Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը դատակոչվելու է եւ ցուցմունք է տալու․ Աննա Ծառուկյանը՝ Գառնիկ Իսագուլյանի գործի մասին

Հուլիս 17,2024 18:40

«2020 թվականից դատվում ենք ու հենց հասնում է այն պահը, երբ պիտի հարցաքննվեն այն մարդիկ, ում նկատմամբ ես իբրեւ սուտ մեղադրանքներ եմ ներկայացրել, սուտ մատնություն եմ արել, բնականաբար, դատավորի կարգավիճակը բարձրացվում է, գնում է վերաքննիչի դատավոր, իմ գործն ուղարկվում է մեկ այլ դատավորի մոտ։ Չգիտեմ, հաշվի առնելով նախադեպը, ես վախենում եմ, որ վերջում եթե մի դատավոր մնա՝ ժամկետի պատճառով գործը կարճի, այդ մարդուն ԲԴԽ-ն ի՞նչ պիտի անի, պաշտոնից ազատի՞»,- այսօր, իր գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով դատավոր Աննա Դանիբեկյանի մասով ԲԴԽ որոշումը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանի գործի քննությունը։

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ, դատախազությունն այս տարիների ընթացքում հավանաբար, հասկացել է, որ անիմաստ է այս վարույթներով հետապնդումները շարունակել, ուստի, ավելի ճիշտ կլինի իրենք էլ վարույթները ետ վերցնեն՝ «իրենց գլուխն էլ ազատեն, մերն էլ»։

Գառնիկ Իսագուլյանի շահերի պաշտպան Աննա Ծառուկյանը շարունակում է պնդել, որ Իսագուլյանը քաղաքական հետապնդման զոհ է եւ իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի գործողությունները ՄԻԵԴ-ում «պայթելու են» եւ ՀՀ-ն պատասխանատվության է ենթարկվելու։

Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ, միեւնույն դրվագներով, թե քրեական, թե քաղաքացիական վարույթներ են նախաձեռնվել։

«Ես մեղավոր չեմ, թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ, դեռ 2018 թվականին պետք է անկեղծանայի եւ հայտարարեի, որ Արցախն ադրբեջանական տարածք է․ ԱԺ այս երկու ելույթներն էլ խոստովանական ցուցմունքներ են։ Հետեւաբար, այդ հայտարարությունների հիման վրա, միանշանակ գալու է, դատակոչվելու է (պաշտպանը նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն․ Գ․) եւ ցուցմունք է տալու, որ հասկանանք՝ 2018 թվականի դրությամբ, եթե Իսագուլյանն ասում է՝ եկել ես Արցախը տալու, Շուշիի դրվագով, ասում է՝ հանձնել ես՝ առանց մեկ կրակոցի, եթե Իսագուլյանն ասում է 400 անձնագրերի վերաբերյալ՝ փաստացի ադրբեջանցիները, հայախոս, մուտք են գործել Հադրութից․․․ այդ բոլոր փաստերի արձանագրումը թողել եք եւ Իսագուլյանին ե՞ք դատում»,- հավելեց Աննա Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Գառնիկ Իսագուլյանի գործով նիստը։

Պաշտպան Աննա Ծառուկյանը հայտարարությամբ հադես եկավ՝ Գառնիկ Իսագուլյանը անձնագիր չունի․ վարույթ իրականացնող մարմիններից, հայտնի չէ թե որը, վերցրել է անձնագիրը եւ կորցրել է այն, ինչի արդյունքում, Գառնիկ Իսագուլյանը թե իբրեւ կուսակցության նախագահ, թե իբրեւ անհատ անձ, խնդիրների առաջ է կանգնում։ Պաշտպանը խնդրեց, որ դատարանը գրություն ուղարկի վիզաների եւ անձնագրային վարչություն, որպեսզի հարցն արագ լուծվի՝ վերականգնելով անձի իրավունքը։

Հարցի քննությունը դատարանը հետաձգեց, քանի որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ուներ։ Աննա Ծառուկյանի դիտարկմամբ, քրեական դատարանը իրավունք չունի Գառնիկ Իսագուլյանի գործով առնվազն մեկ դրվագ քննելու, մինչդեռ գործադիր իշխանության միջամտությամբ քրեական դատարանը քննում է այս գործը՝ ակնհայտ քաղաքական պատվերն արհեստականորեն քրեականացնելով։ Ուստի, պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում այս կազմով դատարանի կողմից սույն գործի քննության իրավունքը։

Պաշտպանը հիշեցրեց՝ 48 միլիոնի դրվագով նույն գործը նաեւ քաղաքացիական դատարանում է քննվում․ առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարել էր Լիլիթ Մակունցի հայցը, ապա, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Գառնիկ Իսագուլյանի բողոքը եւ առաջիկայում, քաղաքացիական դատարանում, այս գործով նոր քննություն է սկսվելու։

Հիշեցնենք, որ իր հրապարակային ելույթներից մեկում Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանում իրականացվել է ադրբեջանական փողերով եւ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել․ այդ գումարները Վրաստանից Հայաստան են ներկրել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՔՊ-ական, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ՔՊ-ական պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը եւ Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքացիական դատարանում էր նաեւ Սամվել Բաբայանի մահափորձի դրվագով գործը եւ հարցը չքննարկելու որոշում է կայացվել՝ հայցվորի՝ Սամվել Բաբայանի՝ քանիցս դատարան չներկայանալու պատճառով։

Դատարանը մերժեց միջնորդությունը։ Միջնորդության հիմքի՝ վիճելի հարցերը քաղաքացիաիրավական, թե՞ քրեաիրավական են, դատարանը կորոշի վերջնական դատական ակտով։

Ի դեպ, դատարանին բացարկի մասին որոշման հրապարկմանը դատախազները ներկա չէին։ Պաշտպան Աննա Ծառուկյանը տարակուսեց, որ վերջիններս տեղեկացված էին՝ հետո նիստը չշարունակելու մասին եւ հեռացել էին։ Դատախազների կեցվածքը պաշտպանն առնվազն անհարգալից որակեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիստի ավարտից հետո, Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց՝ հույս չունի, որ դատարանը կհայտարարի, թե քաղաքական հետապնդում է, բայց ակնկալում է, որ դատարանն արդարացման վճիռ կկայացնի եւ ինքը ՄԻԵԴ գնալու անհրաժեշտություն չի ունենա։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031