Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտական կոնգրեսը Մատենադարանի գործունեությունը դնելու է միջազգային տեսանկյունից նոր հարթության վրա. Արա Խզմալյան

Հուլիս 17,2024 15:33

«Մեծ հնարավորություն է ստեղծվում բարդագույն ժամանակներում քննարկելու եւ ձեւավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, հայագիտության առաջընթացի համար… Մեր ակնկալիքները շատ մեծ են այս քննարկումներից»,- Հայագիտական միջազգային կոնգրեսին նվիրված ասուլիսում նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նա ասաց, որ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ օտարազգի հայագետներ՝ այդ թվում՝ Օքսֆորդի, Հարվարդի, Բոլոնիայի, Սորբոնի համալսարաններից, Հռոմի Սապիենցա համալսարանից եւ այլ հաստատություններից:

A meeting-discussion of the representatives of Armenian manuscript centers ahead of the International Congress of Armenian Studies took place in Matenadaran

A meeting-discussion of the representatives of Armenian manuscript centers ahead of the International Congress of Armenian Studies took place in Matenadaran

Խզմալյանն անդրադարձավ մեր խոշոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որ կայացել է ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ. «Շատ արդյունավետ հանդիպում ենք ունեցել, մասնակցում էին՝ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, Զմառի պատրիարքական կղերությունը եւ Պոլսո հայոց պատրիարքություն…Սա նույնպես պատմական հանդիպում էր, որտեղ հնարավորություն տրվեց լսելու բոլոր ձեռագրատների ներկայացուցիչներին եւ ընդգրկելու կոնգրեսի մեր օրակարգ»:

Արա Խզմալյանի ձեւակերպմամբ հայագիտական կոնգրեսը Մատենադարանի գործունեությունը դնելու է միջազգային տեսանկյունից նոր հարթության վրա:

A press conference dedicated to the International Congress of Armenian Studies took place in Matenadaran of Yerevan, Armenia

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, Մատենադարանն իր վրա վերցրել է դերը՝ հայագիտության ուղղությամբ դառնալու համակարգող այն կենտրոնը եւ հարթակը, որտեղ հնարավոր է սկսել խոսակցություն: Նա ասաց, որ շատ կարեւորում է առաջիկա օրերին Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումները:

Նախարարի խոսքով, հայագիտության ռազմավարության մշակման համար կարիք կա լսելու այն մարդկանց, որոնք ներգրաված են հայագիտության մեջ եւ այդ աշխատանքներն իրականացնում են տարբեր երկրներում: Նախարարը նշեց, որ հայագիտության զարգացումը կառավարության առաջնահերթություններից, եւ պետական բյուջեից ֆինանսավորվող առանձին ծրագրեր կան, որոնք իրականացվում են տարբերն երկրներում, տարբեր բուհերում՝ հայագիտական կենտրոններ ձեւավորելու շրջանակներում:

Նախարարի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ պետբյուջեից ֆինանսավորվող 12 պետությունների 15 բուհերում կազմակերպվող հայագիտական կենտրոններ կան, որոնց գործունեությունը շատ կարեւոր է հայագիտության զարգացման եւ տարածման առումով:

Նշենք, որ Հայագիտական միջազգային կոնգրեսը կանցկացվի հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։ Մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգեւոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):

Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացման նպատակն է միջազգային մակարդակում հայագիտությանը համակարգված բնույթ հաղորդելը, որն էլ իր հերթին կնպաստի աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը:

Միջոցառումը կազմակերպել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031