Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստն էր:
Ըստ հայցի, Բռնագանձման ցանկում են մայրաքաղաքում մի քանի տասնյակ գույք, Հյուսիսային պողոտայում ավտոկայանատեղ, մի շարք բանկերում բաժնետոմսեր, որոնք ձեռքբերման պահին առկա օրինական եկամուտներով չեն հիմնավորվել:
Սեդրակ Քոչարյանը, ըստ դատախազության, մասնաբաժիններ ունի ոչ միայն հայաստանյան ընկերություններում, ինչպես օրինակ, 30 % մասնակցություն՝ հայտնի «Տոյոտա Երևան» ընկերությունում, այլեւ Տանզանիայում: Մասնավորապես, Տանզանիայում գրանցված «Փլեյ Մասթըրս Գեյմինգ Քորփորեյշըն» ընկերությունում ունի 37.4 տոկոս մասնակցություն, 84.3 տոկոս մասնակցություն էլ ունի «Թարգեթս Գրուպ» ընկերությունում»:
Այսօրվա դատական նիստում, որպես երրորդ անձանց ներկայացուցիչներ ներգրավվեցին փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Արամ Օրբելյանը, Մերի Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Ուշագրավ քննարկում ծավալվեց նիստի ժամանակ, երբ Aravot.am-ը միջնորդություն ներկայացրեց տեսանկարահանելու եւ լուսանկարելու: Դատախազ Գեւորգ Քոչարյանը չառարկեց:
Արամ Վարդեւանյանն ասաց. «Եթե իմ՝ որպես փաստաբան սուբյեկտիվ դիտարկումը ներկայացնեմ, ես առարկություն չունեմ: Հետաքրքիր կլինի գործընկերներիս դիրքորոշումը իմանալ: Քաղաքացիական դատավարությամբ, եթե մասնակիցներից մեկը առարկություն ունենում է, տվյալ դեպքում հայցվոր կողմը չունի, երեւի թե պատասխանող կողմի դիրքորոշումն ավելի կարեւոր կլինի, այնպես որ թողնում եմ դատարանի հայեցողությանը»:
Պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ տեսանկարահանում ու լուսանկարում անելու համար պետք է միաժամանակ երկու հանգամանքի առկայություն՝ նիստին մասնակցող անձանց համաձայնությունը, որից հետո դատարանի թույլտվություն. «Ես, որպես նիստին մասնակցող անձ, դեմ եմ, որ այս նիստը տեսաձայնագրվի, հեռարձակվի: Դեմ եմ ոչ միայն, որ կամերան ինձ պահեն, այլ առհասարակ տեսաձայնագրմանը: Մի ներկայացուցչի դեմ լինելը բավարար է, որ դրանից հետո դատարանն ամբողջությամբ մերժի տեսաձայնագրումը»:
Արամ Օրբելյանը նույնպես դեմ էր տեսաձայնագրմանը, լուսանկարմանը. «Աուդիոձայնագրմանը առարկություն չունեմ, որովհետեւ չեմ կարող ունենալ: Դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքային ռեժիմը շարունակի մնալ աշխատանքային: Ինքնին դատական նիստը դռնբաց է, մարդիկ կարող են գալ, ներկա լինել, բայց չպետք է հետաքրքրության առարկա դառնա, թե դատական նիստում ով ավելի լավ ասաց, ով ուժեղ բառ ասաց: Դրանով է պայմանավորված, որպեսզի բոլոր մասնակիցները, ոչ միայն ես, կաշկանդված չլինեն գործընթացով»:
Առարկեցին նաեւ պատասխանողի մյուս ներկայացուցիչները:
Դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ այդ առարկությունները ընդունելի չեն դատարանի համար. «Չի կարող դատավարությանը մասնակցող որեւիցե անձ ինքը որոշել, թե ամբողջ դատական նիստը տեսաձայնագրվելո՞ւ է, լուսանկարահանվելո՞ւ է, թե՞ ոչ: Դատարանն է որոշում: Օրենսգիրքը նիստի կամ դրա մի մասի նկարահանման վերաբերյալ հստակ կարգավորումները տալիս է: Առավելագույնը, ինչը կարող է պաշտպանել կողմը իր հայեցողությամբ, դա իր սեփական նկարների պաշտպանությունն է: Ընդ որում, դա չի վերաբերում ձայնագրմանը: Որեւիցե սահմանափակում չկա: Հետեւաբար, առավելագույնը, որ դուք կարող եք պահանջել եւ ստանալ, դա այն է, որ անձամբ ձեր պատկերը չլուսանկարահանվի, չտեսանկարահանվի»:
Նա դիմեց փաստաբաններին. «Ովքեր որ առարկում էին, համաձա՞յն են, որ իրենց պատկերը լուսանկարահանվի կամ տեսանկարահանվի»:
Օրբելյանն ասաց, որ ինքն անկախ ամեն ինչից առարկում է, նրան միացան պատասխանողի մյուս ներկայացուցիչները:
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ սահմանափակում կա նաեւ ռադիոհեռարձակմանը, որը վերաբերում է նաեւ ձայնային տվյալների օգտագործմանը. «Թույլ չեմ տալիս իմ պատկերը լուսանկարել, ոչ էլ թույլ եմ տալիս իմ ձայնը հեռարձակել ռադիոյով: Ես դեմ եմ»: Օրբելյանը լրացրեց. «Ոչ միայն ռադիոյով, նաեւ այլ եղանակով ինտերնետով՝ YouTube-ով կամ այլ եղանակով»:
Վարդեւանյանը կատակեց, թե ո՞նց կարող է տեսանկարահանվի մի կողմը ու հանկարծ Արթուր Հովհաննիսյանի ձայնը չլսվի, կամ եթե ինքը դեմ չէ, իրեն տեսագրեն, բայց այնպես, որ կողքին Արթուր Հովհաննիսյանը չերեւա: Ըստ նրա, դա անհնար է, կամ էլ հնարավոր է մի դեպքում, որ ինքը գնա դատախազի կողքը նստի:
Դատարանը որոշեց լրագրողի միջնորդությունը բավարարել մասնակի. «Դուք կարող եք տեսանկարահանել եւ լուսանկարել՝ բացառությամբ պատասխանողների եւ երրորդ անձանց»:
Ճշգրտեցինք՝ որեւէ սահմանափակում կա՞ նիստում պատասխանողների ձայնի օգտագործման հետ կապված, որովհետեւ դռնբաց նիստը ձայնագրառելու որեւէ սահմանափակում չկա, իսկ լրագրողն ազատ է այդ ձայնն օգտագործել՝ հեռարձակել եւ այլն՝ դատավորը պատասխանեց, որ հեռարձակման հարց չի քննարկվել եւ ԶԼՄ-ն ազատ է այդ առումով:
Ըստ էության, այսքան քննարկումից հետո դատական նիստում տեսանկարահանման առիթ չեղավ, որովհետեւ նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 6-ը, քանի որ երրորդ անձանց ներկայացուցչները ժամանակ խնդրեցին՝ գործի մանրամասներին ծանոթանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ