Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսե՞լ, որ միջազգային կառույցների վճիռներն Ադրբեջանը առ ոչինչ է ընդունել. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հուլիս 17,2024 18:04

Պարզ է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ և գոհ է միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։

Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Ադրբեջանը, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի հայությանը հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական վադալիզմը ստիպեց ենթարկվել բռնի տեղահանման 10-ամսյա հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։ 51-ամյա Բայրամովը կարծես թե չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։ Հիշողության նման խնդիրներն անժամանակ են առաջանում ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։ Արդյո՞ք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսել, որ Արդարադատության միջազգային դատարանի, միջազգային իրավարար այլ կառույցների և կազմակերպությունների որոշումներն ու վճիռներն Ադրբեջանն առ ոչինչ է ընդունել։ Արդյո՞ք պարոն Թրոյ Դուլին նման իրողություններից հետո կարող է վստահություն տածել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես գործըներոջ «միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ»։ Նման գործելակերպով վերջինս միայն հարվածի տակ է դնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը՝ այն վերածելով խամաճիկային երևույթի՝ տեսողական և մտածական լուրջ անբավարարություններով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։ Տվյալ պարագայում նման գործընթացի անունն է ադրբեջանական ռասիզմ և համակարգային հայատյացություն։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031