Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներս շատ հուզող հարցեր ու խնդիրներ ունենք». Խնապատից Մեծավան. Վրեժ Մելքումյանը շարունակում է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ

Հուլիս 17,2024 17:55

«Ապառաժ». Վրեժ Մելքումյանն ընտանիքով բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ Այս գյուղում ապրում է 79 արցախցի ընտանիք:

Վրեժը հայրենի Խնապատ գյուղում թողել է իր ողջ կյանքի ստեղծածը։ Այսօր ինքն իրեն հարց է տալիս՝ այդ ի՞նչ ուժ ու եռանդ ուներ, որ կարողացավ այդքանը ստեղծել․ նրա թևերը կինն ու 4 դուստրերն են, որ այստեղ ևս շարունակում են օգնել ու վերստին ոտքի կանգնել։

Վրեժը դեռևս 2020-ին Ակնայի տարածքում է թողել 8 հա նռան և արքայախնձորի բերքատու այգիներ, անասնաֆերմա, փոքրիկ ձկնաբուծարան։

2023-ի սեպտեմբերի վերջին Վրեժ Մելքումյանի ընտանիքը ողջ արցախահայության հետ ձեռնունայն բռնագաղթել է Արցախից։ Միանգամից եկել ու հաստատվել են Մեծավան գյուղում։ Վրեժն աշխատանքի է անցել «Տաշիրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնում, կինը՝ Մեծավանի մշակույթի տանը։ Ավագ աղջիկները աշխատում են կրթամշակութային հիմնարկներում։ Արցախում Վրեժը «Ասկերանի Խաչենշին» ՓԲԸ կոմունալ ծառայության պետն էր։

Մեծավանում հաստատվելուց հետո հանդիպեցի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ ու առաջարկեցի արցախցիներիս ուժերով ծառատունկ կազմակերպել։ Պարապ չէինք ցանկանում մնալ, միաժամանակ էլ օգտակար գործ կանեինք մեզ այդքան սրտաբաց ընդունող ժողովրդի համար։ Մեծավանում Խնապատ գյուղից ապրում է 10 ընտանիք։ Խնապատցիներով հավաքվեցինք ու մոտ 700 հատ հացենու տնկիներ տեղադրեցինք Տաշիր-Ստեփանավան ճանապարհի աջ ու ձախ կողմերին։ Տնկիները բերեցինք մոտակա անտառներից։ Հետո աշխատանքի առաջարկություն ստացա և ընդունեցի, քանի որ ունեի բավականաչափ փորձ ու աշխատելու մեծ ցանկություն,-պատմում է Վրեժը և ավելացնում, որ աշխատանքը ծանրաբեռնված է, կատարում է հնարավորը, որ արդարացնի իրեն վերապահված պարտականությունը։

Հողի հետ մշտապես աշխատող, անընդհատ պրպտացող Վրեժը չի բավարարվում միայն համայնքային գործով։ Մեծավանի տնամերձ հողամասում 1000 քառ․ մետրի վրա ջերմոց է հիմնել ու աճեցնում է տարբեր տեսակի բանջարեղեն։ Ամեն ինչ, որ բարեհաջող լինի՝ կարող է նաև սեփական արտադրանքը շուկա հանել։

-Արցախցիներս շատ հուզող հարցեր ու խնդիրներ ունենք։ Ամենակարևորը սեփական տանիք ունենալն է։ Բնակարանային աջակցության ծրագիրը շատ է քննարկվում արցախահայության մեջ։ Մարդիկ մտածում են՝ որտեղ տուն ձեռք բերել,-ավելացնում է Վրեժը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031