Արձակուրդի մեկնելը իրավունք է, որից օգտվում են համարյա բոլորը, այդ թվում՝ նաև երկրի ղեկավարները։ Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ երկրի ղեկավարի արձակուրդ գնալուց հետո տվյալ երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, երբ պաշտոնյան ստիպված է եղել ընդհատել իր հանգիստն ու վերադառնալ իր աշխատանքին, որովհետև ստեղծված արտակարգ կամ ֆորսմաժորային իրադրությունում իրավիճակը կարող է ավելի բարդանալ կամ կազմակերպչական աշխատանքները ճիշտ չէին ընթանա առանց իր ներկայության ու գործուն մասնակցության։
Կարիք չկա թվարկելու այն իրավիճակները, որը կստիպեր երկրի ղեկավարին անհապաղ ընդհատել հանգիստն ու լծվել առաջացած խնդրի չեզոքացման աշխատանքներին, միայն նշեմ, որ ըստ իս Հայաստանը արդեն իսկ այդ վիճակում է, երբ անվտանգության հարցերի հետ առնչություն ունեցող պաշտոնյաները արձակուրդ գնալուց առաջ պետք է մի քիչ երկար մտածեն։
Բնականաբար ՀՀ վարչապետը իմ նշած պաշտոնյաների շարքում առաջինն է։ Նա արձակուրդի մեկնելիս պետք է իր նստավայրից յոթանասուն կիլոմետրից ոչ հեռու տարածության վրա լինի, որպեսզի հեծանիվով կարողանա արագ վերադառնալ։
Կարդացեք նաև
Բայց վարչապետը որոշել է շատ ավելի հեռու գնալ։ Դա իր սահմանադրական իրավունքն է, որից ինքը որպես «օրինապաշտ» վարչապետ օգտվում է։
Հայաստանյան ներքաղաքական դաշտում ընդդիմության դոմինանտ միավորը առայժմ դիտվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը, ինչպես տեղեկացանք, արձակուրդ գնալու մտադրություն չունի, ինչը շատ ողջունելի է։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները կշարունակվեն, ըստ շարժման առաջնորդների, տեղի կունենան կարևոր թեմաներով քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ, թերևս նաև ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակցի հետ, ում անունը սրբազանը չտվեց, բայց ասաց, որ իր ընկերն է ու ԱՄՆ-ում ամենամեծ բժշկական առողջապահական հաստատություններից մեկի նախագահն է, որտեղ, ի դեպ տասներկու հազար բժիշկ է աշխատում։
Կլինեն, անշուշտ, նաև ավելի համեստ դիրքում գտնվող մարդկանց հետ հանդիպումներ, ինչպես նաև գործողություններ, որոնցից ամենաուշագրավը ՀՀ վարչապետի դեմ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ սրբազանին զրպարտելու մեղադրանքով դատական գործընթաց սկսելու մտադրությունն է։ Վարչապետն ասել էր, թե սրբազանը ոստիկաններին ասել էր՝ սաղավարտները հանեք ու հետո էլ ակցիայի մասնակիցներին ասել էր, որ քարեր շպրտեն ոստիկանների ուղղությամբ։ Սա, անշուշտ, միակ զանցանքը չէ, որ վարչախումբը թույլ է տվել իրեն այդ օրն ու այդ օրվա հետ կապված հայտարարություններում, բայց վարչապետի այդ սուտ խոսքերը սրբազանին շատ խիստ վիրավորել են։ Բացառված չէ, որ սրբազանը հաղթի դատն ու դատարանը ստիպի Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Բագրատ սրբազանից՝ վերջինիս զրպարտելու համար ու մեկ միլիոն դրամ որպես բարոյական վնասի հատուցում կամ միգուցե ավելի շատ գումար։ Կարծում եմ նման դատական վճռի հույս սրբազանը այնուամենայնիվ ունի և քիչ ռեսուրսներ չի օգտագործվի այն իրականություն դարձնելու համար։
Չեմ կարծում, որ Բագրատ սրբազանի հույսերը կարդարացվեն և անկեղծորեն չեմ էլ կարողանում հասկանալ, թե ի՞նչ իմաստ ունի նման դատական հայցեր ներկայացնելը մի երկրում, որտեղ դեռ առկա են քաղբանտարկյալներ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ