Տեղեկացրել ենք, որ երեկ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը գզել էր 5 հոգու, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն էր, որին Գյումրի ԲԿ-ից տեղափոխել էին մայրաքաղաք` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածից։
Նա պատմեց, որ երեխան մոր հետ գնացել է բարեկամի տուն, անցել են առվակի մոտով, որը բավական ամայի տարածք է․ մեքենաների շարժ չկա, հիմնականում անասուն պահողներ են այնտեղ լինում։
Շունը, ըստ վարչական ղեկավարի, հասել է նրանց վրա, վնասել թե՛ մորը, թե՛ երեխային․ բերանի մեջ է վերցրել 5 տարեկան տղայի գլուխը, համագյուղացիներն էլ, տեսնելով, հասել են օգնության։ Շունը նրանց ևս կծել է։
Կարդացեք նաև
«Չգիտենք այդ շունը որտեղի՞ց է հայտնվել առվակի մոտ, չգիտենք՝ տեր ունի՞, չունի՞, երևի սոված է եղել, հասել ու կծել է։ Շունը երեխայի գլուխը բերանն է վերցրել։ Մեր համագյուղացին եղանով է փորձել վախեցնել շանը, որպեսզի փրկի երեխային, տեսել է՝ հնար չկա․ շունը բաց չի թողնում նրան, ձեռքերը տարել է շան բերանի մեջ ու մի կերպ ազատել երեխային։ Շունը կծել էր նաև նրա ձեռքերը։
Շատ մտահոգ էի երեխայի համար, քիչ առաջ խոսել եմ մոր հետ, ասաց՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի ծնոտն էր ջարդել, քիթը վնասել։
Ամեն ինչով համայնքը պատրաստ է օգնելու, կանգնած է կողքերը, միայն թե առողջանան», -ասաց վարչական ղեկավարը։
Նա նաև նշեց, որ շանը բռնել են, մեկուսացրել, պիտի հասկանան՝ ինչ է կատարվել։
Մենք Մուշեղ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե շա՞տ են թափառող շները գյուղում։
Նա ասաց, որ խնդիրն առկա է նաև իրենց մոտ, թեև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը փորձում է այդ հարցին լուծում տալ, բայց ահավոր վիճակ չէ, ինչպես մյուս տեղանքներում։
Ըստ նրա, թափառող շները շատ չեն, բացի այդ, երբևէ մարդկանց վրա չեն հարձակվել, թե այս մի շունը որտեղից է հայտնվել գյուղի ամայի տարածքում, դա չգիտեն։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրի ԲԿ տեղափոխված 5 հոգուց 3-ի մոտ՝ 1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են եղել դաստակի և ձախ նախաբազկի շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր, 1999 թ․-ին ծնված Բ․Ռ․-ի մոտ դաստակի չորս մատի ափային մակերեսում շան կծած պատառոտված վերք, 1968 թվականին ծնված Բ․ Ք․-ի մոտ զույգ վերջույթների շան կծած սալջարդ վերքեր։
Երեխայի մոր մոտ մարմնի տարբեր մասերում շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր են եղել, իսկ երեխան ունեցել է դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ