Իտալական Բարի քաղաքի «Արմենի Ապուլիա» ասոցիացիայի քարտուղար, «Հրանդ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար, պրոֆեսոր Կարլո Կոպպոլան, որ Իտալիայում հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, հայ-իտալական պատմական կապերի ուսումնասիրության հարցերով աշխատություններով, Aravot.am-ի հետ զրույցում ուրախությամբ արտահայտվեց, որ վերջապես Պուլիայի շրջանում պատվավոր հյուպատոսություն է բացվել, հատկապես որ այդտեղ փոքր, բայց կուռ հայկական համայնքն կա:
ՀՀ պատվավոր հյուպատոսն է Դարիո Ռուպեն Թիմուրյանը, որն էլ կլինի Պուլիայում ՀՀ քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը։
Կառլո Կոպպոլան հիշեցրեց, որ հայերը Պուլիայում բնակություն են հաստատել դեռեւս միջնադարում, սկսած՝ 10-րդ դարի սկզբից, երբ Բարին Բյուզանդական կալվածքների մայրաքաղաք էր: Ի դեպ, դոկտոր Սիրանուշ Քուարանտան, որ Բարիի Նոր Արաքս բնակավայրի հայ վերաբնակների ժառանգներից է, անցյալ տարի Հայաստանում Իտալիայի դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել էր նյութեր եւ քարտեզներ, որոնք փաստում են Կենտրոնական եւ Հարավային Իտալիայում հայոց պատմության աշխարհագրական ու ճարտարապետական վկայությունները: 1915թ եղեռնից փրկված հայ ընտանիքներից որոշները եւս ապաստան են գտել Բարիում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ