեգրացիա։

Եթե հիմնվենք այս տվյալների վրա, որոնք մեր իրականությունն արտահայտում են գուցե աննշան շեղումներով, ստացվում է, որ մեր հանրության շրջանում մոտ 30 %-ի հասնող մի հատված, որը շատ խորը մոլորության մեջ է գտնվում։ Մի շատ տրամաբանական հարց․ թողնենք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր վտանգները։ Իսկ մեզ սպասո՞ւմ են Եվրոպայում։

Այս մարդկանց ակնկալիքներն առ այն, որ  Հայաստանը ժխտելով, մերժելով իր տասնյակ տարիների արդեն ավանդական աշխարհաքաղաքական կողմնորոշումը, եթե գնա եվրոպական ուղղությամբ, այնտեղ մեզ ընդունելո՞ւ են։ Եթե դուրս եք գալիս, մերժում եք, հակառակ կողմը պատրա՞ստ է ձեզ ընդունել, թե՞ ոչ։ Վերջին շրջանում, երբ նիկոլական իշխանությունը մանիպուլյացիոն այն թեզը առաջ բերեց, թե Եվրամիություն մտնելու համար հանրաքվե պետք է անցկացվի, հակառակ կողմից անմիջապես շատ ճիշտ գնահատականներ հնչեցին, որ դա ընդամենը գեղեցիկ ֆոն ստեղծելու միջոցով Ալիեւի պարտադրանքը կատարելու մի փորձ է ընդամենը։ Եվ այդպես էլ կա։

Բայց անտեղյակ մարդկանց մոտ, թերեւս, այս 28 %-ն էլ պոտենցյալ մոլորության մեջ գտնվող մեր հայրենակիցներն են, գուցեեւ ստեղծվի պատրանք, որ ամեն ինչ եկել, հասել է այն կետին, որ հենց մեր հանրաքվեի արդյունքն է պակասում Եվրամիության անդամ դառնալու համար։

Ես ուղղակի հիշեցնեմ, որ երբ տարիներ առաջ այդ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կնքվեց, դա փոխադարձ գործընթաց էր, տարիներ շարունակ բանակցություններ էին ընթանում։ Կողմ հանդիսացող Միացյալ Եվրոպան գնում էր Հայաստանի հետ այդ գործընթացը մինչեւ վերջ տանելուն։ Կար փոխադարձ ընկալում։

Հիմա ուզում եմ հարց տալ․ արդյո՞ք ԵՄ որեւէ պաշտոնյա Հայաստանին հրավիրել է Եվրամիություն, արդյո՞ք հնչել է պաշտոնական հրավեր։ Կամ տեսանելի հեռանկարում Հայաստանի անդամակցության վերաբերյալ ինչ-որ դիրքորոշում արտահայտվե՞լ է եվրոպական չինովնիկների կողմից։ Չկա նման բան։ Եվ շատ կարեւոր մի նկատառում։ Վրաստանի օրինակը։ Վրաստանը արդեն մոտ 20 տարի շատ հաստատուն, տեւականորեն ընթանում էր եվրաինտեգրման ճանապարհով, այդ առումով ուներ շատ ավելի առաջընթաց, քան մենք։ Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության հարց որպես այդպիսին չկա։ Եվ վրացական քաղաքական վերնախավի լայն շրջանները հասկացան, որ այդ գործընթացը եթե անգամ գա իր տրամաբանական հանգրվանին, շատ կարեւոր նրբություններ կան։ Վրաստանն ի՞նչ է կորցնում այդ ընթացքում։ Տնտեսական հարթության մեջ իրենց ապրանքը կարողանո՞ւմ են այն ծավալով սպառել Եվրոպայում, որ վրացական տնտեսությանը թույլ տա թափ հավաքել, զարգանալ։

Շատ լավ հասկացան ու նաեւ հաշվի առան, որ ուլտրա-լիբերալ՝ լիբերալ ֆաշիզմի, դիրքերից պարտադրանքը՝ կապված ամեն տեսակ այլասերվածություններն օրինականացնելու հետ, քանդում է նաեւ վրացական ինքնությունը։

Հիմա Վրաստանում իշխանության է եկել մի ուժ, որը լուրջ աջակցություն ունի երկրում, եւ չհրաժարվելով եվրոպական ինտեգրացիա ասվածից, որոշակի շտկումներ է մտցնում իրենց քաղաքականության մեջ եւ ձգտում է վերականգնել առողջ, փոխշահավետ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իսկ սա առաջացնում է Միացյալ Արեւմուտքի կատաղությունը։ Վրաստանը չի գնում Ռուսական աշխարհի մաս դառնալու ճանապարհով։ Իրենք պարզապես բառի բուն իմաստով ուզում են ինքնիշխան լինել, իրենց ինքնիշխանությունը եւ պետականությունը ամրապնդելու շատ հստակ քայլեր են կատարում։ Նույնը տեղի է ունենում նաեւ Մոլդովայում։

Հիմա մեզ մոտ այդ թյուր ակնկալիքներն առաջացնելը, թե հանրաքվե կլինի ու մեզ Եվրոպայում գրկաբաց կընդունեն, ընդամենը նշանակում է հիմարացնել մեր քաղաքացիներին։ Եթե անգամ Հայաստանի Հանրապետության երեք միլիոն քաղաքացի, իսկ այդպիսի քանակ, ցավոք, չկա, գնա ու Եվրոպային անդամակցելուն կողմ քվեարկի, Եվրոպան մեզ չի ընդունելու։ Եվրոպական ընկալումներում մենք ընկալվելու ենք որպես Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող մի տարածք, հակառուսական պլացդարմ, որն ունի եվրոպամետ ձգտումներ, ինչպես արտգործնախարար կոչեցյալն է ասում, բայց որին երբեք չեն ընդունի։ Պարզապես, հեռավոր մատույցներում կպահեն իբրեւ հակառուսական պլացդարմ հակառուսական ամենատարբեր խարդավանքների համար»,-ասաց պարոն Ջամալյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031