Չնայած երիտասարդ տարիքին՝ Ալիսան այսօր հոգեբանական բազմաթիվ խնդիրների է հանդիպում, ամուսնու մահից իրականության հետ հաշտվել չի կարողանում։ Տիգրանի և Ալիսայի ամուսնությունը տևեց ընդամենը 73 օր։ Երջանկությունն ընդհատվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին․․․
2020 թվականից հետո թեև Արցախում կյանքը հիմնովին փոխվել էր, սակայն Ալիսան հենց այդ բարդ շրջանում գտավ իր երջանկությունը՝ նրա կյանքում հայտնվեց Տիգրանը:
«Ամեն ինչ փոխվեց շուրջս: Սիրեցի շատ, ամեն ինչից շատ ու անմնացորդ սիրով: Ինքս մեծացած լինելով զինվորականի ընտանիքում, տեսնելով հորս նվիրվածությունը հայրենիքին՝ ուղղակի ապշում էի ամեն օր տեսնելով այդ ամենը նաև Տիգրանի մեջ: Եվ շատ հպարտանում էի, և՛ վախենում նույնչափ, որովհետև գիտակցում էի` վճռական պահին հայրենիքն ամեն ինչից վեր է դասելու»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է արցախյան վերջին պատերազմում ամուսնուն կորցրած Ալիսա Ավանեսյանը։
Կարդացեք նաև
…Տիգրանի և Ալիսայի վերջին հրաժեշտը սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 7-ին էր:
«Կարծես զգում էինք, որ սա մեր վերջին հանդիպումն է։ Ամուր գրկել էինք իրար ու չէինք ուզում բաց թողնել։ Հետո անընդհատ հետևից նայում էի, կանչում, ինչ-որ անիմաստ հարց էի տալիս, որ մի փոքր կանգնի՝ նորից նայեմ։ Անընդհատ կապի մեջ էինք, խոսում էինք, օրվա մեջ երբ հարմար էր լինում՝ զանգում էր: Այդքան տխուր նրա ձայնը երբեք չէի լսել , որքան այդ օրերին էին: Մտածում էի՝ կարոտում է, ամուսնանալուց հետո 2 ամիս անընդհատ միասին էինք ու միանգամից այդքան օր իրար չէինք տեսնում»,- պատմում է նա։
Ամուսնու զոհվելու լուրը լսելիս, ասում է, աշխարհը փլվեց գլխին։
«Ոչինչ չէի հասկանում, տեսնում ու լսում: Չեմ էլ հիշում, թե ոնց հասանք Հայաստան: Մեր տունը դարձավ Եռաբլուրը»:
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում