News.am–ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար:
Այս անգամ զրուցել ենք ամերիկահայ փաստաբան Գառնիկ Կերկոնյանի հետ.
–Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմն անցած ամիս դիմում ներկայացրեց Խոշտանգումների հարցով ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի դրվագներ ու փաստեր: Կասկած չկա, որ մյուս հայ բանտարկյալները ևս խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում, ինչ մասին բազմիցս նշել է նաև փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ վկայակոչելով վերադարձած գերիների պատմությունները: Ստացվում է, որ առաջին անգամ է, որ ոչ թե վերադարձից հետո, այլ բանտում գտնվող անձի թիմն է դիմում ներկայացնում ու միջազգային հնչեղություն տալիս հարցին: Այս առումով՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս դիմումը:
-Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի կողմից Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը կենսական է, էական և կարող է ունենալ մի քանի նշանակալի ազդեցություն։ Դիմումն ունի իրավական, քաղաքական և մարդասիրական գործողությունները կատալիզացնելու ներուժ, ինչը կհանգեցնի ավելի խիստ միջազգային արձագանքի՝ պարոն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող մյուս հայերի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ։ Սա կարող է հիմք ծառայել մի քանի հնարավոր ուղղությունների համար:
Կարդացեք նաև
Նախ, հարցը ՄԱԿ-ի ուշադրությանը ներկայացնելով, դիմումը մեծացնում է միջազգային իրազեկությունը Բաքվում հայ բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին: Սա կարող է հանգեցնել Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշման ուժգնացմանը՝ կալանավորման պայմանները բարելավելու և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Երկրորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ներգրավվածությունը կարող է ապահովել, որ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ լինի անկախ և հեղինակավոր հաստատում։ Այս փաստաթղթավորումը շատ կարևոր է հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և իրավական ու փաստաբանական հետագա ջանքերի համար:
Երրորդ, թեև Ադրբեջանի անպատժելիության մակարդակը մնում է սարսափելիորեն չվերահսկվող, դիմումը կարող է ստիպել ՄԱԿ-ին անհապաղ կերպով պաշտպանական միջոցներ ձեռնարկել պարոն Վարդանյանի և մնացած հայ բանտարկյալների համար։ Սա կարող է ներառել հրատապ միջամտություններ՝ նրանց անվտանգությունն ու նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու նպատակով:
Ի վերջո, դիմումը կարող է խթանել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, իրավական մարմինների և քաղաքացիական հասարակության խմբերի աջակցությունը: Այս հավաքական պաշտպանությունը կարող է գործիք դառնալ հայ պատանդների ազատ արձակման համար:
Թեպետ այս ուղիներից և ոչ մեկը երաշխավորված չէ, սակայն դիմումն անհրաժեշտ և կենսական քայլ է, առանց որի այս նշված ուղղություններից ցանկացած մեկում առաջընթացի հնարավորությունը լճանում է կամ նույնիսկ՝ հետընթաց ապրում: Մենք պետք է անդադար հիշեցնենք աշխարհին, որ խոշտանգումները և գերության տեւողությունն այդ մարդկանց կյանքին սպառնացող պայմաններ են ստեղծել։ Եվ չի կարող հնարավոր լինել, որ կյանքը Հայաստանում կամ աշխարհասփյուռ հայերի շրջանում պարզապես շարունակվի բնականոն հունով, մինչդեռ մեր մարդիկ տառապում են անասելի կերպով, ճաղերի հետևում են ու ենթարկվում են խոշտանգումների մի պետության կողմից, որը բազմիցս դրսևորել է ոչ ավել, ոչ պակաս, քան հայ ժողովրդին ոչնչացնելու մտադրություն: Այս պայմաններում անտարբերությունն անթույլատրելի է, քանի որ հենց մենք պետք է լինենք մեր հայրենակիցների ձայնը, որոնք գտնվում են գերության մեջ և որոնց կյանքը թելից է կախված:
–Ունենք իրավիճակ, երբ 23 հայեր ապօրինի պահվում են Բաքվի բանտերում, ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների: Ըստ Ձեզ՝ այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ անելիք ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ–ները, և վերջապես ի՞նչ պետք է անի Սփյուռքը:
-Հայկական պետությունը պետք է անհապաղ, հետևողական և վճռական գործողություններ ձեռնարկի. անզիջում գործողություններ: Սա ներառում է ինտենսիվ դիվանագիտական բանակցություններում ներգրավվելը, միջազգային կառույցների ներգրավումը, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը և Եվրամիությունը, ինչպես նաև աննահանջ կերպով իրավական գործողություններ իրականացնելը միջազգային դատարաններում՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Սա նաև ներառում է քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջը՝ իբրև ցանկացած «խաղաղության» նախապայման։ Միաժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները և ՀԿ-ները պետք է փաստաթղթավորեն և զեկուցեն մարդու իրավունքների այս խախտումների մասին, հանդես գան ի պաշտպանություն կալանավորների ազատ արձակման ու տրամադրեն իրավական աջակցություն՝ միաժամանակ իրականացնելով իրազեկման գլոբալ արշավներ՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և քաղաքական ճնշումը:
Հայկական սփյուռքը նույնպես կարևոր դեր ունի այստեղ. այն պետք է կազմակերպի համայնքային մոբիլիզացիաներ, համագործակցի տեղի քաղաքական գործիչների հետ և միջոցներ հայթայթի իրավական ու փաստաբանական ջանքերին աջակցելու համար: Նման լուրջ և հիմնարար հարցում, այն է՝ գերության մեջ գտնվող հայերի անվտանգությունը, ապահովությունն ու արժանապատվությունը, պետությունը պետք է առաջնորդի ջանքերը՝ նրանց խոշտանգումներից ազատելու և անհապաղ վերադարձն ապահովելու համար: Սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրակարգի առաջնահերթ խնդիր և սրան պետք է անդադար կերպով հետամուտ լինել։ Եթե սա տեղի չունենա, ապա հակառակ պարագայում՝ սպառնալիք կդառնա ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող նշանավոր հայ գործիչների կյանքի համար, այլև կխաթարի հայ ժողովրդի անվտանգության և պաշտպանվածության զգացումը սեփական պետությունից, ինչն էլ իր հերթին կթուլացնի ու կվտանգի քաղաքացիների հավատը պետության դերի նկատմամբ։ Հայ պատանդներին պաշտպանելու և հայրենիք վերադարձնելու ձախողումը թուլացնում է հայկական պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և հենց սա է Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը, որն էլ նաև այս նպատակով է հայերին շարունակում պահել անօրինական կալանքի տակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: