Հայաստանում անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում գների նվազում, այդ միտումը կա հատկապես երկրորդային շուկայում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռիելթորների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։
«Վերջին երկու տարիներին ունեինք մեծ միգրացիա դեպի Հայաստան, ինչի շնորհիվ վարձակալության շուկայում ունեինք գների էական, նույնիսկ կրկնակի ու եռակի աճ, ինչը նպաստել էր, որպեսզի մարդիկ բնակարաններ ձեռք բերեին ու վարձակալության հանձնեին։ Ռուսաստանից մենք ունեցանք միգրացիոն երկու հոսք, հետո արցախյան դեպքերը եղան, եւ բազմաթիվ մարդիկ բնակարաններ էին ձեռք բերում կամ վարձակալում։ Ոմանք էլ որոշեցին իրենց խնայողությունները վերածել անշարժ գույքի։ Դրա շնորհիվ երկրորդային շուկայում բնակարանների գները գերարժեւորվեցին։ Եվ քանի որ ժամանակի ընթացքում դեպի Հայաստան հոսքը սկսեց նվազել, արցախցիներն էլ տեղավորվեցին, երկրորդային շուկայում այդ պահանջարկը սկսեց նվազեց։ Արդյունքում՝ ստեղծվեց մի իրավիճակ, երբ շուկայում բնականոն ընթացքով տեղի է ունենում գների նվազում»,- ասաց նա։
Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ դժվար է ասել, թե քանի տոկոսով է գների նվազումը տեղի ունեցել։ «Ես կարող եմ մոտավոր ասել՝ 10-ից մինչեւ որոշ դեպքերում 30 տոկոս նվազում կա վերջին ամիսների ընթացքում»,- հավելեց նա։
Ըստ Անդրանիկ Հարությունովի՝ այս փուլում ակտիվ է անշարժ գույքի առաջնային շուկան, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը չի գործելու Երեւանի տարածքում։ «Բազմաթիվ քաղաքացիներ ձգտում են հասցնել այս տարի օգտվել այդ օրենքից։ Երկրորդային շուկայում էլ կա որոշակի ակտիվություն, բայց հիմնականում վաճառվում են այն բնակարանները, որոնք ավելի օբյեկտիվ գներով են վաճառվում։ Բացի այն, որ գներն են թանկ, մեզ մոտ հիպոթեկային վարկի տոկոսները բավական բարձր են՝ 13․5, 14․5, 15․5 տոկոս տոկոսադրույք է գործում։ Եվ արդեն իսկ բարձր գների պայմաններում մեր քաղաքացիներից շատերի համար դժվար է հիպոթեքով անշարժ գույք ձեռք բերել։ Երկրորդային շուկան կսկսի ավելի ակտիվանալ, երբ գները մեր քաղաքացիների համար ավելի հասանելի կդառնան»,- նշեց մասնագետը։
Կարդացեք նաև
Վերջին շրջանում շատ է քննարկվում հարցը, որ Երեւանում եւ անշարժ գույքի, եւ սպասարկման ոլորտի գները թանկ են եւ հավասար են եվրոպական քաղաքների գներին։ Հարցին, թե ինչո՞վ է սա պայմանավորված, Անդրանիկ Հարությունովը պատասխանեց․ «Շատ երկրներում խնդիր են դնում իրենց երկրի անշարժ գույքի շուկան ակտիվացնել այլ երկրների քաղաքացիների միջոցով։ Մեզ մոտ խնդիրը մի քիչ այլ է, քանի որ մենք ունենք մեծ Սփյուռք։ Եվ գների բարձրացմանը հիմնականում նպաստում է սփյուռքահայերի գործոնը։ Քանի որ նրանք ունենք մեծ եկամուտներ, կարողանում են իրենց թույլ տալ Երեւանի կենտրոնում կամ Արաբկիրում բարձր գներով բնակարաններ ձեռք բերել։ Շատ հաճախ են նման քննարկումներ լինում, մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ են Երեւանում գները թանկ, համեմատում են Վրաստանի հետ, որ Թբիլիսիում ավելի էժան է, քան Երեւանում։ Բացատրությունը պարզ է՝ մենք ունենք Սփյուռք։ Եթե հետ գնանք, Սիրիայի պատերազմից սկսած մինչեւ այսօրվա դեպքերը դիտարկենք, երբ որեւէ երկրում խնդիր է լինում, այնտեղից բազմաթիվ հայեր գալիս են Հայաստան։ Շատերը, փորձելով դիվերսիֆիկացնել իրենց միջոցները, նաեւ անշարժ գույք են գնում Հայաստանում, որ եթե ժամանեն Հայաստան, իրենց տանը բնակվեն։ Դրա ֆոնին մենք մեր երկրում ունենում ենք չպլանավորված պահանջարկ, ինչը նպաստում է գների բարձրացմանը։ Նախորդ երկու տարիներին աննախադեպ զարգացումներ եղան՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Արցախի ցավալի դեպքերը, դրանով անշարժ գույքի մեծ պահանջարկ էր առաջացել, ինչի հաշվին գներն էլ ավելի շատ էին բարձրացրել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ